Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱԳԱԾ ԷԼ ԲԱՐՁՐԱՑԱՆՔ

Հուլիս 31,2007 00:00

Լրագրողները, բացի նյութ գրելուց, լեռ են բարձրանում, սունկ են հավաքում եւ սպորտային մրցույթների են մասնակցում:

Հունիսի 28-ին մի շարք լրատվամիջոցների աշխատակիցներ բարձրացան Արագած լեռան հարավային գագաթը: Այս արշավը կազմակերպել էր «Միր սպորտա» պարբերականը, որին մասնակցում էին հիմնականում այն լրագրողները, որոնք սեպտեմբերին մեկնելու են Ստամբուլ՝ նույն պարբերականի կազմակերպած 10 երկրների լրագրողների միջեւ անցկացվող սպորտային խաղերի առաջնությանը: Նախքան լեռ բարձրանալը՝ «Միր սպորտայի» գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բոյկոն նախազգուշացրեց, որ լեռ բարձրանալն այնքան էլ հեշտ չէ, եւ ովքեր ի վիճակի չեն, կարող են մնալ ներքեւում։ Սակայն խիզախներն ավելի շատ էին: Մոտ 50 հոգանոց պատվիրակությունը շուրջ 4 ժամ բարձրանում էր քառագագաթ լեռը: Ընդ որում, Արագած էին բարձրանում տարբեր տարիքի լրագրողներ, ընդհուպ մինչեւ 60 տարեկաններ: Քարքարոտ ճանապարհի 5 րոպեանոց դադարների ժամանակ մասնակիցները տրտնջում էին միայն ջրի պակասից, քանի որ բարձրանալիս շշերն արդեն սկսել էին ծանր թվալ, եւ շատերը դրանք ուղղակի թողել էին կեսճամփին: Թթվածնի պակասի պատճառով ծարավը հիմնականում զգացնել տվեց արդեն գագաթի մատույցներին: Արագածի լանջերին տեղ-տեղ ձյուն էր երեւում, որոնք, անգամ արեւի կիզիչ ճառագայթներից, չէին հալչում: «Ինչքան բարձրանում էինք, այնքան ջերմաստիճանը ընկնում էր, եւ թթվածինն էլ չէր բավականացնում: Չնայած տաք էինք հագնված, սակայն, երբ նստում էինք հանգստանալու, միանգամից սառչում էինք: Այդ պատճառով էլ մեզ հետ եկած ուղեկցող լեռնագնացը չէր թողնում, որ երկար նստած մնայինք: Երկար նստելուց մկանները հետ էին վարժվում, հետո էլ չէինք կարողանում տեմպով առաջ գնալ»,- ներկայացրին լրագրողները: Լեռան ստորոտին՝ ալպիական դաշտում, քարերից ու զանգակներից բացի, սունկ էր աճում: Սունկ հավաքելու հաճույքից գայթակղված՝ շատերը ետ էին մնում եւ իրենց պայուսակները լցնում շամպինյոնով: Լրագրողներից մեկն անգամ հում վիճակում էր ճաշակում ախորժալի շամպինյոնը:

Հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ մարզիկ- լրագրողների թիմը հասավ 3900 մետրանոց Արագածի հարավային գագաթը, որն ամենացածրն է իր բարձրությամբ: «Առավոտի» աշխատակից Արմինե Գեւորգյանը 3-րդն էր, որ ոտք դրեց այդ բարձունքին: Նրա խոսքերով. «Այնպիսի տպավորություն էր, որ եթե ձեռքերս բարձրացնեմ, ամպերին կդիպչեմ: Մենք գագաթին կանգնած տեսնում էինք, թե ինչպես էր մառախուղը երկու կողմից «գրկում» լեռը»: Գագաթին, քամուց պաշտպանվելու համար, քարե տնակ էր պատրաստված, մի շարք կազմակերպությունների մասին հիշատակող քարեր, նստարաններ ու խաչքարեր:

Հետադարձ ճանապարհը անհամեմատ հեշտ էր թվում, քանի որ լրագրողների մկաններն արդեն մարզված էին ու բոլորը շտապում էին սնվել:

Չնայած 8 ժամ տեւած արշավին, մասնակիցներից ոչ մեկն էլ հոգնածությունից չէր դժգոհում, քանի որ «հաճույքն ավելի մեծ էր»:

Հ. Գ. Արշավի հաջորդ օրը մարզիկ-լրագրողներից շատերը սունկ ուտելու էին հրավիրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել