Լրահոս
Օրվա լրահոսը

Այգին գաղտնի վաճառել են

Հուլիս 31,2007 00:00

Արաբկիր համայնքում պողոտա կառուցելու համար պտղատու ծառերով 50 տարվա այգին ոչնչացնում են

«Եկան աչքներիս առաջ բարբարոսաբար մեր այգու ծառերը հատ-հատ կտրտեցին: Երկար տարիներ այս հողը քարերից մաքրել ենք, մեծ չարչարանքով մշակել ու այգի ենք դարձրել: Մի փոքրիկ տնակ ենք կառուցել եւ օր ու գիշեր այդտեղ ենք անցկացրել, որ բերքը չգողանան: Սակայն մի ժամում այգին հիմնահատակ ավերեցին: Ոստիկանություն կանչելուց հետո միայն ծառահատումը դադարեցրին»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում վրդովված պատմեց Արաբկիր համայնքի Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչ Արշալույս Խաչատրյանը: Նա շուրջ կես դար մշակում է թիվ 52 շենքին հարող տարածքի այգիներից մեկը եւ հանկարծ պարզել է, որ իրենց այգին նոր սեփականատեր ունի:

Երեկ մեր այցելության պահին այգում տասնյակ պտղատու ծառերից 2-3 ծառ էր կանգուն մնացել: Մնացած մրգատու ծառերը՝ բերքը վրան, անխնա հատվել էին եւ թափվել գետնին: Դեղձենիներից, բալենիներից, տանձենիներից, ծիրանենիներից, ընկուզենիներից բացի՝ հատվել ու արմատախիլ էին արվել նաեւ խաղողի վազերը, մոշի, մորու թփերը: Ճիշտ է, Խաչատրյանները հողի նկատմամբ սեփականության իրավունք չունեն, սակայն, նրանց ներկայացմամբ, քանի տարի է դիմում են քաղաքապետարան, Կադաստրի պետական կոմիտե՝ հողը սեփականացնելու խնդրանքով, սակայն անհայտ պատճառաբանությամբ մերժում են ստանում: Ա. Խաչատրյանի խոսքերով, իրենց հաջողվել է միայն սեփականաշնորհել այգուց դուրս գտնվող 94 քմ-անոց տնակը, սակայն այգում կառուցված տնակը սեփականացնելու թույլտվություն չեն ստացել, ինչ է թե՝ այն գտնվում է այդ հողատարածքում: Ավելի ուշ այգու տերերը պարզել են, որ հողատարածքը պատկանում է ոմն Խաչիկ Դավթյանի: Ըստ Ա. Խաչատրյանի, չնայած այգին սեփականաշնորհելու պահանջով իրենք քաղաքապետարանին դատի են տվել եւ վիճելի հողատարածքի գործը դեռ դատարանում է՝ հողատարածքն այլ մարդու են հատկացրել:

Արաբկիրի թաղապետարանից «Առավոտին» պարզաբանեցին, որ Բաբայան-Աղբյուր Սերոբի փողոցները միացնող տարածքում գլխավոր հատակագծով նախատեսված է պողոտա, որի շուրջ պետք է կառուցապատում լինի. «Թաղամասը դեռեւս խորհրդային տարիներից է համարվել իրացման գոտի եւ այդ փողոցի բնակիչներից շատերին մոտ 20 տարի առաջ պետությունը փոխհատուցել է, իսկ ներկայումս այդ տներում հիմնականում փախստականներ են ապրում»: Երեւանի քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Մկրտչյանն էլ հայտնեց, որ հարցը կպարզաբանի առաջիկայում՝ փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել