Լրահոս
Օրվա լրահոսը

«ՖԻԼԻՊ ՄՈՐԻՍԻ» ՍԻԳԱՐԵՏՆԵՐԸ ՆԱԵՎ «ՀԱՄԵՂ» ԵՆ

Օգոստոս 01,2007 00:00

\"\"Այդուհանդերձ, ընկերությունը զգուշացնում է, որ անվտանգ ծխախոտ չկա՝ անկախ նրանից, այն թույլ է, թե ուլտրաթույլ \"\"

«Ֆիլիպ Մորիս» ընկերության հրավերով հուլիսի 25-27-ը Ուկրաինայի Խարկով քաղաք այցելած հայ լրագրողներս հնարավորություն ունեցանք ծանոթանալ այս ընկերության՝ Խարկովում բացված ծխախոտի նորակառույց ֆաբրիկայի գործունեությանը: Հենց այս գործարանի արտադրանքն է ներմուծվում Հայաստան: Բավականին հագեցած ծրագրի շրջանակներում «Ֆիլիպ Մորիս մենեջմենթ սերվիզ բ.վ.» հայաստանյան ներկայացուցչության կորպորատիվ գծով ղեկավար Ահարոն Թադեւոսյանի ուղեկցությամբ այցելեցինք խարկովյան «Ֆիլիպ Մորիս Ուկրանիա» գործարան, մասնակցեցինք ծխախոտային արտադրանքի թեմաներին նվիրված շնորհանդեսներին, եղանք Խարկովի ստանդարտացման եւ չափագրման պետական ինստիտուտում, էքսկուրսավար Լարիսա Իվանովնայի հետ շրջեցինք Խարկով քաղաքում:

Նորակառույց գործարանը գտնվում է Խարկովի հարավում՝ Կոմունիստ գյուղում: Ընդհանուր առմամբ այն զբաղեցնում է 31 հեկտար տարածք: Այժմ ֆաբրիկայում աշխատում է ավելի քան 1300 մարդ: Խարկովի հին գործարանը գտնվում է քաղաքի կենտրոնում, սակայն այն այլեւս չի գործում:

Գործարանում մեզ հնարավորություն ընձեռվեց հետեւել սիգարետի արտադրության բոլոր փուլերին: Չնայած խարկովյան գործարանը փայլում էր մաքրությամբ, իսկ օդափոխությունը կատարվում էր բարձրորակ սարքերի միջոցով, այնուամենայնիվ, որոշ արտադրամասերում թութունի ծանր հոտը հեղձուկ էր առաջացնում: Գործարանի պատասխանատուների ներկայացմամբ, ֆաբրիկան աշխատում է գերժամանակակից տեխնիկայով, որն էլ ապահովում է ծխախոտի բարձրորակությունը: Ծխախոտի բարձր որակ ապահովելու համար «Ֆիլիպ Մորիսը» արտադրությունը սկսում է հենց թութունի մշակումից, հատուկ տեխնոլոգիաներով դրա չորացումից, որից հետո միայն ստեղծվում է սիգարետը: Ֆաբրիկայի արտադրամասերից մեկում թութունի հոտի փոխարեն վանիլինի, շոկոլադի եւ կոնյակի բույր էր տարածվել: Ինչպես պարզեցինք, սա այն արտադրամասն էր, որտեղ սիգարետի հումքին, թութունից բացի, խառնում են որոշակի քանակությամբ տարբեր բույր ունեցող օշարակներ՝ կախված սիգարետի տեսակից: Ծխախոտի հումքը բերվում է աշխարհի բոլոր երկրներից: Եղանք նաեւ գործարանի այն սրահներում, որտեղ Հայաստան եկող ծխախոտը տեղավորվում էր հայկական ակցիզային դրոշմանիշներով տուփերի մեջ: Մեր երկիր առաքվող ծխախոտի այս նոր խմբաքանակի վրա առողջությանը հասցվող ծխելու վնասի մասին մակնշումն արդեն զբաղեցնում է տուփի 30 %-ը, ինչպես պահանջում է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ նոր օրենքը: Ֆաբրիկայի պատասխանատուները վստահեցրին, որ արտադրության բոլոր փուլերում արտադրանքը 15 րոպեն մեկ լաբորատոր փորձարկման է ենթարվում: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց գործարանի տնօրեն Օլաֆ Կոլդիցը, 10 տարիների ընթացքում ընկերության Խարկովի գործարանն իր արտադրության ծավալները 20 անգամ ավելացրել է: Այս նոր ֆաբրիկան մեկ րոպեում արտադրում է 10 հազար հատ սիգարետ: «Առավոտի» այն հարցին, թե գերժամանակակից սարքավորումների ներդրման հետեւանքով, այսքան տարիների ընթացքում որքան աշխատակիցներ են կրճատվել, պարոն Կոլդիցը պատասխանեց՝ զրո: Ըստ նրա, ճիշտ է՝ սարքավորումները հնարավորինս նվազագույնի են հասցնում մարդու գործոնը, սակայն արտադրության ծավալների մեծացման հետեւանքով ֆաբրիկան անգամ նոր աշխատակիցներ է ընդունել:

Գործարանի չմեքենայացված հատվածում աշխատում է 63 հաշմանդամ:

«Ֆիլիպ Մորիսը» հոգացել է նաեւ աշխատակիցների հանգստի մասին: Ընդմիջմանը աշխատակիցները ճաշարանում սնվելուց բացի, կարող են օգտվել գրադարանից, ինտերնետից:

Ուկրաինական ծխախոտի շուկայում «Ֆիլիպ Մորիսը» առաջատար է եւ զբաղեցնում է շուկայի 33 % բաժնեմասը: Գործարանը Ուկրաինայի խոշոր հարկատուների ցուցակում է եւ նախորդ տարի այդ երկրի բյուջե է վճարել 336 միլիոն դոլարի հարկ:

Արդեն քանի տարի է՝ ընկերությունը նախաձեռնում է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված անչափահասների ծխելու դեմ պայքարին: «Ֆիլիպ Մորիսն» առանց թաքցնելու զգուշացնում է, որ «անվտանգ սիգարետ չկա, անկախ նրանից՝ ծխախոտը թույլ է, թե ուլտրաթույլ. բոլորն էլ հավասարապես վնասակար են առողջությանը»:

Խարկովի ստանդարտացման եւ չափագրման ինստիտուտի լաբորատորիայում էլ լրագրողներս ականատես եղանք, թե ուկրաինական շուկայի ծխախոտները գերմանական սարքավորման միջոցով ինչպես են լաբորատոր փորձաքննության ենթարկվում: Սարքը 10 րոպեի ընթացքում 20 հատիկ սիգարետ «ծխեց»: Ծխախոտից առաջացած նստվածքը խառնելով հատուկ նյութերի հետ, լաբորատորիայի աշխատակիցը պարզեց, թե որքան է 1 սիգարետի մեջ խեժի եւ նիկոտինի պարունակությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել