Լրահոս
Օրվա լրահոսը

«Ետ տվեք մեր հողը»

Օգոստոս 01,2007 00:00

\"\"Սոցիալապես անապահով Դավթյանների սեփական հողատարածքը հարեւանները մեջ-մեջ են արել

Դավթյանների ընտանիքին պատկանող 800 քմ հողակտորից մի քանի տարի հետո կեսն էլ չի մնա: Արդեն քանի տարի է՝ նրանք հարեւանների եւ չինովնիկների հետ վիճաբանության մեջ են՝ փորձելով իրենց հողատարածքը պահպանել մերթ հարեւանների զավթումներից, մերթ՝ պետության: Համառ պայքարից հետո անգամ Դավթյանների հողակտորից այսօր մնացել է ընդամենը 624 քմ:

Նորագավիթ 12, 1-ին փակուղու 2-րդ տան բնակիչ Թորգոմ Դավթյանի պատմելով, նախորդ տարի դիմել է Կադաստրի Շենգավիթի տարածքային բաժին՝ հողակտորն ու տունը սեփականաշնորհելու համար, սակայն նրան մերժել են՝ պատասխանելով, որ փաստաթղթերում առկա է անհամապատասխանություն. «Բոլոր փաստաթղթերն ու հատակագիծը ներկայացրել եմ կադաստր, որտեղ իմ հողատարածքի հատակագծում նշված է, որ ես ունեմ 800 քմ: Կադաստրից ինձ ասացին, որ չափագրումներից պարզվել է՝ թե հողի կոնֆիգուրացիան խախտվել է եւ ես իբր թե ինքնակամ զբաղեցնում եմ 207 քմ հող եւ 184.9 քմ ինքնակամ կառուցած շինություն: 1959-ից այս հողն իմն է ու ես 50 տարի է այստեղ եմ ապրում, մեկ էլ ինչ-որ չինովնիկներ որոշեցին, որ ես ինքնակա՞մ եմ այստեղ ապրում»:

Թ. Դավթյանի ներկայացմամբ, հարեւանն իր բակը մեծացնելու համար իրենց հողակտորից զավթումներ է արել, երբ իրենք Հայաստանից բացակայել են: Հողակտորից որոշ մաս էլ պետությունն է վերցրել՝ որպես ընդհանուր ճանապարհ օգտագործելու համար: Կադաստրի մերժումից հետո Թ. Դավթյանի դուստրը՝ Աստղիկ Դավթյանը, հողատարածքի սահմանները հաստատող փաստաթղթերով նորից դիմել է կադաստր՝ ապացուցելու, որ ոչ թե իրենք են ուրիշի հողն ինքնակամ զբաղեցրել, այլ՝ իրենց հողակտորից են զավթումներ արել. «Չկարողացան զավթման որեւէ փաստ ներկայացնել: Կադաստրի պետի տեղակալը թղթերը նայում էր ու ասում, որ մեր կողմից ոչ մի զավթում չկա: Հետո մի քանի անգամ պետական մարմիններից եկան չափումներ արեցին, ամեն մեկն իրենց ուզած թիվը ներկայացրեց: Չորս անգամ չափում են արել գեոդեզիայից, Շենգավիթի կադաստրից, Կենտրոնական կադաստրից, ոչ մեկի տվյալներն իրար չեն համընկնում: Գալիս են չափում, նայում մեր հատակագիծը՝ տեսնում, որ մեզ օրինական պատկանող հողատարածքը հարեւաններն են զավթել, ոչինչ չեն ձեռնարկում, իսկ մեզ էլ ոչ մի կոնկրետ պատասխան չեն տալիս, թե ինչ անենք: Միայն ասում են՝ էս թղթի համար էսքան վճարեք, էն թղթի համար էնքան վճարեք: Մենք միշտ օրինապաշտ ենք եղել, երբեք օրենքից դուրս բան չենք արել, բայց ոչ մի անգամ մեր իրավունքներից չենք կարողացել օգտվել, իսկ նրանք, ովքեր կաշառք են տալիս՝ իրենց գործերը լավ դասավորում են»:

Ա. Դավթյանի խոսքերով. «Ծնողներս հաշմանդամ են ու իմ խնամակալության տակ: Հիմա էլ ամբողջ օրը դատական գործընթացների մեջ եմ: Ներկայումս դատական վարույթը կասեցված է, նորից ինչ-որ չափումներ ու փաստաթղթեր են ուզում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել