Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԵՄ ԴԻՏՈՒՄ»

Հուլիս 28,2007 00:00

Ասում է վանաձորցի ծաղրանկարիչ Արտակ Օհանյանը

Գեղանկարիչ Արտակ Օհանյանը 2002-ից աշխատում է Վանաձորի «Քաղաքացիական նախաձեռնություն» իրավապաշտպան շաբաթաթերթում, ստեղծագործում է իրավական թեմաներով: Վերջերս կայացավ Վանաձորի միակ ծաղրանկարչի աշխատանքների ալբոմի շնորհանդեսը, որի առիթով հանդիպեցինք Ա. Օհանյանի հետ:

– Ինչո՞վ կբացատրես քո անցումը գեղանկարչությունից «փափուկ» ժանրի՝ ծաղրանկարների:

– Ես չեմ անցել «փափուկ» ժանրի: Անում եմ այն, ինչ միշտ արել եմ, պարզապես՝ չեմ ներկայացել:

– Ծաղրելու նյութ կա՞:

– Սրանց (նկատի ունի իշխանություններին) ամեն արարքը ծաղրելի է: Ծաղրում եմ նաեւ կողքիս մարդկանց: Հենց ընտրությունները սկսվում են, կտրուկ փոխվում են՝ դառնում են սատանա: Ու ոչ մի մոնիտորինգ մարդու ներսը ցույց չի կարող տալ: Իմ հացը պոկող մարդն ընտրությունների ժամանակ դառնում է թշնամի: Ես որ դիտում եմ, բոլորի համար եմ դիտում, իսկ նրանք առանձին-առանձին իրենց համար են նայում, իրենց գրպանի, լավ ապրելու, «Պեժոյի», տանիքի համար:

– Քո շարժանկարներում դատավորներ են, ոստիկաններ, բանտապահներ: Դրանք ընդհանրացվա՞ծ կերպարներ են, թե՞ գնում ես նաեւ դատարաններ, ոստիկանության բաժիններ:

– Հաստատ՝ կաշառակեր դատավորին կաշառք վերցնելու պահին չեմ նկարել: Ճիշտն այն է, որ աշխատում եմ իրավապաշտպան շաբաթաթերթում որպես նկարիչ եւ տարիների ընթացքում շփվում եմ մարդկանց հետ, լսում ահավոր իրավախախտումների մասին:

– Ծաղրանկարիչ Արտակ Օհանյանը չի՞ խանգարում Արտակ Օհանյան գեղանկարչին:

– Ես պիտի ըմբոստ լինեմ իմ մեջ: Եթե ըմբոստ չեղա՝ ոչինչ եմ: Ստեղծագործող մարդիկ, ընդհանրապես, ըմբոստ պիտի լինեն: Նրանք պիտի տեսնեն այն խնդիրները, որոնք ուրիշները չեն տեսնում: Ստեղծագործողների էներգիան ուղղորդված է: Ես երգիծանկարներով եմ իմ էներգիան պարպում: Ներսս չի լռում: Յուղաներկով էլ եմ վատն արտահայտում. բամբասանքից մինչեւ քաղաքականություն, մինչեւ ստորաքարշություն:

– Որտե՞ղ ես ապրել:

– Երկար տարիներ ապրել եմ Ռուսաստանում, աշխատել Սիբիրի շինարարական կազմակերպություններից մեկում: Հետո եկել եմ Վանաձոր:

– Ինչպե՞ս ես վերաբերվում քո այն նկարիչ ընկերներին, որոնք ակտիվ են այնքան, որ պատգամավոր են փորձում դառնալ, ընտրական հանձնաժողովներում են, զբաղվում են «կուսակցական շինարարությամբ»:

– Դա իրենց խնդիրն է, թե ինչ են ցանկանում դառնալ: Եթե պատգամավոր լինելով են փորձում իրենց ըմբոստ լինելու հարցը լուծել՝ ողջունելի է: Սակայն նրանք գրոհում են այն շարքերը, որոնց մեջ ես չեմ ուզում գտնվել: Ես ինձ երբեք պատգամավոր չեմ տեսնում: Չեմ էլ ուզում: Իմ նմանները պատգամավոր չեն կարող դառնալ: Իմ նմանները հասարակության աչքն են: Ես էլ ունեմ մեղքեր:

– Որո՞նք են:

– Ցանկացած մանր բան: Փոքր ժամանակ էլ քարով շանը խփելս մեղք եմ համարում: Տարիների հետ կրել եմ այդ զգացումը, թե ինչու եմ խփել շանը: Ասելս այն է, որ եթե կաշառակեր եմ, իրավունք չունեմ կաշառակերության դեմ խոսել: Ինչպես ընտրությունների ժամանակ ողնաշար ջարդողները մեղադրում էին ուրիշներին:

– Երգիծանկարներիդ հետ կապված եղե՞լ է, որ քեզ անհանգստացնեն:

– Վանաձորը մի շքամուտք ժողովուրդ է: Հայաստանն էլ՝ մի քանի շքամուտք ժողովուրդ, ուր մեկը մյուսին ճանաչում է: Այնքան վատ բան չեմ անում, որքան իմ «հերոսներն» են: Եղել է՝ զգուշացրել են. զգույշ մնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել