Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ

Օգոստոս 01,2007 00:00

\"\"«Հայ հեղինակ» հ/կ-ի նախագահը վստահեցնում է, որ որեւէ հ/կ միայնակ չի կարող հաղթել «պիրատությանը»:

«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը «Հայ հեղինակ»՝ հեղինակների իրավունքների պաշտպանության հ/կ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանն էր, թեման՝ հեղինակային իրավունքները: Այս առումով, ըստ նրա, Հայաստանում վիճակը լուրջ է. «Ամենուրեք օգտագործվում է հեղինակի ստեղծած գործը, կատարողի արտադրած ձայներիզը: Դրանք ինտերնետով տարածվելով՝ դառնում են մեկ ուրիշի համար շահույթ ստանալու միջոց»: Ս. Ներսիսյանը գտնում է, թե հեղինակային իրավունքի առումով օրենսդրական դաշտը պետք է այնքան ճկուն լինի, որ նպաստավոր պայմաններ ստեղծվեն ստեղծագործողների համար ու կանխվեն բացասական երեւույթները:

«Օրենքը ստեղծագործությունը օգտագործելու համար տալիս է բացառիկ իրավունք՝ թույլատրել կամ արգելել: Պիտի հեղինակը թույլատրի, որ իր ստեղծագործությունը թատրոնը, եթերը, ռեստորանը օգտագործեն: Մինչդեռ այսօր բոլորը խախտում են օրենքը»,- փաստեց նա: Նաեւ հավելեց, որ շատ արվեստագետներ ու կազմակերպություններ համագործակցում են «Հայ հեղինակ» հ/կ-ի հետ: Վերջինս էլ փորձում է իր ուժերի ներածին չափով կարգավորել դաշտը: «Հայ հեղինակը» լիազորված է հեղինակի կողմից ունենալ թույլտվություն եւ դրա հիման վրա պայմանագիր կնքել, օրինակ, թատրոնների հետ: Մենք աշխատում ենք նաեւ TV-ների հետ: Դատական պրոցեսներ սկսելով՝ փորձել ենք բացատրել, որ պարտավորություններ ունեն իրենց ցուցադրած ֆիլմերի իրավատերերի կամ հեղինակների նկատմամբ»,- ասաց հ/կ-ի տնօրենը: Նրա փոխանցմամբ, եթե, օրինակ, օգտագործվում է երաժշտությունը, ապա պարտավորություն է առաջանում նախեւառաջ ստանալ հեղինակի թույլտվությունը, ապա վճարել կոմպոզիտորին ու տեքստի հեղինակին: Ս. Ներսիսյանն ասաց, որ հեղինակային իրավունքի օգտագործման բոլոր ձեւերի համար օրենքը նախատեսել է համագործակցել գրավոր պայմանագրային սկզբունքով, ինչը ոչ միշտ է արվում: Նրա ձեւակերպմամբ. «Հայաստանը երբեք չի զարգանա, եթե նպաստավոր պայմաններ չլինեն հեղինակների համար: Հսկայական չափերի հասնող «պիրատությունը» խանգարում է նաեւ արվեստի զարգացմանը… Եթե 90 %-ը «պիրատություն» է, ուրեմն չեն վճարվում հարկերը, անտեսված են կոմպոզիտորները, երգերի տեքստերի, ֆիլմերիի հեղինակները, իրավատերերը: Արտասահմանյան կազմակերպությունների վերլուծությունների համաձայն, եթե որեւէ երկրում պաշտպանված չէ հեղինակային իրավունքը, ապա այն տնտեսապես թույլ պետություն է»: Իրավիճակը կարգավորելու համար «Հայ հեղինակ» հ/կ-ի տնօրենը կոչ է անում, որ նախ իրավապահ մարմինները լավ աշխատեն. «Պիրատությունը» հանցագործություն է, իսկ հասարակական կազմակերպությունը իրավասու չէ բռնագանձել կամ ջարդել ձայներիզները, մինչդեռ իրավապահ մարմինները ի զորու են դա անել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել