Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԵՂԾԵԼ ՄԵԿ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 02,2007 00:00

«Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը վստահ է, որ ընդդիմադիր մի շարք կուսակցություններ պետք է համախմբվեն եւ ստեղծեն մեկ կուսակցություն, եթե ուզում են նախագահական ընտրություններում հաղթել։

– «Դաշինք» կուսակցությունը կունենա՞ նախագահի իր թեկնածուն, թե՞ նախագահական ընտրություններին կպաշտպանի ընդդիմադիր միասնական թեկնածուի, եթե այդպիսին լինի:

– Եթե «Դաշինք» կուսակցությունը պաշտոնապես առաջադրեր որեւէ թեկնածուի, ապա դա կլիներ կուսակցության նախագահը՝ Սամվել Բաբայանը, բայց, ինչպես գիտեք, մենք բազմիցս հայտարարել ենք, որ Սամվել Բաբայանը մտադրություն չունի դառնալ ՀՀ նախագահ, մտադրություն չուներ եւ չունի դառնալ ՀՀ վարչապետ: «Դաշինք» կուսակցության ստեղծմամբ Սամվել Բաբայանը ներկայացնում էր երկրի համար մի շարք կարեւորագույն մարտահրավերների լուծման եղանակներ եւ խնդիր էր դնում քաղաքական դաշտի սերնդափոխության: Քչերն են գուցե հավատում, բայց առաջիկա նախագահական ընտրություններում շատերը կհամոզվեն, որ Սամվել Բաբայանը իրոք անկեղծ էր իր քաղաքական հայտարարություններում, քանի որ անձամբ չի մասնակցի նախագահական ընտրություններին: Բնականաբար, դա չի նշանակում, որ կուսակցությունը չի պաշտպանի որեւէ թեկնածուի, թեեւ չեմ կարող որոշակի զարգացումների պարագայում բացառել նաեւ այդ տարբերակը: Մենք առայժմ հակված ենք որեւէ թեկնածուի, այնուամենայնիվ, պաշտպանել: Կոնկրետ ով կլինի այդ թեկնածուն, այս խնդիրը մեզ համար այժմ երկրորդական-երրորդական նշանակություն ունի, քանի որ, երբ կուսակցության քաղաքական խորհուրդը քննարկում է այս կամ այն թեկնածուին պաշտպանելու տարբերակները, նախ կարեւորում է՝ արդյոք այս կամ այն թեկնածուն իր ծրագրերով համահո՞ւնչ է «Դաշինք» կուսակցության ծրագրերին: Մենք մեր ընտրողներին պետք է ներկայացնենք թեկնածուի առավելությունները եւ ոչ թե գեղեցիկ արտաքինը կամ, առավել եւս, ընդդիմադիր կեցվածքը: Եվ քանի դեռ թեկնածուներից որեւէ մեկը լրջագույն քննարկումներ չի ծավալել ծրագրային ընդհանրությունների վերաբերյալ, մեր կուսակցությունն էլ իր հերթին առայժմ պատրաստ չէ պաշտպանել որեւէ թեկնածություն: Այդ հարցը կլուծի կուսակցության համագումարը, որը կկայանա նախագահական ընտրություններին հնարավորինս մոտ ժամկետում:

– Իշխանական ճամբարում կարծես ամեն ինչ հստակ է, եւ իշխանության նախագահի թեկնածուն Սերժ Սարգսյանն է, սակայն վերջին շրջանում որոշ տեղեկություններ են տարածվում, որ իբր հակասություններ կան Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետի միջեւ. դուք իրենց միջեւ առճակատումը հնարավոր համարո՞ւմ եք, թե՞ ուղղակի ձեւեր են թափվում:

– Ըստ էության, այդ ձեւերը ավելի շատ թափում են ընդդիմադիր ուժերը, որոնք երազում են տեսնել, որ այս երկու գործիչները միմյանց հետ հակասություններ կամ խնդիրներ ունենան: Այս կամ այն թերթում գրում են, որ կան հակասություններ, հաջորդ օրը գրում են՝ լավ, էլի, թող լինեն այդ հակասությունները, հետո էլ՝ վայ, բա ինչո՞ւ չկան այդ հակասությունները: Մի խոսքով, դրանք դատարկ խոսակցություններ են, որեւէ լուրջ հիմք չկա: Թե ինչպիսի հեռանկար ունի Ռոբերտ Քոչարյանը, ինքը կորոշի, եւ ում կպաշտպանի իշխանական թեւը՝ կգնա մե՞կ թեկնածո՞ւվ, թե՞ Դաշնակցությունը առաջ կքաշի իր թեկնածուին, սա էլ արդեն իրենց խնդիրն է: Եվ պետք չէ, որ ընդդիմությունը իր գործերը պայմանավորի՝ ելնելով իշխանության քայլերից: Լավ կլիներ, որ ընդդիմությունը մտածեր այն մասին, թե ինչ անի, որ իրոք տեղի ունենա համախմբում: Երբ ստեղծվում էր մեր կուսակցությունը, մենք հայտարարում էինք, որ եկել ենք ոչ թե դաշտը պառակտելու, այլ՝ համախմբելու: Կարծում եմ, այժմ ճիշտ ժամանակն է, եւ կան որոշակի հնարավորություններ՝ նախապայմաններ ստեղծելու եւ տարբեր քաղաքական ուժերին միավորելու ոչ թե դաշինքային ձեւերով, այլ միաձուլելու եւ մեկ հզոր ընդդիմադիր ամբողջական ճակատ ստեղծելու: Հասկանում եմ, որ դրա համար անհրաժեշտ կլինեն կանոնադրական լուրջ փոփոխություններ, որ հնարավոր լինի արեւմտյան մոդելի կուսակցություններին մոտ մեկ կուսակցություն ստեղծել, բայց կարծում եմ, ընդդիմությունը հենց այս ճանապարհով պետք է ընթանա:

– Սակայն այդ դեպքում որտե՞ղ եք առաջարկում թաքցնել մեր ընդդիմադիր լիդերների անձնական ամբիցիաները, չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը ուզում է լինել նախագահ, թագավոր, գեներալ: Եվ ի վերջո, հիմա յուրաքանչյուրն իր կուսակցության գլուխն է, այդ դեպքում գլուխը մեկն է լինելու:

– Խորհրդարանական ընտրություններից հետո ձեր թերթին տված հարցազրույցում ասել եմ, որ ընդդիմությունը պարտվեց ոչ միայն խորհրդարանական ընտրությունները, այլեւ նախագահականը, որովհետեւ մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը արդեն որոշ գործիչներ հայտարարություններ արեցին իրենց նախագահական հավակնությունների մասին: Իսկ դա ուղիղ ճանապարհ է դեպի պարտություն: Պետք է թողնել, որ գոնե այն ընդդիմադիր ուժերը, որոնց մեջ մնացել է կառուցողական ինչ-որ հատիկ, քաղաքականությամբ զբաղվելու պրոֆեսիոնալ հատկություններ, գոնե նրանց հարկավոր է համախմբել եւ ձեւավորել լրջագույն մեկ կուսակցություն, գոնե փորձ կատարել: Ես չեմ ասում, որ դա միանգամից կստացվի, բայց հարկավոր է քաղաքական մշակույթ ձեւավորել:

– Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների կապակցությամբ ձեր կուսակցությունը տարածել էր հայտարարություն, հիմա, երբ ավարտված են այդ ընտրությունները, ի՞նչ կարծիքի եք հաղթած թեկնածուի մասին, արդյոք նա կդառնա՞ Արցախի հիմնահարցի լուծման փաստաթղթի ստորագրողը:

– Տարբեր խոսակցություններ եղան, որ մենք պաշտպանում ենք այս կամ այն թեկնածուին. դա ուներ նաեւ իր որոշակի պատճառները, ինֆորմացիան գալիս էր հենց Արցախից: Սամվել Բաբայանը բավականին ազդեցություն ունի Արցախում, եւ այս կամ այն թեկնածուն իր շրջապատում հայտարարում էր, թե «Դաշինքը» իրեն է պաշտպանում՝ դրանով փորձելով իր շուրջը որոշակի ընտրազանգված հավաքել: Եվ մենք հայտարարություն տարածեցինք, որ «Դաշինքը» որեւէ թեկնածուի չի պաշտպանում: Սամվել Բաբայանը միշտ ունեցել է հստակ դիրքորոշում, ըստ որի՝ այն արցախցիները, ովքեր կհատեն Լաչինի սահմանը եւ կհայտնվեն Հայաստանում, այլեւս իրավունք չունեն խառնվել Արցախի ներքին գործերին, եւ դա վերաբերում է նաեւ հենց իրեն: Ինչ վերաբերում է ընտրված նախագահին, մենք շնորհավորում ենք նրան, իսկ թե ինչքանով Բակո Սահակյանը կաջակցի Արցախի խնդրի կարգավորմանը՝ ցույց կտա ժամանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել