Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչներին վտարում են

Հուլիս 31,2007 00:00

Եթե տնանկ ու որբ երեխաներին պատսպարող Բյուրեղավանի թիվ 1 հատուկ դպրոցի տնօրենը դատը շահի՝ Ուսուցչի տանը բնակվող ընտանիքների 18 երեխա փողոցում կհայտնվի:

«Առավոտի» նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Ուսուցչի տունը գտնվում է թիվ 1 հատուկ դպրոցի հաշվեկշռում եւ դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ Գայանե Մարգարյանը դիմել է դատարան՝ այնտեղ ապրողներին վտարելու հայցով: Տեղեկացրել էինք նաեւ, որ Ուսուցչի տանն ապրողների մեջ կան Հայաստանի հերոսի, մարտական գործողությունների մասնակցի ու բազմազավակ ընտանիքներ: Բնակիչներից Արտակ Սիմոնյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ իր կինը՝ Խլոպուզյան Նելլին, 1991թ. ուղեգրով Երեւանից է եկել Բյուրեղավան եւ ժողկրթբաժնի որոշմամբ այդտեղ աշխատանքի անցել: Քաղաքապետարանի միջնորդությամբ նրանց բնակարան է հատկացվել Ուսուցչի տանը: «Տվյալ պահին մարզի 8 համայնքների ուսուցչի տների սեփականաշնորհում է գնում, բացի մերից: Բոլորն անհատույց սեփականաշնորհվել են, բայց մեր հարցը, չգիտես ինչու, մնացել է օդի մեջ»,- նեղսրտեց Ա. Սիմոնյանը՝ շեշտելով, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «թեւ է տալիս» տնօրեն Գ. Մարգարյանին: «Մեր մանկավարժներից շատերը կրճատվել են ու հիմա չեն աշխատում, բայց բնակարանները բոլորս էլ ստացել ենք օրինական կարգով, մանկխորհրդի նիստով ու արձանագրությամբ: Եթե դատարանը վտարման վճիռ կայացնի, 6 ընտանիք, այդ թվում՝ 18 երեխա, փողոցում կհայտնվի: Կոտայքի մարզպետը բանավոր զրույցում մեզ ասել է, որ շուրջ 10 տարի բնակվել ենք այդտեղ, ուստի տարածքը մերն է: Հետաքրքիր է, որ նրան հանդիպելուց 3 օր հետո գիշերօթիկի տնօրենը դիմեց դատարան, օգոստոսի 3-ին էլ դատն է: Ըստ Գայանե Մարգարյանի, եթե Ուսուցչի տանը բնակվողները այժմ չեն աշխատում դպրոցում, ուրեմն պիտի ազատեն տարածքը, բայց այդ մարդիկ նախ աշխատել են, հետո՝ կրճատվել: Ասում է՝ իբր ապօրինի ենք զավթել տարածքը: Ո՞նց կարող է մարդը ապօրինի ապրել եւ մշտական գրանցում ունենալ»,- զարմանում է Ա. Սիմոնյանը:

5 տարի դպրոցում մարմնամարզություն դասավանդած Ռուբեն Հարությունյանն էլ հայտնեց, որ Ուսուցչի տան իր բնակարանի հարցով գրավոր դիմել է կառավարությանը, սակայն պատասխանն ուղարկվել է մարզպետարանի հասցեով ու այստեղ էլ «մոլորվել»: «Ես մարտական գործողությունների վետերան եմ, կինս էլ ՀՀ հերոս Ռայնիս Հարությունյանի դուստրն է, ունեմ 3 անչափահաս երեխա, սպասում ենք չորրորդին»,- իրենց վիճակն այսպես ներկայացրեց նա:

Վարազդատ Սահակյանը, որը, ի դեպ, դպրոցի տնօրենի եղբոր քավորն է, ասաց, որ 1957 թվականից Ուսուցչի տանն ապրել եւ դպրոցում աշխատել են կնոջ ծնողները. «Կինս այդ տանն է ծնվել, մեծացել, ամուսնացել: Հիմա ոչ թե այդ դպրոցում, այլ մանկապարտեզում է աշխատում: Ընդ որում, ես էլ 7 տարի գիշերային պահակ եմ աշխատել դպրոցում»:

«Առավոտի» հետ զրույցում բյուրեղավանցիները հայտնեցին, որ դպրոցի տնօրենը միշտ պարծենում է. «Բողոքեք՝ ում ուզում եք, ես ոչ մի խնդիր չունեմ, թիկունքիս էլ ՀՀԿ-ն է կանգնած»: Ուսուցչի տան բնակիչները նաեւ հայտնեցին, որ ունեն ձայնագրություն, որտեղ տիկին Մարգարյանը Ուսուցչի տան մասին ասում է. «Գողտրիկ անկյուն է, կաֆե եմ սարքելու»:

Կապվեցինք նաեւ Գայանե Մարգարյանի հետ: «Ուսուցչի տունը սովորաբար ծառայել է որպես ժամանակավոր կացարան ուսուցիչների համար, իսկ հիմա այնտեղ ապրում են մարդիկ, ովքեր դպրոցի հետ կապ չունեն»,- ասաց նա: Նաեւ տեղեկացրեց, որ բնակիչներին քանիցս առաջարկել է վարձակալական պայմանագիր կնքել, անգամ կիրակի օրը 4 ժամ սպասել է նրանց, սակայն՝ ապարդյուն: Նա հավաստիացրեց, որ մարզպետի պահանջով է դատարան դիմել, որպեսզի հարցն ի վերջո լուծում ստանա եւ, իր ձեւակերպմամբ, «պետական փողերը փոշիների մեջ չընկնեն»: Հետաքրքրվեցինք՝ եղե՞լ է դեպք, որ ցանկություն է հայտնել տարածքում սրճարան հիմնելու մասին: «Մի 3 տարի առաջ մեր քաղաքապետ Շավարշ Սեդրակյանն ինձ ասաց՝ արի մի քանի կվարտիրա դու վերցրու, մի քանիսը՝ ես, օտարենք, ասացի՝ ոչ: Ինքը թե՝ տիկին Գայանե, դա մի այնպիսի գողտրիկ վայր է, որտեղ կարող ենք ես ու դու սուրճ խմել… Բայց Գայանեն ո՞վ է, որ սրճարան սարքի: Էդ ինքն է միշտ շահադիտական նպատակներ ունեցել Ուսուցչի տան հետ կապված»,- պատասխանեց դպրոցի տնօրենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել