Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹ ՉՈՒՆԻ

Օգոստոս 01,2007 00:00

ՀԺԿ Ալավերդու տարածքային կառույցի ղեկավար Լարիսա Փարեմուզյանի բնակարանը մայիսի 28-ին անհայտ անձինք հրկիզել էին։ Հարուցված է քրեական գործ, սակայն տիկին Փարեմուզյանը վստահ է, որ այդ գործը եւս կկոծկվի, եւ մեղավորներն անպատիժ կմնան:

Երեկ մեզ հետ զրույցում Լարիսա Փարեմուզյանը իր տան հրկիզման գործի կապակցությամբ մի շարք տեղեկություններ հաղորդեց, որոնց իրավապահները հավուր պատշաճի ուշադրություն չեն դարձնում: Տիկին Փարեմուզյանն ասաց, որ մայիսի 28-ից հետո՝ քննչական աշխատանքների արդյունքում, իր համար քիչ բան է պարզվել, ընդամենը այն, որ իր բնակարանը փորձել են այրել արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների համար նախատեսված անվադողով. «Ուղղակի զավեշտական էր այրված անվադողի փորձագիտական եզրակացությունը, որտեղ նշված է, որ փորձանմուշի մեջ օգտագործված վառելիք չի հայտնաբերվել, այն դեպքում, որ մի դռան առաջ անզեն աչքով էլ երեւում են վառելիքի հետքերը, իսկ հրդեհը մարելուց հետո ոստիկանները ինձ հայտնեցին, որ իմ տան դռան եւ անվադողի վրա դիզվառելիք է լցված։ Բացի այդ, ոստիկանության Լոռու մարզի ՆԳ վարչության պետ Գրիգորյանը ինձ հետ առանձնազրույցի ժամանակ հայտնեց, որ այդ անվադողը մեր շենքից մոտ 200 մետր հեռավորությունից է բերվել, իսկ հաջորդ օրը ոստիկանություն է հրավիրվել այն ավտոտնակի տերը, որի ավտոտնակի մոտից վառելիքի հետքերը հասնում էին մինչեւ իմ տուն: Այդ ավտոտնակի տիրոջը տարել էին, շատ անմեղ մի մարդ է, եւ դեպքի օրը քաղաքում չի եղել, սակայն ապրում է այն շենքում, որտեղ ապրում է Ալավերդու «Բարեկարգում» ՍՊԸ-ի տնօրեն Համլետ Միրզոյանը, որը քաղաքապետի հետ շատ սերտ հարաբերությունների մեջ է»: Տիկին Փարեմուզյանը տեղեկացրեց նաեւ, որ քննության նյութերից ինքն այնպիսի տպավորություն է ստացել, որ կասկածյալներին լայն հնարավորություն է տրված չքմեղանալու. «Օրինակ, կասկածյալներ Վահե եւ Վանիկ Միկիչյանները (հիշեցնենք, որ այս անձինք մայիսի սկզբին, նախընտրական քարոզարշավի ընթացքում, Գուգարք գյուղում կոպիտ վերաբերմունք էին ցուցաբերել թեկնածու Լարիսա Փարեմուզյանի նկատմամբ, ավտոմեքենայով հետապնդել էին, մեքենայից դուրս էին քաշել եւ դարձյալ շարունակել էին հետապնդումը մինչեւ ԱԱ վարչության շենք- Մ. Ե.) այնպիսի բացատրություններ էին տվել, որ եթե ես իրենց չճանաչեի, «հանուն ախպերության» ինձ վրա մատ թափ տալը տեսած չլինեի, հաստատ կմտածեի, որ այս տղաներն անմեղ գառնուկներ են: Իսկ քննիչը, քաջ իմանալով, որ այս հանցանքների համար նրանց ժամանակին տուգանել են 200 հազար դրամով, շատ հանգիստ ասածները ընդունել էր հալած յուղի տեղ եւ որեւէ քննչական հարցադրում չէր արել»:

Լարիսա Փարեմուզյանը վստահ է, որ ամեն ինչ արվում է գործը փակելու համար: Նա չի էլ թաքցնում, որ գիտի, թե ում եւ ինչու էր ձեռնտու իր դեմ այս ապօրինությունների կատարումը եւ ով է դրանք կազմակերպել. «Ես այսօր էլ այն կարծիքին եմ, որ իմ տունը վառելու հանձնարարությունը տվել են Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը եւ այսօր իբր ընտրված պատգամավոր Կարեն Սարիբեկյանը: Պատճառներն էլ գիտեմ. Ալավերդիում 3 հազար 700 ձայն եմ հավաքել, դա կներեք, շատ մեծ ապտակ է այստեղի իշխանական ախպերությանը, որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են, որ առանց կաշառքի 3 հազար 700 ձայն հավաքող մարդը քաղաքում հեղինակություն է: Սա իրենց ամբիցիաներին շատ կպել է, եւ 6 հազար 600 անճշտությունների հողի վրա մարդիկ իրար են անցել»: Լարիսա Փարեմուզյանը նաեւ մի զվարճալի եւ միաժամանակ ցավալի տեղեկություն հաղորդեց՝ զուգարան կարելի է կառուցել, ոչ ավել, ոչ պակաս, 6 միլիոն դրամով: Ալավերդու քաղաքապետը հենց այդքան գումարով քաղաքում զուգարան է կառուցում. «Որ տեսնեք այդ զուգարանը, ձեզ կթվա, որ մի փոքրիկ գոմ է կամ հավանոց: Բյուջեի փողերն ահա թե ինչի վրա են այսպես կոչված՝ ծախսվում»: Տիկին Փարեմուզյանի տեղեկացմամբ, «դրանք բնապահպանական վճարներից առաջացած գումարներ են, որոնք պետք է ծախսվեն նպատակային՝ բնության վերականգնման, մարդկանց առողջության վերականգնման համար, մինչդեռ պարոն քաղաքապետը բնապահպանական նպատակներով քաղաքին տրամադրված 9 միլիոնից 6 միլիոնով որոշել է զուգարան սարքել»:

Մեր հարցին՝ արդյոք իր հետ կատարվածը կարելի՞ է բնութագրել որպես քաղաքական հետապնդում, Լարիսա Փարեմուզյանը ասաց. «Բայց ՀԺԿ-ն ի՞նչ է անում, մենք իրենց քննադատում ենք, դա ընդդիմության պարտականությունն է, ի՞նչ ենք անում, բյուջեն սխալ են ծախսում՝ ասում ենք, առողջապահության համակարգը քանդում են՝ ասում ենք: Մենք մեր ընդդիմադիրի պարտականություններն ենք կատարում, իսկ ում հայտնի չէ, որ մեր իշխանությունները ընդդիմության հետ աշխատելու մշակույթ չունեն: Եթե ընդդիմադիր ես, այս պետության ոխերիմ թշնամին ես, սա է ողբերգությունը: Եթե այս պետության ներսում չձեւավորվի ընդդիմադիրների հետ խելոք աշխատելու մշակույթ, ոչինչ չի ստացվելու, պետությունը կրիմինալ պետություն է դառնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել