Գիրք հինգերորդ
Գլուխ իններորդ
ՈՒՐԲԱԹԱԽՈՍ ԱՐՄԵՆԱԿ
– Որ հեռացնում են, է՛դ վախտ են աշխատանքային գրքույկի մեջ նշում,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- որ Սեյրանին ազատի, իրա դիմումի համաձայն կազատի:
– Համոզվա՞ծ ես,- հարցրեց Բասենցյանը:
– Հա,- ասաց Աշոտը.- ինչքան չըլնի՝ խմբագիրը խղճով մարդ ա:
– Համոզվա՞ծ ես,- ժպտաց Անահիտը:
– Որ խղճով չըլներ, դրան արդեն մի քանի անգամ հեռացրած կըլներ,- ասաց Աշոտը:
– Վերջին անգամ դու բարեխոսեցիր,- Աշոտին ասաց Բասենցյանը:
– Էս անգամ էլ կբարեխոսի,- ասաց Անահիտը:
– Էս անգամ վախենամ չստացվի,- ասաց Աշոտը:
– Կստացվի,- ասաց Բասենցյանը.- խմբագիրը քո ասածները հաշվի է առնում:
– Վայ թե՝ արդեն բանը բանից անցել ա,- ասաց Աշոտը:
– Խե՜ղճ տղա,- հառաչեց Անահիտը:
– Խեղճը դրա կինն է, որ մի մատ էրեխեքը գրկին՝ տնից տուն է թափառում,- ասաց Բասենցյանը:
– Հիմի էլ գնացել հասել են Աբովյան,- ասաց Աշոտը:
– Աբովյա՞ն խի են հասել,- հարցրեց Անահիտը:
– Էնտեղ վարձը քիչ ա,- ասաց Աշոտը:
– Ինչքա՞ն քիչ,- հարցրեց Անահիտը:
– Կարծեմ՝ ամիսը տասնհինգ մանեթ ա տալի,- ասաց Աշոտը:
– Տասնհինգ մանեթանոց տունը պատկերացնում եմ ինչ կլինի,- ասաց Բասենցյանը:
– Լավ էլ նորմալ տուն ա,- ասաց Աշոտը:
– Էղե՞լ ես,- հարցրեց Անահիտը:
– Հա,- ասաց Աշոտը.- վեշերը տեղափոխելուց բա չէի գնացե՞լ:
– Խեղճերը գոնե վեշ ունեի՞ն,- հարցրեց Անահիտը:
– Մի հատ սեղան էր, մի քանի հատ աթոռ, մի հատ էլ՝ գարդիրոբի պես բան,- ասաց Աշոտը:
– Բա կռավա՞թ,- հարցրեց Անահիտը:
– Հա. մեկ էլ՝ էրեխեքի օրորոցն ու կալյասկեն,- ասաց Աշոտը:
– Բա իրա՞նց կռավաթ,- հարցրեց Անահիտը.- կռավաթ չունե՞ն:
– Կռավաթ չունեն, բայց էդ վարձով տան մեջ էրկու հատ կռավաթ կա,- ասաց Աշոտը:
– Դե լավ ա,- ասաց Անահիտը:
– Ի՞նչն է լավ,- զարմացավ Բասենցյանը:
– Որ գոնե կռավաթ ունեն,- ասաց Անահիտն ու ավելացրեց.- ամսական տասնհինգ մանեթն էնքան է՛լ շատ չի:
– Բայց ահագին էլ ավտոբուսներին է տալիս,- ասաց Բասենցյանը.- ամեն Աստծո օր Աբովյան է գնում ու գալիս:
– Ճիշտ եք ասում,- ասաց Անահիտը.- էդ մեկը չէի հաշվել:
– Ստացածն ընդամենը հարյուր ռուբլի չի՞,- ասաց Բասենցյանը.- ո՞նց կհերիքի:
– Դրա համար էլ ստիպված էդ ֆոտոների փողն ա քյաֆ գնացել,- ասաց Անահիտը:
– Էդ ստացած հարյուր ռուբլին որ տան վարձ ու էդ ավտոբուսներին տա, տակն ի՞նչ կմնա,- հարցրեց Բասենցյանը:
– Ինքն արդեն ավտոբուսներին փող չի տալի,- ասաց Աշոտը:
– Ինչպե՞ս թե՝ չի տալիս,- զարմացավ Բասենցյանը:
– Փող ունի՞, որ տոմս առնի,- ասաց Անահիտը.- երեւի զայչիկի պես ավտոբուսից ավտոբուս ա թռնում:
– Դու քե՛զ տես,- ասաց Աշոտը.- հեչ էլ զայչիկի պես չի թռնում:
– Բա ո՞նց ա անում,- հարցրեց Անահիտը:
– Ավտոյով ա գնում Աբովյան ու գալի,- ժպտաց Աշոտը:
– Ավտոյո՞վ,- զարմացավ Բասենցյանը.- ո՞ւմ ավտոյով:
– Իրա սեփական ավտոյով,- շարունակեց ժպտալ Աշոտը:
– Ի՞նչ սեփական ավտո,- ապշեց Անահիտը.- ինքը սեփական ավտո ունի՞:
– Արդեն մի քանի ամիս ա,- ասաց Աշոտը:
– Ի՞նչ մեքենա է,- կմկմաց ապշահար Բասենցյանը:
– «Զապորոժեց»,- ժպտաց Աշոտը:
– Թոփ թազա՞,- հարցրեց Անահիտը:
– Թազեն թազա չի՝ մի քանի տարվա քշած ա, բայց շատ լավ վիճակում ա,- ասաց Աշոտը:
– Ասում ես՝ երբ ա առե՞լ,- հարցրեց Անահիտը:
– Հունիսի սկզբներին,- ժպտաց Աշոտը:
– Բա ո՞նց մեզ չի ասել,- զարմացավ Բասենցյանը:
– Ո՞ւմ ա ասել, որ ձեզ ասեր,- ծիծաղեց Աշոտը:
– Բա դու ո՞նց ես իմացել,- հարցրեց Անահիտը:
– Լրիվ պատահական,- ասաց Աշոտը.- մի քանի օր առաջ տնտեսագիտականի մայթով իջնում էի, մեկ էլ տեսա՝ իրա էդ «Զապորոժեցը» թերթի կրպակի դեմ կանգնեց, ու մեջից հպարտ-հպարտ մեր Սեյրանը դուս էկավ:
– Բա ո՞նց մեզ չէիր ասում,- հարցրեց Անահիտը:
– Ինքը որ չի ասել, ես ո՞նց ասեի,- ծիծաղեց Աշոտը.- ինքն ինձ խնդրել էր, որ մարդու չասեմ:
– Բա հիմա ո՞նց ես ասում,- հարցրեց Անահիտը:
– Հիմի արդեն Դարբինյանն էլ գիտի,- ասաց Աշոտը:
– Ինքն ա՞ Դարբինյանին ասել,- հարցրեց Անահիտը:
– Չէ,- ասաց Աշոտը.- էսօր առավոտ խմբագիրն ուզեցել ա իրա «Ժիգուլին» իրա մշտական տեղը՝ էս լուսամուտի տակ կանգնացնի, տեսել ա՝ էդ իրա մշտական տեղը մի հատ սպիտակ «Զապորոժեց» ա կանգնած:
– Սպիտակ ա, հա՞,- հարցրեց Անահիտը:
– Հա,- ասաց Աշոտը:
– Հետո՞, Աշոտ,- քթի տակ խնդմնդալով՝ հարցրեց Բասենցյանը:
– Հետո որ Դարբինյանը պահակին հարցրել ա՝ «էդ ի՞նչ զապ ա», պահակը զարմացել ու ասել ա՝ «քու ֆոտոգրաֆի զապն ա»,- ասաց Աշոտը:
– Հետո՞,- անհամբեր հարցրեց Անահիտը:
– Էլ ի՞նչ հետո,- ծիծաղեց Աշոտը.- Դարբինյանն ըտե՛նց ա իմացել, որ Սեյրանի զապիկն ա:
– Բա չի զարմացե՞լ,- հարցրեց Անահիտը:
– Դուք չզարմացա՞ք,- ժպտաց Աշոտը:
– Զարմանալն է՛ն խոսքը չի,- ասաց Անահիտը:
– Ապշելու բան է,- ասաց Բասենցյանը:
– Դուք որ ապշել եք, Դարբինյանը ո՞նց չէր ապշի,- ծիծաղեց Աշոտը:
– Դու ծիծաղա՛, Աշո՛տ տղա,- ծիծաղեց Անահիտը.- Սեյրանն է՛լ ավտոյի տեր դառավ:
– Ինչքանո՞վ է էդ մեքենան առել,- հարցրեց Բասենցյանը:
– Հազարով,- ասաց Աշոտը:
– Հազարո՞վ,- զարմացավ Անահիտը.- բա առավոտից իրիկուն նվնվում էր, ասում էր՝ կոպեկ չունեմ:
– Ասում ա՝ էդ հազարից յոթ հարուրն աներն ա տվել,- ասաց Աշոտը:
– Շատ հնարավոր է,- ասաց Բասենցյանը:- Աներն ինչացո՞ւ է:
– Արհեստավոր ա,- ասաց Աշոտը:
– Կարծեմ՝ իրանց Ղափանից ա,- ասաց Անահիտը:
– Հա,- ասաց Աշոտը.- նույն գյուղից են:
– Դե լավ է, որ փեսին քոմագ է անում,- ասաց Բասենցյանը:
– Լավը լավ ա, բայց խմբագիրը կասկածում ա,- ասաց Աշոտը:
– Ի՞նչ ա կասկածում,- հարցրեց Անահիտը:
– Ինքը մտածում ա, որ ոչ թե աներն ա էդ զապիկի փողը տվել, այլ Սեյրանն ա մանրից էս ձեւերով քերել ու հետ գցել,- ասաց Աշոտը:
– Ի՞նչ ձեւերով,- հարցրեց Անահիտը:
– Մտածում ա՝ էդ ֆոտոների թղթի ու նյութերի անվան տակ սաղ տարին իրանից փող ա պլոկել,- ասաց Աշոտը:
– Խոսքը մեր մեջ, շատ հնարավոր ա,- ասաց Անահիտը:
– Հնարավորը հնարավոր է, բայց եղածն արդեն եղած է,- ասաց Բասենցյանը.- հո մարդուն դատի չե՞ս տա:
– Դատի չի տա, բայց էս անգամ հաստատ կհեռացնի,- ասաց Անահիտը:
– Աշոտը մի բան կանի,- ասաց Բասենցյանը:
– Էս անգամ դժվար թե ստացվի,- ասաց Աշոտը:
– Որ պետք լինի, մենք էլ մե՛ր կողմից կխնդրենք,- ասաց Բասենցյանը:
– Ոչ էլ կխնդրենք,- ասաց Անահիտը:
– Քե՞զ ինչ պատահեց, ա՛յ Անահիտ,- զարմացավ Բասենցյանը:
– Էդ անշնորհքին տենո՞ւմ ես,- դժգոհեց Անահիտը.- ուրեմն, մեզնից է՛լ ա թաքուն պահել:
– Մտածել է՝ խմբագիրը չիմանա,- ասաց Բասենցյանը:
– Կարող ա՞ մենք խոսք հասցնող ենք,- նեղսրտեց Անահիտը:
– Մաղարիչից ա վախեցել,- ծիծաղեց Աշոտը:
– Իրա մաղարիչին կարոտ չենք,- ասաց Անահիտն ու ավելացրեց.- ըտենց բաները մարդիկ իրանց չուզողներից են թաքուն պահում:
– Վախեցել է՝ խմբագրի ականջն ընկնի,- ասաց Բասենցյանը:
– Խմբագիրը շուտ թե ուշ պիտի իմանար,- ասաց Անահիտը.- էդ զապոն հո ասեղ չի՞, որ մեշոկի մեջ պահեր:
– Մտածել է՝ ինչքան ուշ խմբագիրն իմանա, էնքան՝ լավ,- ասաց Բասենցյանը:
– Բա Աշոտի՞ն ոնց ա ասել,- հարցրեց Անոն:
– Ասում եմ՝ լրիվ պատահական եմ տեսել,- ասաց Աշոտը:
– Ե՞րբ ես տեսել,- հարցրեց Բասենցյանը:
– Մի շաբաթ կըլնի,- ասաց Աշոտը:
– Ա՛յ Աշոտ, փաստորեն, դու է՛լ ես մեզնից թաքուն պահել,- ասաց Անահիտը.- դու է՛լ մեզ չես վստահել:
– Ինքը շատ խնդրեց, որ մարդու բան չասեմ,- արդարացավ Աշոտը:
– Ա՜յ քեզ տափո՜ւկ,- ասաց Անահիտը:
– Ես որ իրան զապից դուրս գալուց տեսա, գույնը միանգամից գցեց,- ծիծաղեց Աշոտը.- ոնց որ գողության վրա բռնված ըլներ:
– Ուրիշները որ «Վոլգա» ու «Ժիգուլի» են քշում, իրենց հեչ էլ վատ չեն զգում,- ասաց Բասենցյանը:
– Էդ ուրիշներն առավոտից իրիկուն լաց չեն ըլնում, թե՝ հացի փող չունեն,- ասաց Անահիտը:
– Փաստորեն, աներոջ փողով է առել,- ասաց Բասենցյանը.- աներն է փողը տվել:
– Տվել ա՝ լավ ա արել,- ասաց Անահիտը.- բայց մեզնի՞ց խի ա թաքուն պահում:
– Չես իմանա,- ասաց Բասենցյանը.- մարդ արարածը շատ բարդ երեւույթ է:
– Հա,- ասաց Անահիտը.- դրա հոգին շա՜տ խորն ա:
– Մալադե՛ց աներ,- ժպտաց Բասենցյանը:
– Տափո՛ւկ,- ասաց Անահիտը:
– Շատ կոպիտ ես, Անահիտ ջան,- ասաց Բասենցյանը:
– Որ պետք ըլնի՝ իրա էրեսին կասեմ,- ասաց Անահիտը:
– Ախր ի՞նչ է արել,- ասաց Բասենցյանը.- հո համայն աշխարհին չէ՞ր հայտարարելու, որ մեքենա է առել:
– Ուրեմն, մենք իրա համար համայն աշխարհ ե՞նք,- դժգոհեց Անահիտը:
– Առանց այդ էլ խմբագիրն էդ մեքենան խեղճի քթից է հանելու,- ասաց Բասենցյանը.- մենք էլ մեր կողմից վրա չտանք:
– Մենք մեղավոր դուրս էկա՞նք,- դժգոհեց Անահիտը:
– Աստված տա՝ խերով մեքենա լինի,- ասաց Բասենցյանը:
– Ե՛ս թող չուզողն ըլնեմ,- ասաց Անահիտը:
– Մենակ թե՝ աշխատանքից չհեռացնի,- ասաց Բասենցյանը:
– Դրա գաղտնապահությա՜նը տեսեք,- ասաց Անահիտը:
– Իր մոտ էդ մեքենայի մասին խոսակցություն չբացեք,- ասաց Բասենցյանը:
– Մենակ էդ էր պակաս,- ասաց Անահիտը.- ինքը որ թաքուն ա պահել, մենք խի՞ պիտի խոսանք:
– Մենակ թե՝ հեռացման հրաման չտա,- ասաց Բասենցյանը:
– Աշոտը մի բան կանի,- ասաց Անահիտը:
– Մենք էլ մե՛ր կողմից կասենք,- ասաց Բասենցյանը:
– Չնայած արժանի չի, բայց կասենք,- համաձայնվեց Անահիտը:
– Մանր էրեխեք ունի,- ասաց Բասենցյանն ու ավելացրեց.- ինքն էլ, ի վերջո, լավ տղա է:
– Թերությունները չհաշված,- ծիծաղեց Անահիտը:
– Իր հեռացվելը որ կարողանանք կանխել, հետո իրեն մի քանի քաղցր խոսք կասենք,- ժպտաց Բասենցյանը:
– Շունգել՝ մեր Սեյրանն ա,- ասաց Անահիտը.- իրան որ հեռացնի, տեղը եսիմ ում բերի:
– Մենք մեզ հերիք ենք,- ասաց Բասենցյանը.- նոր մարդ չենք ուզում:
– Մանավանդ ֆոտոգրաֆ,- ասաց Անահիտը.- դրանք սաղն էլ մի սանրի կտավ են:
– Սեյրանը փառք ա,- ասաց Աշոտը:
– Մենք մեզ հերիք ենք,- կրկնեց Բասենցյանը.- նոր մարդ չենք ուզում:
– Ուզենք թե չուզենք, նոր մարդ պիտի ընդունենք,- ժպտաց Աշոտը:
– Ի՞նչ նոր մարդ,- զարմացավ Անահիտը:
– Ո՞ւմ,- հարցրեց Բասենցյանը:
– Արմենակին,- ասաց Աշոտը:
– Արմենա՞կն ով ա,- ավելի զարմացավ Անահիտը:
– Մեր Արմենը,- ինձ նայեց ու ժպտաց Աշոտը:
– Արմեն ասա, տնա՛շեն,- ասաց Անահիտը.- Արմենա՞կը որն ա:
– Նույն անունն են,- ժպտաց Աշոտը:
– Ինձ էլ թվաց՝ թազա ախալքալաքցի եք ճարել,- ծիծաղեց Բասենցյանը:
– Էդ Արմենակ անունը հեչ չեմ սիրում,- ասաց Անահիտը.- Արմենն ափսոս չի՞:
– Նույն անունն են,- կրկնեց Աշոտը:
– Կարող ա նույնն են, բայց էդ Արմենակը հեչ չեմ սիրում,- ասաց Անահիտն ու ավելացրեց.- ախպորս անունն էլ ա Արմեն, բայց որ իրան Արմենակ են ասում, մի տեսակ խորթ ա հնչում:
– Եղբորդ Արմենակ ասող կա՞,- հարցրեց Բասենցյանը:
– Մի հատ հարեւան ունենք, իրան միշտ Արմենակ ա ասում,- ասաց Անահիտը.- որ Արմենակ ա ասում, գլխիս որդերը շարժվում են:
– Գլխիդ որդերը շատ զգայուն են,- ծիծաղեց Աշոտը.- ի՞նչ տարբերություն՝ Արմեն թե Արմենակ:
– Արմենակը մի տեսակ բիձայական ա,- ասաց Անահիտը.- Արմենն ավելի ջահելական ա:
– Ջահելական ա՝ ջահելական չի, իրան պիտի գործի ընդունենք,- ժպտաց Աշոտը:
– Արմենի՞ն,- հարցրեց Անահիտը:
– Հա,- ասաց Աշոտը.- ինչքան էլ նոր մարդ չուզեք, Արմենին պիտի ընդունենք:
– Նոր մարդ չենք ուզում, բայց Արմենին ուզում ենք,- ժպտաց Անահիտը:
– Էդ ո՞նց հասկանանք,- խորամանկ ժպտաց Աշոտը:
– Ոնց ուզում ես հասկացի,- կարմրեց Անահիտը:
– Արմենը նոր մարդ չի,- ասաց Բասենցյանը.- արդեն ժամից ավել է՝ իրար ճանաչում ենք:
– Ընենց որ՝ իզուր ես իրան մեր դեմ տրամադրում, Աշո՛տ տղա,- ծիծաղեց Անահիտը:
– Արմենն արդեն մերոնքական է,- ժպտաց Բասենցյանը:
– Հա,- ժպտաց Աշոտը:
– Արմենն արդեն էս խմբագրության գաղտնիքներն էլ գիտի,- ասաց Բասենցյանը:
– Հա,- ասաց Անահիտը.- ինքը կարող ա մի քանի տարի աշխատեր, բայց էնքան բան չիմանար՝ ինչքան որ էս մի ժամվա մեջ իմացավ:
– Մի ժամ էլ որ մնաս, սաղ քաղաքի անցուդարձը կիմանաս, Արմո ջան,- ծիծաղեց Աշոտը:
– Ուզում ես ասես՝ բամբասող ե՞նք,- Աշոտին թարս նայեց Անահիտը:
– Դո՛ւ ասացիր,- ծիծաղեց Աշոտը:
– Բամբասելն ու ճշմարտությունն ասելը լրիվ տարբեր բաներ են,- ասաց Անահիտը:
– Մեր Արմենակից հե՛չ բամբասող դուրս չի գա,- ժպտաց Բասենցյանը:
– Արմենակ մի՛ ասեք, ընկե՛ր Բասենցյան,- խնդրեց Անահիտը:
– Կատակով եմ ասում,- ասաց Բասենցյանը:
– Թեկուզ կատակով,- ասաց Անահիտը:
– Էլ չեմ ասի,- ժպտաց Բասենցյանը:
– Քեզ հեչ Արմենակ ասո՞ւմ են,- ինձ հարցրեց Անահիտը:
– Կատակով ասում են,- ժպտացի ես:
– Վերջապես խոսե՜ց,- ծիծաղեց Բասենցյանն ու ինձ նայելով՝ ավելացրեց.- տնա՛շեն, ժամից ավել է՝ բառըմ չես խոսել:
– Ընկեր Բասենցյանը ճիշտ ա ասում,- ինձ ժպտաց Անահիտը:
– Ի՞նչն ա ճիշտ ասում,- հարցրի ես:
– Հեչ բամբասանքի ընկեր չես,- ասաց Անահիտը:
– Ուրբաթախոս է,- ժպտաց Բասենցյանը:
– Բայց մի բանը շատ լավ ա,- ասաց Անոն:
– Ի՞նչն է լավ,- հարցրեց Բասենցյանը:
– Ինքը չի խոսում, բայց շատ ուշադիր լսում ա,- ծիծաղեց Անահիտը.- բամբասողին լսող էլ ա, չէ՞, հարկավոր:
– Լսելն, իհարկե, շատ լավ է, բայց ժամանակ առ ժամանակ ինքն է՛լ պիտի խոսի,- ասաց Բասենցյանը:
– Թեմային ծանոթ չեմ,- արդարացա ես:
– Խոսե՜ց,- ծիծաղեց Անահիտը:
– Բամբասելու համար թեմային ծանոթ լինելը հեչ պարտադիր չի, Արմո ջան,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- իրանք Սեյրանի էդ զապը հեչ չեն էլ տեսել, բայց ինձանից լավ են բամբասում:
– Տենալը հե՛չ պարտադիր չի,- ծիծաղեց Անահիտը:
– Բամբասանքի հարցում կարեւորը ինֆորմացիան է,- ժպտաց Բասենցյանը:
– Մեկ էլ՝ ֆանտազիան,- ժպտաց Աշոտը:
– Այո,- հաստատեց Բասենցյանը.- երեւակայությունը չափազանց կարեւոր նախապայման է:
– Բայց ես հե՛չ ինֆորմացիա չունեմ,- արդարացա ես.- նյութին բացարձակապես չեմ տիրապետում:
– Խոսե՜ց,- ժպտաց Բասենցյանը:
– Էն էլ ո՜նց խոսեց,- ծիծաղեց Անահիտն ու ինձ հարցրեց.- ո՞ր նյութին չես տիրապետում, Արմեն ջան:
– Ես ոչ միայն էդ զապը չեմ տեսել, այլեւ Սեյրանին էլ կյանքումս տեսած չկամ,- ժպտացի ես:
– Ոչինչ, Արմեն ջան,- ժպտաց Բասենցյանը.- առայժմ լսելով կբավարարվես՝ մինչեւ նյութին խորքանց ծանոթանաս:
– Լսելն էլ ա շատ կարեւոր,- ասաց Աշոտը.- պատկերացնո՞ւմ եք՝ բոլորս բամբասենք, ու ոչ մեկը չլսի:
– Ճիշտ ես ասում, Աշոտ ջան,- ասաց Բասենցյանը.- առանց լսողի ի՞նչ բամբասանք:
– Եթե լսող չկա, ամենաուժեղ բամբասանքն էլ ջուրն ա ընկնում,- հաստատեց Անահիտը:
– Ասողին լսող ա պետք,- ասաց Աշոտը:
– Բայց իսկական բամբասողը պիտի համ լսել իմանա, համ էլ՝ խոսել,- ասաց Անահիտը:
– Արմենն ուրբաթախոս է երեւում,- ասաց Բասենցյանը.- կարծում եմ՝ իր հիմնական ֆունկցիան լսելն է լինելու:
– Հաստատ չեք կարա ասեք,- ասաց Անահիտը.- Աշոտը որ նոր էր գործի ընդունվել, ուրբաթախոս չէ՞ր:
– Հիմա շատախո՞ս է,- զարմացավ Բասենցյանը:
– Շատախոսը շատախոս չի, բայց շա՜տ յամանն ա,- ասաց Անահիտը:
– Ինչո՞վ եմ յաման,- հարցրեց Աշոտը:
– Փաստորեն, մեջներիցս մենակ դու ես իմացել, որ էդ անշնորհքը զապիկ ա առել,- ասաց Անահիտը:
– Ես մեղավո՞ր եմ, որ պատահաբար տեսել եմ,- զարմացավ Աշոտը:
– Էդ մեքենայի վրա շատ չնաֆսենք, Անահիտ ջան,- ասաց Բասենցյանը:
– Չենք նաֆսում, ընկեր Բասենցյան,- ասաց Անահիտը.- բայց անշնորհքությունը մնում ա անշնորհքություն:
– Թող խերով ավտո լինի,- ասաց Բասենցյանը:
– Ըսենց ժամանակ ասում են՝ թող անփորձանք ավտո ըլնի,- ասաց Աշոտը:
– Էդ ըսե՛նց ժամանակ չեն ասում,- ասաց Անահիտը:
– Բա ե՞րբ են ասում,- զարմացավ Աշոտը:
– Մաղարիչի ժամանակ են ասում,- ասացի ես:
– Ինձնից շատ կապրես, Արմեն ջան,- ասաց Անահիտը:
– Քանի՞ տարեկան ես, Արմեն,- հարցրեց Բասենցյանը:
– Քսաներեք,- ասացի ես:
– Ինձնից չորս տարի փոքր ես. բնական ա, որ ինձնից շատ կապրես,- ասաց Անահիտն ու ինձ ժպտալով՝ ավելացրեց.- վռազ միտքս կարդացիր. դու է՛լ ես շատ յամանն էրեւում:
– Չի զգացվում,- ասացի ես:
– Ի՞նչը չի զգացվում,- զարմացավ Անահիտը:
– Չի զգացվում, որ ինձնից չորս տարով մեծ եք,- ասացի ես:
– Խոսե՜ց,- ժպտաց Բասենցյանը:
– Հրամանը չեն տվել՝ որ ըսենց խոսում ա. բա հրամանից հետո ո՜նց կճտպտա,- ծիծաղեց Անահիտը:
– Հրամանից հետո չեն խոսում,- ասաց Աշոտը:
– Բա ի՞նչ են անում,- հարցրեց Անահիտը:
– Մաղարիչ,- ծիծաղեց Աշոտը:
– Էս բոլորդ որոշել եք ինձնից շատ ապրե՞ք,- ծիծաղեց Անահիտը:
– Ես պատրաստ եմ,- ասացի ես:
– Ինչի՞ն ես պատրաստ,- հարցրեց Անահիտը:
– Մաղարիչին,- ասացի ես:
– Սեյրանի մաղարիչի՞ն,- ժպտաց Աշոտը:
– Ի՛մ մաղարիչին,- ասացի ես:
– Նախօրոք մաղարիչ անելը լավ նշան չի, Արմեն ջան,- ժպտաց Բասենցյանը.- հրամանդ թող տան՝ հետո կտեսնենք:
– Փաստորեն, դեմներս էրկու հատ մաղարիչ կա,- ձեռքերը շփեց Անահիտը.- մենակ թե՝ Դարբինյանն էդ անշնորհքին աշխատանքից չհեռացնի:
– Աշոտը մի բան կանի,- ասաց Բասենցյանը:
– Անելը կանի,- ասաց Անահիտը.- դու ասա՝ հետո էդ անշնորհքը գնահատի:
– Ինձ իրա գնահատելը պետք չի,- ասաց Աշոտը:
– Լավություն արա՝ գցի ջուրը,- ասաց Բասենցյանը:
– Էս անգամ վայ թե շատ դժվար ըլնի,- ասաց Աշոտը, հետո մի քիչ մտածեց, ավելացրեց.- ամեն դեպքում՝ ինքը պիտի հարուր մանեթ ճարի, որ խմբագրից վերցրած էդ հարուրի տեղը դնի:
– Խեղճը որտեղի՞ց պիտի հարյուր ռուբլի ճարի,- ասաց Բասենցյանը:
– Թող աներոջից ուզի,- ասաց Անահիտը.- աները որ յոթ հարուր տվել ա, հարուր էլ կտա:
– Էդ խեղճ աները հո փողի տոպրակ չի՞,- ծիծաղեց Բասենցյանը:
– Էդքանը որ տվել ա, հարուր էլ կտա,- ասաց Անահիտը:
– Խեղճ աներ,- ծիծաղեց Բասենցյանը.- համ աղջիկ տա, համ փող տա՞:
– Մի տասը մանեթ էլ թող մաղարիչի փող տա,- ասաց Անահիտն ու ինձ հարցրեց.- ճիշտ չեմ ասո՞ւմ, Արմեն:
– Մինչեւ հրամանս չտան՝ չեմ կարա ասեմ,- ժպտացի ես:
– Խոսե՜ց,- ժպտաց Բասենցյանը:
– Պատկերացնում եմ՝ հրամանից հետո ո՜նց ա բլբլալու,- ծիծաղեց Անահիտը:
– Բլբլալու ժամանակ չի ունենալու,- ասաց Բասենցյանը.- խեղճը երկու հոգու փոխարեն պիտի հոդված գրի: