ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը վստահ է, որ նախագահական ընտրություններում կձեւավորվի հանրապետական մի ուժեղ բռունցք, որը երկիրն առաջ կտանի:
Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը օրերս մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց, որ երկրի համար շահեկան չի լինի, եթե ե՛ւ ՀՀ նախագահը, ե՛ւ Ազգային ժողովի նախագահը, ե՛ւ վարչապետը լինեն միեւնույն՝ Հանրապետական կուսակցությունից: Իրենք՝ հանրապետականները բոլորովին հակառակ կարծիքին են եւ վստահ են, որ ընդհակառակը՝ միայն եւ միայն հանրապետական նախագահը կարող է շահեկան լինել երկրի համար: «Առավոտի» հետ զրույցում հակադրվելով դաշնակցական գործընկերոջը՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն ասաց. «Կարծում եմ, իրականում երկրի համար շահեկանը, կարեւորը եւ օգտակարը ոչ թե այս կամ այն թեկնածուի հաղթանակն է, այլ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, եւ այդ ընտրությունների ընթացքում արդեն, իհարկե, կարեւորվում է, թե որ թեկնածուն կանցնի: Մոդելավորել քաղաքական կարծիքը եւ ասել, որ քաղաքական տեսանկյունից ճիշտ չի լինի, որ հաղթի այս կամ այն թեկնածուն, այն դեպքում, երբ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում տվյալ թեկնածուն հաղթող է, կարծում եմ, սա հենց ժողովրդավարության թերագնահատման խնդիր կարող է առաջացնել: Կրկնում եմ, կարեւորն այն է, որ ընտրություններն անցնեն էլ ավելի ժողովրդավարական, որեւէ խնդիր ներքին եւ արտաքին լեգիտիմության հետ ընտրվելիք նախագահը չունենա եւ երկիրը չունենա»: Ըստ Արմեն Աշոտյանի, ժողովրդավարական ընտրությունների անցկացումից հետո միայն կարեւոր է դառնում, թե որ թեկնածուն կհաղթի, սակայն մի բանում մեր զրուցակիցը վստահ է՝ հաղթողը լինելու է հանրապետական թեկնածուն. «Խորհրդարանական ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ մեր հասարակության մեջ ամենամեծ քաղաքական վստահությունը եւ համակրանքը վայելում է Հանրապետական կուսակցությունը, որն իր կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ տնօրինում է շուրջ 700 հազար ձայն, մի թիվ, որը լիովին բավարար է նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում հաղթելու համար»:
Հիշեցնենք, որ Արմեն Ռուստամյանը այս կապակցությամբ եւս որոշ մտքեր էր արտահայտել՝ փորձելով համոզել, որ եթե ՀՀԿ-ն ԱԺ ընտրություններում հաղթել է եւ որակական մեծամասնություն է ստացել խորհրդարանում, ապա դա ամենեւին չի նշանակում, որ նույնը կրկնվելու է նաեւ նախագահական ընտրություններում. «Ուղղակի կամ անուղղակի համարվում է, թե քանի որ խորհրդարանական ընտրությունները տվել են որոշակի արդյունք, այդ արդյունքը պետք է սիմետրիկ, այսպես ասած, տեղափոխվի նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Ես կարծում եմ, որ սա ճիշտ պատկերացում չէ քաղաքական գործընթացների, նաեւ Հայաստանի առկա իրավիճակի հետ կապված»,- ասել էր Դաշնակցության ներկայացուցիչը: Այս կապակցությամբ Արմեն Աշոտյանը եւս ասելիք ուներ. «Կարծում եմ, խորհրդարանական ընտրություններից մինչեւ նախագահական ընկած ժամանակը լուրջ անակնկալներ չի բերի, եւ քաղաքական տրամադրվածությունները էական փոփոխությունների չեն ենթարկվի: Եվ հետո, նորաստեղծ կառավարությունն իր ծրագրով եւ կոնկրետ գործողություններով արդեն քայլեր է ձեռնարկել, որպեսզի թե՛ սոցիալական խնդիրները, թե՛ պետության առջեւ ծառացած այլ խնդիրներ լուծվեն այն մակարդակով, որ ոչ միայն պահպանվի Հանրապետականի նկատմամբ հավատը եւ վստահությունը, այլեւ՝ ավելացվի»: Արմեն Աշոտյանն ասաց նաեւ, որ Հանրապետականը շատ մարտական է տրամադրված՝ ամրապնդել եւ ավելացնել խորհրդարանականում տարած հաղթանակը. «Այս գործողությունները մեզ թույլ են տալիս ասել, որ նախագահական ընտրություններում մեր թեկնածուն ունենալու է լավագույն շանսերը»:
Այլ կուսակցությունների կողմից արվող քաղաքական որոշ վերլուծություններ Արմեն Աշոտյանը համարում է «գաղտնի ցանկությունների հրապարակում». «Չեք գտնի Հայաստանում մի քաղաքական ուժ, որ չուզենա նախագահական ընտրություններում հաղթանակի բերել սեփական թեկնածուին. ահա այս փիլիսոփայական տրամաբանությամբ եմ ես նայում մնացած բոլոր կարծիքներին, թեպետ ռեալ քաղաքական հարթության մեջ այդ ցանկությունները իրականությունից բավականին հեռու են»:
Որոշ վերլուծություններ են արվում, որ այս պահին իշխանության համար պայքարն ընթանում է ոչ թե ընդդիմություն-իշխանություն դաշտում, այլ՝ հենց իշխանության ներսում: Արմեն Աշոտյանը համամիտ չէր, եւ ահա թե ինչու. «Լավ կյանքից չէ, որ ընդդիմությունն այդպես էլ չի կողմնորոշվում իր ապագա թեկնածուի հարցում, եւ սա բնական է, որովհետեւ տարիներ շարունակ ընդդիմությունը Հայաստանում գործել է ոչ թե հանուն ինչ-որ լավ բանի, այլ՝ ընդդեմ իշխանության: Եվ սա քաղաքական առողջության մասին չի խոսում, եւ ես չեմ հավատում, որ միասնական թեկնածու կգտնեն հիմա: Եվ այնքան սնանկ է ընդդիմադիր քաղաքական դաշտը, որ հիմա էլ փորձում են վերակենդանացնել առաջին նախագահի քաղաքական կերպարը, որը իր դերակատարությունը պատմության մեջ արդեն ունեցել է, եւ հիմա նորից հույսը դնել պատկառելի քաղաքական կենսափորձ ունեցող, բայց արդեն անցած 20-րդ դարի գործչի վրա, դա էլ արդեն ընդդիմության քաղաքական անառողջության մասին է խոսում, լավ կյանքից չէ, մի խոսքով»: