Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի քավության նոխազ

Օգոստոս 01,2007 00:00

Հազարավոր կեղծարարներից պատժվելու են տասնվեցը

Հայաստանի ընդդիմադիր գործիչները դեռ 2003-ի ընտրություններից ի վեր պնդում էին, որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում, եւ իբրեւ օրինակ բերվում են 2003-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում կեղծիքներ եւ ապօրինություններ կատարածներից ոչ մեկին չպատժելը, պատասխանատվության չենթարկելը եւ այլն: 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո գործող իշխանությունները կարծես ավելի խելոք են վարվում եւ թեկուզ ձեւի համար, բայց ընտրություններից անմիջապես հետո սկսել են որոշ ընտրական հանձնաժողովների անդամների եւ նախագահների հանդեպ կիրառել օրենքը, այսինքն՝ պատժել կեղծարարներին եւ ապօրինություններ կատարածներին: Իհարկե, իշխանության հիմնական հաղթաթուղթը կամ տրամաբանությունն այն է, որ կատարված կեղծիքները էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա: Հետեւաբար այսօր կարելի է մի քանի քավության նոխազներ գտնել, հրապարակավ պատժել եւ ներսի ու դրսի դիտորդների համար դրոշակի պես թափահարել:

Սա իրոք լուրջ նախապատրաստություն է նախագահական ընտրությունների համար: Ակնհայտ է, որ այս անգամ իշխանական վերնախավը ձգտելու է ունենալ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում լեգիտիմ, մաքուր ընտրված նախագահ, քանի որ ոչ ներսում եւ, առավել եւս, ոչ էլ դրսում ոչ լեգիտիմ նախագահն այլեւս չի ընդունվելու, եւ այս անգամ անսահմանափակ կեղծիքները չեն ներվելու: Եվ դրա համար արդեն իսկ որոշակի հող է նախապատրաստվում՝ նախորդ ընտրությունների մի քանի կեղծարարների պատժելով:

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը երեկ տարածել է մի հաղորդագրություն, որով տեղեկացնում է, որ 2007թ. մայիսի 12-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում արձանագրված քրեորեն հետապնդելի խախտումների առթիվ հարուցված քրեական գործերից դատարան է ուղարկվել 8 գործ՝ 17 անձի վերաբերյալ: Դատարան ուղարկված քրեական գործերից 7-ով 16 անձի վերաբերյալ հիմնավորված են համարվել նախաքննական մարմնի ներկայացրած մեղադրանքները եւ կայացվել են մեղադրական դատավճիռներ, որոնցից 4 քրեական գործով հանցավոր է ճանաչվել տեղամասային ընտրական հանձնաժողովի 12 անդամ: Հանձնաժողովի անդամներից 11-ը, որոնցից 3-ը՝ ՏԸՀ նախագահ, հանցավոր են ճանաչվել քվեարկության արդյունքները կեղծելու, 1-ը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելու համար: 2 քրեական գործով 3 անձ հանցավոր են ճանաչվել ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու (2 անձ) եւ խոչընդոտելու փորձ անելու համար (1 անձ): 1 քրեական գործով 1 անձ հանցավոր է ճանաչվել ընտրական տեղամասում խուլիգանություն կատարելու համար: 1 քրեական գործով 1 անձի վերաբերյալ դատաքննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել