Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓԱՐԻԶՈՒՄ ԵՄ ԳՏԵԼ ՍԵՐՍ»

Հուլիս 31,2007 00:00

\"\"Հայրենիքից հեռանալն այսպես արդարացրեց ջութակահարուհի Սաթենիկ Սմբատյանը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երեկ կայացած համերգը նվիրված էր Ֆրանսիայի Հանրապետության օրվան: Փարիզաբնակ ջութակահարուհի Սաթենիկ Սմբատյանը եւ հայաստանցի երաժիշտներ, դաշնակահարուհի Կարինե Թալալյանն ու թավջութակահար Արամ Թալալյանը հնչեցրին ֆրանսիացի (Ա. Հոնեգեր, Կ. Դեբյուսի) եւ հայ (Գ. Հովունց, Վ. Բաբայան) կոմպոզիտորների կամերային երկեր:

Համերգից առաջ «Առավոտը» զրույց ունեցավ Սաթենիկ Սմբատյանի հետ:

Ջութակահարուհին նշեց, որ երաժշտական բարձրագույն կրթություն ստացել է Երեւանի պետկոնսերվատորիայում, ապա ասպիրանտուրայում, հոր՝ պրոֆեսոր Հենրի Սմբատյանի դասարանում, այնուհետեւ կատարելագործվել Փարիզի Վերսալի պետական կոնսերվատորիայում՝ ճանաչված երաժիշտ Ալեքսանդր Բրուսելովսկու ղեկավարությամբ: Կոնսերվատորիան ավարտել է ոսկե մեդալով: «Կարիերայիս սկզբում կապվեցի արվեստների քաղաք Փարիզի հետ՝ մասնակցելով տարբեր փառատոների ու մրցույթների, արժանացա պարգեւների: Որպես մենակատար հանդես եմ եկել Վերսալի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Իսկ 2004-ին Ֆրանսիայում արժանացել եմ հատուկ մրցանակի՝ ժամանակակից երաժշտության տարածման համար: Մենահամերգներով շրջագայել եմ նաեւ Եվրոպայի մի շարք երկրներ»,- հայտնեց արվեստագետը: Մեր զրուցակիցը նշեց, որ Արամ Թալալյանի հետ իր համագործակցությունը սկսվել է 2 տարի առաջ՝ Փարիզում. «Օրինակ, անցյալ տարի Արամի հետ դուետներով, նաեւ սոլո կատարումներով հանդես եկանք Ֆրանսիայի հեղինակավոր «Երաժշտությունը Փարիզի սրտում», «Ապոլոնյան երաժշտական օրեր» փառատոներում»: Կանխելով մեր հարցը, ջութակահարուհին ասաց նաեւ, որ իր համերգային ծրագիրը ընդգրկում է բարոկկոյի ժամանակաշրջանի կոմպոզիտորներից (Բախ, Վիվալդի, Կորելլի) մինչեւ մեր ժամանակների, այդ թվում՝ հայ (Ա. Խաչատրյան, Ղ. Սարյան, Էդ. Միրզոյան, Վ. Բաբայան) ստեղծագործողների երկերը: Տեղեկանալով, որ Ս. Սմբատյանն իր համերգային գործունեությունը համատեղում է նաեւ Փարիզի Սենսանսի պետական կոնսերվատորիայում դասավանդման հետ (իսկ միայն Փարիզում գործում է 17 պետական կոնսերվատորիա), խնդրեցինք զուգահեռ անցկացնել այնտեղի եւ Երեւանի պետկոնսերվատորիաների միջեւ: «Համեմատել չեմ կարող, որովհետեւ տարբեր են ուսումնական համակարգերը: Օրինակ, Ֆրանսիայի կոնսերվատորիաներում ամառային արձակուրդ՝ որպես այդպիսին, չկա: Փոխարենն անցկացվում են վարպետության դասեր, փաստորեն՝ չկտրվելով ուսումնական պրոցեսից: Ֆրանսիայում ուսանողներն ավելի շատ հնարավորություններ ունեն մասնակցելու ե՛ւ իրենց երկրում անցկացվող բաց դասերին, նույն վարպետության դասերին, ե՛ւ, որ ամենակարեւորն է, ուսանողը սովորելու տարիներին ոչ մի խոչընդոտի չի հանդիպում այլ երկիր ազատ տեղաշարժվելիս»,- հայտնեց Ս. Սմբատյանը: Հարցին՝ դուք ձեր որոշ գործընկերների օրինակով, որոնք քիչ չեն, հեռացել եք հայրենիքից ու, փաստորեն, զարդարում եք այլ բեմեր, ճի՞շտ եք համարում ձեր քայլը, ջութակահարուհին ասաց, որ իրեն նախ շատ մոտ է ֆրանսիական մշակույթը, հետո էլ՝ հենց Փարիզում է հանդիպել իր ապագա ամուսնուն. «Նա մասնագիտությամբ ֆիզիկոս է, բայց, ինչպես ֆրանսիացիներին է հատուկ՝ մոլի երաժշտասեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել