Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՆԴԻՐԸ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ Է

Օգոստոս 02,2007 00:00

\"\"Ասում է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը՝ չբացառելով, թե «Ազատություն» ռ/կ-ին առնչվող օրինագծերը դարձյալ կներկայացվեն ԱԺ:

Այն բանից հետո, երբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն արդեն իսկ հրաժարվել է պայմանագիր կնքել «Ազատություն» ռ/կ-ի հետ՝ թերեւս վերացե՞լ է անհրաժեշտությունը, որ կառավարությունը դարձյալ խորհրդարանին ներկայացնի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերը: ԱԺ արտահերթ նստաշրջանում այդ օրենսդրական փաթեթի զեկուցող, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հուլիսի 31-ին մեր վերոհիշյալ հարցադրմանն ի պատասխան ասաց. «Անկեղծ ասած, առաջին անգամ ձեզնից եմ լսում, որ այդ հարցն արդեն հստակ լուծում է ստացել: Կարծեմ դեռ բանակցություններ են շարունակվում… Ինչեւէ, ես տեղյակ չեմ: Միայն գիտեմ, որ պայմանագրի կնքման շուրջ կային տարաձայնություններ: Եվ չեմ կարող վստահաբար ասել, որ դրանք արդեն լուծում ստացել են: Բայց տվյալ օրենսդրական նախաձեռնության շարժառիթը ոչ թե այն է, թե ինչպիսի դիրքորոշում կունենա խորհուրդը, այսինքն՝ կհամաձայնի կամ չի համաձայնի, այսօր պայմանագիր չի կնքում, վաղը կարող է կնքել: Խնդիրն առավել սկզբունքային է: Եվ ես բազմիցս ասել եմ, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը պարզապես չի կարող իր հաճախականությունը տրամադրել մեկ այլ ռադիոընկերության՝ արտասահմանյան, օտարերկրյա ռադիոընկերության: Սա՛ էր խնդիրը»:

Դարձյալ հետաքրքրվեցինք, թե քանի որ պնդում է, որ սա սկզբունքային հարց է՝ նշանակում է, կառավարությունն այս օրինագծերը կրկի՞ն կներկայացնի խորհրդարանին: Հարցին ի պատասխան՝ արդարադատության նախարարն ասաց. «Բազմիցս այդ հարցն արծարծվեց, թե ո՛ւմ նախաձեռնությունն է, ո՛վ է ներկայացնում… Գիտեք ինչ, կառավարությունը կոլեգիալ մարմին է: Բնականաբար, ես արդեն ներկայացրել եմ նախագիծը, եւ կառավարության հավանությանն արժանացել է: Հիմա արդեն կորոշի դարձյալ նույն կոլեգիալ մարմինը՝ կառավարությունը: Եթե այնուամենայնիվ կգտնեն, որ մեկ անգամ եւս պետք է այս նախագիծը, թեկուզ՝ բարելավված վիճակում, քննարկման առարկա դառնա, բնականաբար, ես այն կներկայացնեմ, քանի որ ինքս համամիտ եմ եղել այս դիրքորոշմանը: Եթե ոչ՝ ո՛չ. սա կլինի կոլեգիալ որոշում»: Միջանկյալ հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը միանշանակ բացառել էր, թե այդ օրինագծերը կրկին կներկայացվեն:

Արդարադատության նախարարի պաշտոնում Գեւորգ Դանիելյանի նախորդը՝ այժմ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն արտահերթ նստաշրջանի ընթացքում մատնանշեց «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող լրացման (60 հազար դրամ՝ յուրաքանչյուր թողարկման համար) բացը. «Պետական տուրքը պետական որոշակի մենաշնորհային գործողությունների կատարման համար է գանձվում, ինչպես նաեւ գանձվում է այն դեպքերում, երբ օգտագործվում է պետական ռեսուրս։ Առաջարկվող նախագծում առաջարկվում է պետական տուրք գանձել նաեւ այն դեպքերում, երբ մասնավոր ընկերությունը, հեռարձակողը հնարավորություն է ընձեռում իր եթերով հեռարձակվելու մեկ այլ կազմակերպության, մասնավորապես՝ օտարերկրյա ԶԼՄ-ի։ Այստեղ պետությունն ի՞նչ իրավասությամբ է միջամտում երկու մասնավոր սուբյեկտների հարաբերություններին»։ Փորձեցինք պարզել՝ արդյոք ընդունվե՞լ է այս քննադատությունը, եւ դարձյալ ԱԺ ներկայացվելու դեպքում՝ այլեւս չե՞ն պնդի «Պետական տուրքի մասին» օրենքում այդ լրացումը: «Դա քննադատություն չէր՝ ընդամենը հարց էր,- ասաց պրն Դանիելյանը:- Եվ հարցի պատասխանը շատ հստակ է հնչեցվել: Ես ասացի, որ պետական տուրք սահմանելը չի կարող համարվել պետության մենաշնորհ: Ընդհանրապես, պետության գործառույթները պետության մենաշնորհը չեն: Սա ձեռնարկատիրության ոլորտ չէ, որ մենք ասենք՝ սա պետական մենաշնորհ է կամ ոչ: Եթե անգամ սա դիտում են որպես պետական մենաշնորհ՝ ընդունենք, տերմինոլոգիան ոչ համարժեք է կիրառվում, իմաստային առումով՝ դարձյալ սխալ է: Ես ԱԺ-ում հղում արեցի Սահմանադրության 106 հոդվածի վրա, ըստ որի՝ տուրքեր սահմանում են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները: Սա հարցի մի կողմն է: Հիմա երկրորդ կողմը՝ կարելի՞ է պետական տուրք սահմանել այն դեպքում, երբ գործ ունենք ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող 2 սուբյեկտների միջեւ կնքվող գործարքի հետ: Բնականաբար, ո՛չ: Եվ դրա մասին չէր խոսքը: Խնդիրը պարզապես այն է, որ պետությունն այստեղ ունի որոշակի ծառայությունների մատուցման խնդիր: Այսինքն՝ եթե պետությունը լիցենզիա է տալիս որեւէ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մարմնի՝ որոշակի պայմաններով, այդ պայմանների դիմաց ինքը ստանում է պետական տուրք: Իսկ տվյալ դեպքում, եթե լիցենզիա ստացած հեռուստառադիոընկերությունն իրեն տրված հաճախականությունը զիջում է մեկ այլ՝ արդեն օտարերկրյա ռադիոընկերության՝ սա լրացուցիչ պայման է, որ սահմանում է պետությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել