Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՀՎ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԸ՝ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ԱՆԴԱՄ

Հուլիս 31,2007 00:00

\"\"Սամվել Հովհաննիսյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից մարդ առեւանգելու մեջ

«Առավոտի» տեղեկություններով, դեռ անցած չորեքշաբթի օրը՝ հուլիսի 25-ին, կալանավորվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության (ՔՀՎ) նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը: Իսկ ուրբաթ՝ լույս շաբաթ օրվա գիշերը մի քանի ժամ շարունակ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ «6»-ի դիմակավորված աշխատակիցները խուզարկել են նրա տունը: Մեր տեղեկություններով, այդ գործողությունը գլխավորել է անձամբ «6»-ի պետ Աշոտ Գիզիրյանը: Ս. Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 131 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ կազմակերպված խմբի կողմից մարդ առեւանգելու մեջ: Հարուցված քրգործը գտնվում է գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում: «Առավոտի» աղբյուրները հերքեցին դեռ շաբաթ օրը տարածված տեղեկություններն այն մասին, թե նույն գիշեր խուզարկվել է նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի տունը: Այդ տեղեկությունների համար հիմք էր դարձել այն փաստը, որ կալանավորված Ս. Հովհաննիսյանը եւ Ե. Զախարյանը խնամիներ են:

Մեր տեղեկություններով, հարուցված քրգործով, բացի Ս. Հովհաննիսյանից, եւս 4 կասկածյալներ կան: Հիշյալ հանցախմբում ընդգրկված են նաեւ ՌԴ եւ Վրաստանի քաղաքացիներ, որոնք, այդ թվում՝ Ս. Հովհաննիսյանը, զբաղվել են անձանց առեւանգմամբ եւ դրա դիմաց պատկառելի գումար շորթելով ու անշարժ գույք պահանջելով: Մեր աղբյուրները չեն բացառում, որ խմբում ընդգրկվածների, որոնց թվում կան նաեւ ՀՀ քաղաքացիներ, շրջանակը քննության ընթացքում կարող է նաեւ ընդլայնվել: Համենայնդեպս, խմբի բոլոր անդամներին ի հայտ բերելու գործում ՀՀ իրավապահները համագործակցում են ՌԴ-ի եւ Վրաստանի իրենց գործընկերների հետ: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Ս. Հովհաննիսյանի՝ միայն անցյալ շաբաթ կալանավորման փաստը պայմանավորված է ոչ թե նոր տեղի ունեցած հանցագործությունների, այլ նախկինում կատարվածների մասին միայն վերջերս ի հայտ եկած տեղեկություններով: Ս. Հովհաննիսյանն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում:

Իհարկե, Ս. Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի ծավալը կարող է եւ մեծանալ նրա՝ ՔՀՎ պետ եղած տարիներին քրեակատարողական հիմնարկների բարեփոխումներին ուղղված գումարների «փոշիացման» կամ «յուրացման» հետ կապված: Խոսքը, մասնավորապես, նաեւ ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանի՝ ս. թ. հուլիսի 13-ի թիվ 155-Ա հրամանի մասին է, որով «Արթիկ» ՔՀ-ում նշանակվել է ծառայողական քննություն՝ քրեակատարողական հիմնարկում ներքին կանոնակարգով սահմանված աշխատանքների իրականացման օրինականությունն ուսումնասիրելու, ինչպես նաեւ տեղ գտած թերությունների համար հիմք հանդիսացող պատճառներն ու դրանց հետ կապված հանգամանքները պարզելու նպատակով:

Հիշեցնենք, որ 2006թ. հունիսին, երբ ՀՀ նախագահի հրամանագրով Ս. Հովհաննիսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից, պատճառներից մեկը, ոչ պաշտոնապես, համարվում էր նաեւ այն, որ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էր դժգոհել եւ տարակուսանք հայտնել, թե ինչպես է պատահել, որ «Գորիսի» վերանորոգված ՔՀ-ից կալանավորները կարողացել էին պատը ջարդել եւ փախուստի դիմել: Իհարկե, այն ժամանակ Ս. Հովհաննիսյանին պատասխանատվության ենթարկելը դժվար էր, որովհետեւ նա համարվում էր Սերժ Սարգսյանի մարդը: Այդուհանդերձ, քաջատեղյակ մեր աղբյուրները մեր հարցադրումներին ի պատասխան՝ երեկ ասում էին, որ Ս. Հովհաննիսյանի դեպքում նրա՝ որեւէ մեկի «մարդ լինելու» փաստը դժվար է պնդել. նա եղել է իշխանական վերնախավում գտնվողներից բոլորի «մարդը», նաեւ քրեական աշխարհում է որոշակի կապեր ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել