Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց մեղքը չեն ընդունում

Օգոստոս 01,2007 00:00

Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվել է Արմեն Արամունու, Իշխան Գրիգորյանի եւ Իգոր Իսոյանի դեմ հարուցված քրգործի դատաքննությունը: Տեղի է ունեցել 4 դատական նիստ:

Արմեն Արամունին, որը ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի փեսան է եւ աշխատել է Շենգավիթ համայնքի հարկային տեսչության գանձումների բաժնում՝ որպես տեսուչ, մեղադրվում է «ափիոն» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու եւ «առանց բժշկի թույլտվության գործածելու» մեջ: Ըստ նախաքննական մարմնի, նա այդ թմրամիջոցը ձեռք էր բերել ազգությամբ պարսիկ ոմն Ջալալից, 600 դոլարով:

Մեղադրանքը պաշտպանող մարմինը՝ դատախազությունը, պարզել է, որ Արամունին թմրամիջոցը կամ ներարկել է, կամ կուլ տվել: Ըստ գործի նյութերի, ափիոնի մի մասն էլ՝ 5 գրամը, 250 դոլարով վաճառել է Հ/Ա թաղամասի բնակիչ, 5 անչափահաս երեխաների հորը՝ Իշխան Գրիգորյանին: Վերջինս գեներալի փեսայի հետ ծանոթացել էր մի խնջույքի ժամանակ: Մեղադրական եզրակացության համաձայն, Գրիգորյանն ընդհանուր առմամբ 220 գրամ ափիոնը գործածել է 44 անգամ, մի բան, որը դատարանում վիճարկում է նրա պաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: Պաշտպանը, որը 2007-ի մայիսից է ստանձնել անցյալ տարվա գարնանը ձերբակալված Գրիգորյանի պաշտպանությունը, դատաքննության ժամանակ պահանջել է նշանակել համալիր փորձաքննություն, որով կպարզվեր, թե Իշխանի օրգանիզմն ընդունա՞կ էր այդքան թմրամիջոց օգտագործել որոշակի ժամանակահատվածում:

«Նախաքննական մարմինը արձանագրել էր, թե իմ պաշտպանյալը՝ Իշխան Գրիգորյանը, 2006թ. օգտագործել է վերոնշյալ 220 գրամ ափիոնը: Այն իբր ձեռք է բերել 11 հազար դոլար արժողությամբ: Իմ պաշտպանյալի խնամքի տակ են 5 անչափահաս, սովահար երեխաներն ու 70-ն անց ծնողները: Իրականում նա չուներ ֆինանսական հնարավորություններ թմրամիջոց ձեռք բերելու համար, քանի որ չէր աշխատում»,- ասում է պաշտպանը: Վերջինս «Առավոտի» ուշադրությունը հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ Ի. Գրիգորյանի անձնական եւ բնակարանի խուզարկության ժամանակ որեւէ տեսակի թմրամիջոց չի հայտնաբերվել: Ավելին, ըստ դատաքիմիական փորձաքննության պաշտոնական եզրակացության, Ի. Գրիգորյանից վերցված մեզի փորձանմուշում կանաբիսի եւ ափիոնի հետքեր չեն հայտնաբերվել:

Արմեն Արամունին եւ Իշխան Գրիգորյանը իրենց մեղքը չեն ընդունել: Երրորդ մեղադրյալը՝ Իգոր Իսոյանը, մեղադրվում է ափիոնի ձեռքբերման եւ օգտագործման մեջ: Ըստ գործի նյութերի, թմրամիջոցի յուրաքանչյուր գրամը նա 20.000 դրամով ձեռք է բերել Արամունուց, ապա՝ «1-ական գրամով 20 անգամ ներարկվել»: Փաստաբան Ռ. Մարտիրոսյանը վկայակոչում է «Քրօրի մեկնաբանությունները» (հրատարակվել է 2000թ., Մոսկվայում), որտեղ գրված է. «Եթե չկա հանցանքի առարկան, ռեալ թմրամիջոցը կամ հոգեներգործուն միջոցները ձեռք բերողի մոտ՝ որոշակի ձեւով, ծավալով, քաշով, ապա հանցակազմ չկա»:

Ափիոնը հայտնաբերվել էր Ա. Արամունու մոտ՝ «Mersedes-C» մակնիշի ավտոմեքենայում, որի վրա փակցված է եղել կեղծ՝ 01ՏԼ777 պետհամարանիշ, ճամփորդական պայուսակում, կոնֆետի թղթով փաթեթավորված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել