Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ՆԱԵՎ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԷՐ

Հուլիս 31,2007 00:00

\"\"Այսպես է Հանրային ռադիոյի եթերում «Ազատության» դադարեցումը բացատրում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

– Հանրային ռադիոն օգոստոսի 9-ից դադարեցնելո՞ւ է «Ազատություն» ռ/կ-ի վերահեռարձակումը:

– Այն պայմանագիրը, որն «Ազատություն» ռ/կ-ն ուղարկել է «Ար ռադիո» միջմայրցամաքային ընկերությանը, նախատեսում է, թե պայմանագիրը կսկսի գործել օգոստոսի 15-ից: Այսինքն՝ գոնե այդ պատճառով օգոստոսի 9-ից չի դադարեցվի հեռարձակումը: Բացի այդ, դեռ այն ժամանակ, երբ հուլիսի 6-ին առաջին նամակն էր ուղարկվել «Միր»-ին, «Ցայգ»-ին եւ «Ազատությանը»՝ վերջինս խնդրել էր մի քիչ երկարաձգել այդ ժամկետը, եւ մենք դրական էինք արձագանքել: Եվ այսօր որոշակի չի արծարծվում, թե որ օրվանից կդադարեցվի վերահեռարձակումը՝ կարեւորը, որ լուծվեն բոլոր խնդիրները: Օգոստոսի 9-ը կգործի «Միր»-ի եւ «Ցայգ»-ի համար, իսկ «Ազատության» դեպքում հնարավոր են տեղաշարժեր:

– Եթե դեռ հուլիսի 6-ին էիք ծանուցել «Ազատությանը», որ օգոստոսի 9-ից հետո այլեւս չի վերահեռարձակվելու Հանրային ռադիոյով, ինչո՞ւ էր Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը հուլիսի 11-ին «Առավոտի» հարցին, թե օգոստոսից դադարեցվո՞ւմ է վերահեռարձակումը՝ պատասխանում. «Դեռ ոչինչ որոշված չէ»: Արդյոք պատճառն այն չէ՞, որ ցանկանում էիք թաքցնել այդ տեղեկատվությունը, մինչեւ կսկսվեին արձակուրդները, թերթերի մեծ մասը լույս չէր տեսնի՝ եւ աղմուկն ավելի քիչ կլիներ:

– Ո՛չ: Ուղղակի քանի դեռ ընթանում էին խորհրդատվություններ եւ բանակցություններ, իմ ցանկությունն էր, որ մամուլում դա չհրապարակվի: Ի դեպ, նույնն անում էին նաեւ «Ազատությունը», «Ցայգը», «Միրը»: Այնպես չէ, որ «տեղեկատվությունը թաքցնում էինք» միայն մենք: Չէ՞ որ կային նաեւ այլ կողմեր. իրենք կարող էին հրապարակել՝ դրանք գաղտնի նամակներ չէին:

– Այդ շրջանում ընթացե՞լ են բանակցություններ: Ամերիկյան հեռարձակումների գործակալության (BBG) տնօրենների խորհրդի հաղորդագրությունից դատելով՝ քննարկումները եղել են հուլիսի 16-ից հետո եւ տեւել միայն 3 օր: Մինչդեռ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հայտարարության մեջ նշված է, թե բանակցություններ են վարել «ամիսներ շարունակ»: Ինչպե՞ս եք բացատրում այս հակասությունը:

– Հակասություն չկա: Իրենք նկատի ունեն այն ժամկետը, երբ պատվիրակություն եկավ Հայաստան՝ Գարի Թեթչերի ղեկավարությամբ: Իսկ բանակցությունները տարբեր՝ ե՛ւ ֆինանսական, ե՛ւ պայմանագրային հարցերի շուրջ, սկսվել են անցած տարվա դեկտեմբերին: Դրանք վարում էր Արմեն Ամիրյանը՝ Հեռարձակումների միջազգային բյուրոյի (IBB) մարքեթինգի եւ ծրագրերի տեղաբաշխման բաժնի աշխատակիցների հետ:

– Մինչ հաջորդ հարցը տալը ճշտենք՝ Հանրային ռադիոընկերությունն Ազգային ռադիոյի իրավահաջո՞րդն է:

– Ո՛չ: Ազգային ռադիոն լուծարվել է, իսկ Հանրային հեռուստառադիոընկերությունը ստեղծվել է օրենքով՝ 2001-ին:

– Այսինքն՝ պնդում եք, թե այն պարտքերը, որ ուներ Ազգային ռադիոն, կամ պայմանագրերը, որ կնքել է՝ չե՞ն վերաբերում Հանրային ռադիոընկերությանը:

– Այո, չեն վերաբերում: Պայմանագիր չի եղել Հանրային ռադիոյի եւ «Ազատություն» ռադիոկայանի միջեւ:

– Իսկ «Ազատության» եւ Ազգային ռադիոյի միջեւ եղե՞լ է պայմանագիր:

– Եղել է: Իսկ Հանրային ռադիոյի եւ «Ազատության» միջեւ պայմանագիրը պարտադիր չէ, որ թղթի վրա, ստորագրված լիներ: Ի վերջո, ցանկացած բանավոր պայմանավորվածություն, եթե կողմերը շարունակում են աշխատել՝ նույնպես պայմանագրի ձեւ է: Նաեւ գրավոր կարճաժամկետ համաձայնագրեր են եղել, որոնք հենված էին Ազգային ռադիոյի հետ կնքված պայմանագրի վրա, ու ամեն ամիս Հանրային ռադիոն հաշիվ է ներկայացրել, ու «Ազատությունը» վճարել է: Եվ այդ առումով ամեն ինչ նորմալ էր՝ մինչեւ 2007-ի փետրվարը: Չեմ ուզում իրար հետ կապել, բայց ժամկետը համընկնում է նախընտրական շրջանին: Ընտրություններից առաջ «Ազատությունը» սկսեց չվճարել:

– Դարձյալ հիշեցնենք BBG-ի հաղորդագրությունը, ըստ որի՝ նոր պայմանագիր պիտի ստորագրվեր «փետրվարին ժամկետն ավարտվածի փոխարեն»: Եվ եթե չէիք ստորագրել նոր պայմանագիրը՝ հնարավոր չէր վճարում կատարել առանց դրա: Թեեւ հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ Երեւանում «վճարումները կատարելու մեր առաջարկությունը մերժվեց»:

– Այդպես չի եղել: Փետրվարից Հանրային ռադիոյի կողմից ամեն ամիս ներկայացվել են ինվոյսներ եւ չեն վճարվել: Բացի դրանից՝ մի քանի անգամ գրավոր եւ ավելի շատ՝ բանավոր խնդրել ենք վճարել պարտքերը:

Եթե խնդիրն այսպես է ներկայացվում, թե փետրվարից հետո չի եղել ոչ մի փաստաթուղթ, ապա հարց է ծագում՝ եթե Հանրային ռադիոն շարունակում էր ծառայություններ մատուցել եւ դրա հաշիվները ներկայացնել, ինչո՞ւ էին նրանք շարունակում հեռարձակվել, եթե չէին վճարում դրա համար:

– Ձեր հայտարարության մեջ շեշտված է, թե «բարի կամք» եք դրսեւորել, պատրաստակամություն հայտնել աջակցելու «Ազատության» եւ «հայկական մասնավոր ռադիոընկերությունների միջեւ բանակցություններին», որ ապահովվի ռադիոկայանի շարունակական վերահեռարձակումը:

– Մենք մասնավորների հետ միջնորդ լինելու ո՛չ իրավունք ունենք, ո՛չ էլ խնդիր, ո՛չ էլ որեւէ մեկը խնդրել է: Խոսքը միայն մասնավոր մի ռադիոկայանի՝ «Ար»-ի մասին է, որի հետ Հանրային ռադիոն ունի հեռարձակման պայմանագիր:

– Սակայն «Ազատությունը» շուրջ 4-5 տարի է՝ արդեն իսկ այդ ռադիոկայանով վերահեռարձակում է իր ցերեկային եւ երեկոյան ծրագրերը: Ուրեմն, առաջարկում եք այն, ինչ արդեն իսկ կա՞:

– Ո՛չ: Մինչ հիմա մենք «Ար»-ից վարձակալում էինք եթերը, իսկ «Ազատությունը» վարձակալում էր մեզնից: Այժմ մեր ասածն այն էր, որ ուղիղ «Ար»-ից վարձակալի: Եվ պատրաստակամություն հայտնեցինք նաեւ ազատել 9-9.15 հատվածը՝ առավոտյան ծրագրի, եւ 16-16.30-ը՝ «Մաքսլիբերթիի» համար:

– Չե՞ք պարզաբանի այս ռադիոկայանի կարգավիճակը, քանի որ տարբեր հարցազրույցներում այն մե՛կ ներկայացնում եք իբրեւ հանրայինի երկրորդ ծրագիր, մե՛կ էլ՝ իբրեւ մասնավոր ռադիոընկերություն:

– Երկուսն էլ համապատասխանում են իրականությանը: «Ար» ռադիոընկերությունը շուրջօրյա հեռարձակման պայմանագիր ունի մեզ հետ, եւ այդպես է հեռարձակվում Հանրային ռադիոյի երկրորդ ծրագիրը, ավելի ճիշտ՝ «Ռադիո Երեւանը»: Ստիպված ենք մասնավորից վարձակալում այդ ցանցը, քանի որ ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի՝ Հանրային ռադիոն պարտավոր է օրական հեռարձակել 50 ժամ հաղորդում:

– BBG-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջեյմս Գլասսմանը նշել էր. «Մեր պատվիրակությանն ասացին, որ վերջնաժամկետներ չկան եւ որեւէ սպառնալիք չկա, որ «Ազատության» ծրագրերը դուրս կմնան Հանրային ռադիոյի եթերից»:

– Խոսքը հետեւյալի մասին է. երբ պատվիրակությունը եկավ այստեղ, խոսակցություն կար, որ մինչեւ օգոստոսի 9-ը իրենք չեն հասցնի: Ուստի ասացինք, որ էլի կընդառաջենք, եւ այդպես չէ, թե այդ օրը գալու ենք եւ անջատելու: Ասացինք, թե կշարունակենք այնքան, մինչեւ ձեռք բերվեն համաձայնությունները եւ լուծվի պարտքերի խնդիրը:

– Ամերիկյան կողմը նաեւ նշել է, թե ակնհայտ է, որ պայմանագրից հրաժարվելը հիմնավորված չէ իրավական, պայմանագրային, տնտեսական կամ տեխնիկական խնդիրներով: Բացառման մեթոդով ակնհայտ է դառնում, որ Հանրային ռադիոյով վերահեռարձակման դադարեցումը համարվում է քաղաքական դրդապատճառներով կայացված որոշում: Մտավախություն չունե՞ք, որ հետեւանքները նույնպես կլինեն քաղաքական:

– Նախ, այդ հաղորդագրության մեջ նշված չէ, թե պատճառները քաղաքական են. դա ձեր ենթադրությունն է: Եվ համաձայն եմ, որ պայմանագիր չկնքելու պատճառն իսկապես իրենց նշածների մեջ չէ: Պատճառը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հուլիսի 6-ի որոշումն է: Այսինքն՝ խորհուրդը, որ մինչ այդ ամիսներ շարունակ քննարկում էր այս հարցը, եւ այդ կապակցությամբ եղել են հասարակական քննարկումներ՝ ԱԺ-ում, մամուլում եւ այլն, հուլիսի 6-ին միաձայն որոշեց, թե Հանրային հեռուստառադիոընկերությունը Սահմանադրությամբ եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով նման խնդիր չունի, որ պետության կողմից իրեն հատկացված հաճախություններն առանց մրցույթի, առեւտրային կամ այլ ձեւով տրամադրի տեղական եւ այլ հեռարձակողների: Մեր խնդիրն այն է, որ սա իսպառ բացառվի ոչ միայն արդեն գործողների համար, այլ նաեւ հետագայում: Չէ՞ որ վաղը կարող է ցանկություն լինել նաեւ ռուսական, ֆրանսիական կամ իրանական կողմից, որ Հանրային հեռուստառադիոընկերությամբ ունենան իրենց ժամերը: Այդ ժամանակ ի՞նչ տրամաբանությամբ պետք է մերժենք նրանց:

– Հիշեցնեմ, որ Հայաստանում ֆրանսիական առանձին ռադիոալիք է գործում, իսկ ռուսական ալիքները հեռարձակվում են ամբողջ տարածքում:

– Դեմ չեմ, որ հեռարձակվեն մասնավոր կամ առանձին հաճախություններով, որոնք կարգավորվում են միջպետական հարաբերությունների կամ առեւտրային ոլորտներում: Եվ ինչքան շատ լինեն նման ալիքները, այնքան լավ՝ Հայաստանն այս հարցում պիտի շատ բաց լինի: Խնդիրն այն է, որ Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով չհեռարձակվեն տեղական եւ արտասահմանյան հեռարձակողների հաղորդումներ: Եվ սա նաեւ այլ պետությունների կողմից արդեն ակնարկվող ցանկությունների դեմ կատարվող կանխարգելիչ քայլ էր:

– Ի՞նչ այլ պետություններ են:

– Այդ մասին չեմ ուզում խոսել: Բայց նման ակնարկներ, ցանկություններ արտահայտվել են ոչ միայն իմ, այլ նաեւ հանրապետության տարբեր պաշտոնյաների հետ զրույցներում:

– Այնուամենայնիվ, մտավախություն չունե՞ք, թե կլինեն քաղաքական հետեւանքներ, մանավանդ որ՝ Հայաստանում ԱՄՆ-ի գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին հիշեցրել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի «չափորոշիչներից մեկը ազատ խոսքն է եւ պատասխանատվությունը: Կորպորացիայի կառավարող խորհուրդը դեկտեմբերին նիստ է գումարելու եւ գնահատելու է կացությունը»: Իսկ ներկա հավատարմատար Ռուդոլֆ Փերինան էլ բազմիցս նշել է, որ եթե «Ազատության» հեռարձակումը դադարեցվի ակնհայտ քաղաքական նկատառումներով, «Արեւմուտքում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի բարեկամների համար շատ դժվար կլինի դա հասկանալը»:

– Էնթոնի Գոդֆրին ներկա է եղել մեր հանդիպումներին եւ նման խնդիր չի արծարծել: Միայն խնդիր է դրվել, որ մեր քաղաքականությունը հստակ լինի: Եվ երկրորդը, որ հնարավորություն տրվի «Ազատություն» ռ/կ-ին ամբողջ Հայաստանի տարածքով անխափան շարունակել հեռարձակումը:

Չեմ կարծում, թե «Ազատություն» ռադիոկայանի հարցը կարող է ազդել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա. դրանք բարեկամական են եւ պետք է այդպես շարունակվեն: Եվ եթե Հայաստանում հնարավորություն չտրվեր ամերիկյան ռադիոկայանի աշխատանքները շարունակելու համար՝ այդ ժամանակ կարող էր այդպիսի խնդիր ծագել: Բայց այժմ հանրայինն իրենից կախված ամեն ինչ արել է՝ երկրորդ ծրագրում իր եթերի 2 ժամ 5 րոպեից հրաժարվել է, որ հնարավորություն տա «Ազատությանը» հեռարձակվել ամբողջ Հայաստանի տարածքում: Ավելին՝ մենք պատրաստ ենք քննարկել, թե իրենց ինչքան ժամանակ է պետք, որ այդ անցումը սահուն լինի, պատրաստ ենք նաեւ Հանրային հեռուստատեսությամբ պարբերաբար տեղեկատվություն տալ այդ անցման մասին: Այսինքն՝ մեր խնդիրը չի, որ «Ազատություն» ռ/կ-ն չհեռարձակվի Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել