Հուլիսի 28-ին Մինաս Ավետիսյանի հայրենի Ջաջուռ գյուղի տուն-թանգարանում բացվեց արդի արվեստի ցուցահանդես: Այն կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, Ազգային պատկերասրահի եւ Մ. Ավետիսյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ: Մինասի կտավների կողքին ներկայացվեցին ինը նկարիչների (Նարեկ Ավետիսյանի, Համլետ Հովսեփյանի, Գարիկ Կարապետյանի, Արարատ Սարգսյանի, Վահան Ռոմելյանի եւ այլոց) գործերը: «Առավոտի» հետ զրուցած բոլոր արվեստագետները եւ այցելուները հաստատեցին, որ ցուցահանդեսների կազմակերպումը մարզերում ուղղակի անհրաժեշտություն է: Մինասի որդին՝ նկարիչ Նարեկ Ավետիսյանը փաստեց. «Մինասից հետո եկել է մի սերունդ, որը հեռացել է մշակույթից: Պետք է վերականգնել խզված կապը»: Մշակույթի նախարարության աշխատակից Սոնա Հարությունյանն էլ ընդգծեց, որ կարեւոր է մշակույթը մարզերի բնակիչներին հասանելի դարձնելը, քանի որ այն հիմնականում կենտրոնացված է Երեւանում: Ն. Ավետիսյանը ներկայացնելով իր աշխատանքները՝ ասաց, որ դրանցում արտացոլել է արդի աբստրակտ արվեստի միտումները. «Ես ունեմ հակվածություն ակտիվ գունային երանգների հանդեպ, ինչը հայրիկից ժառանգաբար է ինձ անցել»: Աշնակցի նկարիչ Համլետ Հովսեփյանն էլ նշեց. «Ես հպարտ եմ, որ իմ երեք նկարները ցուցադրվում են Մինասի աշխատանքների կողքին»: Մեկ այլ նկարիչ՝ Գարիկ Կարապետյանը կարծում է. «Մինասն այնպիսի ամուր հող նախապատրաստեց, որ մենք կարողանանք դրա վրա կանգնել: Յուրաքանչյուր նկարիչ պետք է գա Ջաջուռ եւ տեսնի, թե ինչպես է այս բնության մեջ ստեղծագործել Մինասը: Այստեղ կարելի է նույնիսկ միջազգային ցուցահանդեսներ կազմակերպել»:Գրականագետ Նելլի Անանյանը՝ մանկագիր Վախթանգ Անանյանի դուստրը պատմեց, որ մտերիմ է եղել Մինասի հետ. «Հաճախ էի գնում նրա արվեստանոց: Օրերից մի օր էլ նա ինձ նկարեց: Որպես սրբություն՝ այդ աշխատանքը այժմ պահում եմ իմ տանը: Երբ Մինասը բացատրում էր՝ ինչ ասել է նկարչություն, շեշտում էր, որ ձեւն ու գիծը կարելի է սովորել, բայց գունային զգացողությունը ծնվում է մարդու հետ»: Ցավոք, Ջաջուռում ավերակների է վերածվել այն տունը, ուր ապրել է Մինասը: Երբ որդուց հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ տունը չի վերանորոգվում, նա առանց փակագծերը բացելու պատասխանեց. «Ինչ-ինչ հանգամանքների բերումով հնարավոր չեղավ ո՛չ տուն-թանգարանը տան հիմքերի վրա կառուցել, ո՛չ էլ տունը վերանորոգել»: Նա հայտնեց, որ հնարավոր է առաջիկայում որոշ որմնանկարներ ուղղակի կտրատվեն եւ տեղափոխվեն ավելի ապահով տեղ: