Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՈՒՅՍԻ ՄԱՐԴԻԿ» ԱՅԼԵՎՍ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵ՞Ն ԱՆԻ

Հուլիս 31,2007 00:00

Նոր կանոններով՝ էլեկտրաէներգիա սպառողները ավելի պաշտպանված կլինեն

Վերջերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման նոր կանոններ է սահմանել, որը հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել: Այդ պատճառով էլ մինչեւ եկող տարվա ապրիլի 1-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության բաժանորդները էլեկտրաէներգիայի մատակարարման համար ընկերության հետ պետք է նոր պայմանագրեր կնքեն:

«Առավոտի» հետ զրույցում էլեկտրական ցանցերի իրացման գծով տնօրենի տեղակալ Վարդան Մեսրոբյանը վստահեցրեց, որ մատակարարի եւ սպառողի փոխհարաբերությունները կանոնակարգող նոր կանոններով ավելի շատ պաշտպանված է սպառողը, քան մատակարարը. «Մեր աշխատանքը խիստ պատասխանատու է դարձել, ընկերության պարտավորությունները ավելացել են, սպառողների համար սպասարկման որակը բարելավվելուց բացի՝ ստեղծվել են նաեւ նոր ծառայություններ»:

Վ. Մեսրոբյանի խոսքերով, լրացումներ ու փոփոխություններ են կատարվել ոչ միայն նախորդ կանոններում, այլ ուժի մեջ են մտել նաեւ մոտ 13 մինչ այժմ գոյություն չունեցող կանոններ: Մասնավորապես, այսուհետեւ Երեւան քաղաքի եւ մարզերի ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում՝ էլեկտրացանցերում, կգործի շուրջօրյա հեռախոսակապ (Երեւանի հեռախոսահամարն է 54-21-75), որի միջոցով բաժանորդները կարող են իրենց սպառած էլեկտրաէներգիայի քանակի եւ արժեքի վերաբերյալ ճիշտ տեղեկատվություն ստանալ: Շուրջօրյա հեռախոսակապի օպերատորները կգրանցեն նաեւ բաժանորդների բողոքները՝ կապված սպասարկման որակի եւ վթարների հետ: Ըստ նոր կանոնների, մատակարարը պարտավոր է 5-ից 15 օրվա ընթացքում ուսումնասիրել բողոքն ու արդյունքների մասին գրավոր տեղեկացնել սպառողին: ՀԷՑ-ի մասնագետների տեղեկացմամբ, ի նպաստ բաժանորդների, փոխվել է նաեւ էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված կարգը: Նոր կանոնների համաձայն, երբ մատակարարը պարտքի պատճառով անջատում է բաժանորդի հոսանքը, ապա նախկին 12 աշխատանքային ժամի փոխարեն նա պարտավոր է պարտքի մարումից ընդամենը 4 ժամ հետո հոսանքը միացնել: Որպեսզի մատակարարի կողմից հաշվիչ սարքերի հետ կապված միտումնավոր խախտումներ չլինեն, այս առումով եւս նոր կանոններ են ընդունվել: Եթե պարզվի, որ մատակարարի մեղքով սխալ է տեղի ունեցել, ապա վերջինս պարտավորվում է սպառողին վճարել սխալ հաշվառված էլեկտրաէներգիայի արժեքն ամբողջությամբ: Վ. Մեսրոբյանի խոսքերով. «Մենք համամիտ չէինք, որ նոր կանոններում մատակարարի սխալի հետեւանքով տույժ սահմանվի, որովհետեւ, իսկապես, բաժանորդը դառնում է շատ ավելի պաշտպանված, քան մատակարարը»:

Նկատենք, որ էլեկտրաէներգիայի բաժանորդները շատ հաճախ դժգոհում են տեսուչների անբարեխիղճ աշխատանքից: Սպառողները մասնավորապես պնդում են, որ «լույսի մարդիկ» որոշ բնակիչների հետ համաձայնության գալով՝ նրանց չնչին գումարի դիմաց «լեւի լույս» օգտագործելու թույլտվություն են տալիս եւ որպեսզի հոսանքի կորուստը փակեն եւ ճիշտ հաշվետվություն ներկայացնեն, այս կամ այն բաժանորդի հաշվիչի ցուցմունքները ստիպված կեղծում են:

Վ. Մեսրոբյանը դժգոհեց, որ նոր կանոններում «լեւի լույս» օգտագործողների համար պատժամիջոցները մնացել են նույնը. «Դրանք շատ մեղմ են, եւ, ըստ էության, սպառողները չեն վախենում բռնվելուց ու տուգանքից, որովհետեւ շատ հաճախ գողացած հոսանքի արժեքը մի քանի անգամ ավելի շատ է լինում, քան տուգանքը»:

Ըստ տնօրենի, համեմատաբար խստացվել են կանոնները հանրային բաժանորդների (առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ, գործարաններ եւ այլն) նկատմամբ. «Եթե նախկինում նրանք կարող էին մի քանի ամիս շարունակ ուշացնել սպառած հոսանքի վարձավճարը եւ դրա համար չտուգանվել, ապա այժմ հոսանքի մուծման ժամկետը խախտելու դեպքում՝ անջատված էլեկտրաէներգիան միացնելու համար բաժանորդը պետք է ոչ միայն պարտքը մարի, այլեւ որոշակի տուգանք ու նաեւ կանխավճար մուծի»: Ըստ Վ. Մեսրոբյանի՝ նոր կանոնների ընդունմանը զուգահեռ, ավելացել է ՀԷՑ-ի աշխատանքների ծավալը, որի համար սպասարկման ոլորտում կբացվեն նոր աշխատատեղեր: Նրա հավաստմամբ, Երեւանի ՀԷՑ-ի 4 մասնաճյուղերում միջինը 120 հազար դրամ աշխատավարձով աշխատանքի կընդունվի մոտ 102 աշխատակից, իսկ մարզերի 7 մասնաճյուղերում միջինը 100 հազար դրամ աշխատավարձով կպահանջվի 228 աշխատակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել