Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞

Օգոստոս 01,2007 00:00

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում մի շարք հանդիպումների է մեկնել մարզեր, մասնավորապես՝ Վանաձոր ու Գյումրի:

Այս տեղեկությունը հրապարակելով՝ «Ժամանակ-Երեւան» օրաթերթը մանրամասնել էր. «Նրա հանդիպումների կազմակերպիչն ու մասնակիցը հիմնականում ՀՀՇ-ին հավատարիմ մնացած անձինք են, որոնք խիստ դժգոհ են այսօրվա ռեժիմից եւ առաջին նախագահի հետ կապված բացառապես նոստալգիկ հուշեր ունեն: Հանդիպումները, որոնք կազմակերպվում են ավանդական հայկական առատ սեղանի շուրջ, չնայած ուտել-խմելու նկատմամբ սեր չունեցող 60-ն անց Լեւոն Տեր-Պետրոսյանի համար խիստ հոգնեցուցիչ են, բայց նա հերոսաբար դիմանում է դրանց եւ համակ ուշադրություն դարձած լսում է բոլոր ներկաների խոսքը: Իսկ 7-8 ժամ տեւող հանդիպումները ավելի շատ վերածվում են «Լեւոն, դու պարտավոր ես…» բնույթի «նակազների»: Այս հանդիպումները խոսում են այն մասին, որ Տեր-Պետրոսյանը ուզում է լսել ժողովրդի կարծիքը եւ թերեւս հակված է, որ ժողովուրդը համոզի իրեն դուրս գալ «քարանձավից» եւ առաջադրվել»:

«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս տեղեկությունը՝ ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանն ասաց. «Ճշմարտություն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է ե՛ւ Վանաձոր, ե՛ւ Գյումրի (քիչ անց հավելեց, որ առաջին նախագահն այցելել է նաեւ Արագածոտնի մարզ՝ Ապարան.- Ա. Ի.): Բայց այս այցերը որեւէ կապ չունեն իր առաջադրման կամ չառաջադրման հետ: Եվ այդ հանդիպումներին ոչ միայն ՀՀՇ-ն է մասնակցում, այլեւ բոլոր այն մարդիկ, ովքեր Շարժման տարիներին այդ քաղաքներում ակտիվ են եղել: Եվ չէի էլ ասի, թե ինչ-որ առատ սեղաններ են, կամ հանդիպումները տեւում են 7-8 ժամ: Ավելի շատ՝ ուղղակի շփումներ են»:

Հարցին՝ առաջիկայում շարունակվելո՞ւ են այս հանդիպումները՝ ՀՀՇ փոխնախագահը պատասխանեց. «Դա արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշելիքն է: Մենք սովորաբար չենք ծրագրում հանդիպումները: Եվ այդ հանդիպումներից ոչ մեկն էլ ծրագրված չի եղել: Ուղղակի երբ հարմար է լինում, ցանկություն է լինում՝ գնում ենք: Որեւէ բանի պատրաստվելու խնդիր չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել