Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձել են «Ազատության» խնդրին

Հուլիս 31,2007 00:00

Երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ պարոն Բրայզան շնորհավորել է ԱԺ նախագահին՝ «խորհրդարանական ընտրություններն ազատ, արդար անցկացնելու համար»:

Իսկ Տիգրան Թորոսյանը նշել է, որ «սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո Հայաստանում էական փոփոխություններ են տեղի ունեցել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության հաստատման առումով: ԱԺ նախագահն ափսոսանք հայտնեց, որ ընդդիմությունը ժամանակին չկարողացավ գնահատել այդ շատ կարեւոր գործընթացի նշանակությունը՝ բոյկոտելով քննարկումները, եւ հետագայում էլ լրջորեն չուսումնասիրվեց, թե խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ինչ իրավիճակ է ստեղծվելու սահմանադրական փոփոխությունների հետեւանքով»: ԱԺ նախագահը նշել է, որ «ընդդիմության թուլությունը խնդիր է նաեւ իշխանության համար, որովհետեւ բազմակուսակցական համակարգում մի կողմի թուլությունը չի կարող չանդրադառնալ մյուս կողմի վրա: Այս առումով կարեւորվեց բազմակուսակցական համակարգի կայացումը՝ ԱԺ աշխատակազմի որակական բարելավմամբ օգնելով խորհրդարանական կուսակցությունների աշխատանքին»: Նշվել է, որ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան արդեն ներկայացրել է խորհրդարանի հետ համագործակցության նախնական ծրագիրը, որը սեպտեմբերին կքննարկվի:

Անդրադառնալով նախագահական ընտրություններին՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշել է, որ «լավ աշխատանքի դեպքում ՀՀԿ-ն մեծ դժվարություններ չի ունենա այդ ընտրություններում իր թեկնածուի հաղթանակի համար»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման խնդրին. պարոն Բրայզան նշել է, որ իրեն տրամադրված տեղեկատվության համաձայն՝ շատ հարցեր պարզաբանվեցին, «ու թեեւ «Ազատությունը» նախընտրում է Հանրային ռադիոընկերությունը, բայց կարեւորը հեռարձակման հնարավորություն ունենալն է, եթե ժամային սահմանափակումներ չլինեն եւ առեւտրային խնդիրներ չառաջանան»: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն էլ հույս է հայտնել, որ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, եւ «գտնված տեխնիկական լուծումը քաղաքական արձագանքների տեղիք չի տա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել