Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՄԱՐ ՊԱՀ ԳՏԱՆ «ՑԱՅԳ»-Ի ՀԵՏ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՏԵՍՆԵԼՈՒ

Օգոստոս 01,2007 00:00

\"\"Այսպես է մեկնաբանում «Ցայգ» հեռուստաընկերության նախագահ Մարգարիտա Մինասյանն այն իրողությունը, որ «Ազատություն» ռ/կ-ի հետ միասին՝ իրենց էլ զրկեցին Հանրայինի ալիքով հեռարձակումից:

Գյումրիի «Ցայգ» ընկերությունը 6-րդ մետրային տիրույթով իր հեռուստահաղորդումները հեռարձակում է 1999-ից: «Սրանք այն տարիներն էին, երբ սեփական հեռուստատեսություն ունենալը գրեթե ուտոպիա էր, բայց մեր հիմնադիրների ջանքերով ստեղծվեց այս ալիքը, որը դարձավ առաջին ոչ պետական հեռուստաընկերությունը Հայաստանում»,- պատմեց Մարգարիտա Մինասյանը: Երբ «Շանթ» հեռուստաընկերությունն առանձնացավ «Ցայգ»-ից՝ նրանք երկուսն էին հաղորդումներ հեռարձակում այդ կապուղով, մինչեւ «Շանթ»-ին կտրամադրվեր այլ կապուղի: Հետո էլ «Ցայգ»-ն այդ կապուղին սկսեց կիսել Շիրակի հանրային հեռուստաընկերության հետ, որն այժմ ընդամենը 4 ժամ հաղորդումներ ունի: Մնացած 20 ժամը տնօրինում էր «Ցայգ»-ը՝ «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ընկերության ղեկավար Աշոտ Սիմոնյանի հետ կնքված պայմանագրի համաձայն, վճարելով ըստ փաստացի հեռարձակված ժամերի: «2002-ին կառավարությունն ընդունեց մի որոշում, որով այդ կապուղին տրամադրվեց Շիրակի հանրային հեռուստառադիոընկերությանը,- պատմեց տիկին Մինասյանը:- Մինչ այդ տվյալ կապուղին պետական էր եւ չի արտոնագրվել, չի տրամադրվել որեւէ գործող հեռուստաընկերության: Բայց քանի որ Հանրայինը չէր կարող այդքան հեռարձակում ապահովել՝ մենք շարունակեցինք աշխատանքը՝ ամեն տարի թարմացվող պայմանագրերով»:

Մեր հարցին, թե մինչ «Ազատություն» ռ/կ-ին առնչվող զարգացումները՝ երբեւէ իրեն զգուշացրե՞լ են, որ «Ցայգ»-ը կարող է զրկվել Շիրակի Հանրային հեռուստաընկերությանը հատկացված այդ կապուղով հաղորդումներ հեռարձակելու հնարավորությունից՝ «Ցայգ»-ի նախագահը պատասխանեց բացասաբար. «2006-ի ապրիլի 4-ին նորից կնքվեց պայմանագիր, եւ 2007-ի հունվարին ստորագրվեց համաձայնագիր, որով երկարացվեց այդ պայմանագրի գործողության ժամկետը մինչեւ 2007-ի դեկտեմբերի 31-ը»: Փաստորեն, Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հուլիսի 6-ին ծանուցելով «Ցայգ» հեռուստաընկերությանը, որ օգոստոսի 9-ից այլեւս չի տրամադրելու իր կապուղին հեռարձակման համար՝ խախտել է այդ համաձայնագիրը: «Երբ ինձ ֆաքսով տեղեկացրին, որ դադարեցվում է մեր հեռարձակումը, քանի որ ՀՀՌԸԽ-ն ինչ-որ որոշում է ընդունել՝ ճիշտն ասած, ինձ համար անակնկալ էր, քանի որ ոչ մի առեւտրային հեռուստաընկերություն իր ծրագրերը չի կազմում եւ բյուջե հաշվարկում մի կապուղու համար, որը հնարավոր է՝ ազատես ամեն պահի,- ասաց Մարգարիտա Մինասյանը:- Ես տեղեկացրի, թե այդ գրավոր ծանուցումը մեզ համար հիմք չի կարող հանդիսանալ, քանի որ ես իրենց հետ չէ, որ պայմանագիր եմ կնքել, այլ «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ընկերության հետ: Այդ գրությունը պիտի ուղարկեին Աշոտ Սիմոնյանին, որն էլ պիտի միջոցներ ձեռնարկեր եւ ինձ գրավոր հայտներ պայմանագրի լուծարման հիմքերի մասին: Նրանք հետեւեցին իմ խորհրդին, դիմեցին պրն Սիմոնյանին: Եվ վերջինս հայտնեց, որ դադարեցվում է «Ցայգ»-ի գործունեությունը 6-րդ կապուղով»:

Նշենք, որ «Ցայգ»-ը համագործակցում է «Ա1+»-ի հետ: Մարգարիտա Մինասյանը կայացված որոշման մեջ տեսնում է քաղաքական որոշակի ենթատեքստ. «Չգիտեմ, միգուցե նաեւ կա «Ցայգ»-ի վարած քաղաքականության խնդիրը: Գուցե «Ցայգ»-ի լրատվական ծրագրերի համարձակությունն է պատճառը՝ հաշվի առնելով առաջիկա նախագահական ընտրությունները: Պարզապես հարմար պահ եղավ, որ նաեւ «Ցայգ»-ի հետ հաշվեհարդար տեսնեն: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը մի քիչ անգրագետ հայտարարություն արեց՝ նշելով, թե «Ցայգ»-ի ծրագրերն այլեւս չեն վերահեռարձակվելու Հանրային հեռուստատեսությամբ: Նշեմ, որ մենք երբեք չենք վերահեռարձակվել ոչ մի այլ հեռուստատեսությամբ: Մենք ունենք արտոնագրով տրամադրված 28-րդ դեցիմետրային կապուղին եւ պայմանագրով աշխատում էինք 6-րդ մետրային կապուղով: Եվ այդ կապուղիներից յուրաքանչյուրով հեռարձակում էինք առանձին ծրագրեր»:

«Ազատություն» ռ/կ-ի եւ «Միր»-ի հետ իրենց նույն շարքում դասելը, ըստ նրա, ոչ իրազեկ հեռուստադիտողի մոտ կարող էր տպավորություն ստեղծել, թե մի արտասահմանյան հեռարձակող էլ «Ցայգ»-ն է: «Փաստորեն ստացվեց, որ մենք մեր տան մեջ արտասահմանյան հեռուստաընկերություն դարձանք,- հեգնեց Մարգարիտա Մինասյանը:- Ահագին պրոբլեմներ ստեղծեց մեզ համար այդ հայտարարությունը, որն այդպես էլ չշտկեցին: Նախ՝ գովազդատուների առումով, քանի որ «Հայլուր»-ով հաղորդված այդ հայտարարությունից հետեւում էր, թե «Ցայգ»-ը չի աշխատելու, փակվում է: Բազմաթիվ երկարաժամկետ պայմանագրեր վտանգվեցին, ու դարձյալ սկսվեցին բանակցություններ: Էլ չեմ ուզում խոսել դրամաշնորհային ծրագրերի մասին, որոնց մասնակցելու համար դիմել էր մեր հեռուստաընկերությունը, եւ արդեն հաստատման փուլում էր: Բայց այժմ սկսվել է աժիոտաժային մի գործընթաց՝ ինձնից պահանջում են տեղեկանքներ, հիմնավորումներ, բացատրություններ: Եվ արտասահմանյան կազմակերպությունների կողմից, որոնց հետ մենք աշխատում ենք՝ եղել է նաեւ հարցադրում, թե արդյոք սա քաղաքական հետապնդո՞ւմ չէ նախագահական ընտրություններից առաջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել