Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՈՊԱՆՈՒՂԻՆ՝ ԱՆՏԱՌԻ ՀԱՇՎԻ՞Ն

Հուլիս 28,2007 00:00

Ջերմուկի բնակիչները պատրաստ են ճոպանուղուց հրաժարվել, միայն թե անտառը չհատվի: Իսկ բնապահպանները միաժամանակ ահազանգում են հանրապետության տարածքում առկա մի շարք խնդիրների մասին եւս:

Ջերմուկում ճոպանուղի կառուցելու ծրագիրը քաղաքի բնակչության շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացրել: Վերջիններս մտահոգություն ունեն, որ ճոպանուղու համար անտառհատումներն անխուսափելի են եւ ՀՀ իշխանությունները միայն ճոպանուղի կառուցելով «չեն սահմանափակվի եւ թթվածնաշատ ու առողջարանային համարվող իրենց քաղաքն էլ շուտով կընկնի Ծաղկաձորի օրը, որտեղ զվարճանքի օբյեկտներ եւ դղյակներ կառուցելու նպատակով զանգվածային անտառհատումներ են տեղի ունենում»: Բնակիչներն այս առիթով ահազանգել են մի շարք բնապահպանական կազմակերպությունների՝ խնդրելով կանխել սպասվելիք ծառահատումները: Ըստ ջերմուկցիների, ճոպանուղի կառուցելու գաղափարին ՀՀ նախագահն արդեն հավանություն է տվել:

Արձագանքելով բնակիչների բողոքներին՝ մի շարք հ/կ-ներից կազմված «SOS Թեղուտ» բնապահպանական կոալիցիան ուսումնասիրել եւ պարզել է, որ Ջերմուկում ճոպանուղի կառուցելու համար հատվելու է շուրջ 10 հազար քմ անտառ, որտեղ կան մոտ 60 եւ ավելի տարեկան ծառեր: Իսկ դահուկուղի հիմնելու համար լրացուցիչ կոչնչացվի 14 մ լայնությամբ եւ 700 մ երկարությամբ կանաչ տարածք: Մասնագետները կարծիք են հայտնել, թե ավելի նպատակահարմար կլիներ, որ ճոպանուղին կառուցեին ոչ թե այն վայրում, որտեղ անտառ կա, այլ Ջերմուկի բուսականությունից զուրկ սարերին. «Սակայն, չգիտես ինչու, ընտրվել է հենց կանաչ տարածքը»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին կոալիցիայի անդամները:

Հ/կ-ի անդամները մեկ այլ խնդրով էլ էին մտահոգ: Նրանց ներկայացմամբ, այսօր Հայաստանի հյուսիսը ծանրաբեռնված է հանքահանության օբյեկտներով, որը մեծ վտանգ է ներկայացնում մեր ազգային անվտանգությանը. «Եթե այդ տարածքներում հանքարդյունահանումը չդադարեցվի, կարող ենք շատ լուրջ փաստի առաջ կանգնել: Ամբողջ խնդիրն այն է, որ պայմանագրերը կնքվում են արտասահմանյան ընկերությունների հետ, որոնք գրանցված են արտերկրում եւ այստեղ որեւէ օրենքի հետ կապ չունեն: Իրենք ցանկացած ժամանակ կարող են տարածքն ուսումնասիրել, հատել անտառները, քանդել հողի բերրի շերտը ու վերջում այն վերածելով աղբակույտի՝ թողնել-գնալ»:

«Բազմիցս ահազանգել ենք նաեւ Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի վնասակար ազդեցությունների մասին: Նոր սեփականատերերը խոստացել էին, որ մաքրող սարքեր են տեղադրելու, սակայն մինչ օրս իրենց խոստումը չեն կատարել: Տարբեր ատյաններում ասում են, թե կոմբինատը հոգում է մի շարք սոցիալական եւ բարեկեցության հարցեր, սակայն խոսքն ինչ բարեկեցության մասին կարող է լինել, երբ հսկայական կոմբինատը չի կարողանում քաղաքում մի հիվանդանոց պահել, որը հաճախակի հոսանքազրկվում է եւ հիվանդներին ստիպված են լինում հասցնել մայրաքաղաք: Շատ է պատահել, որ հիվանդները ճանապարհին մահացել են, սա այն դեպքում, երբ ալավերդցիների մեծ մասը հենց այդ գործարանում է աշխատում»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան, «Հայաստանի անտառներ» հ/կ-ի նախագահ Նազելի Վարդանյանը: Ըստ նրա, ավելի վատ վիճակում է Ախթալայի հանքավայրը, որի պոչամբարը ծանր մետաղներով ու թունավոր նյութերով հագեցած տարածք է, այնտեղի ջրերը լցվում են գետերը եւ դրանով ոռոգվում են գյուղացիների հողատարածքները. «Ալավերդիում սինթետիկ հագուստն անմիջապես ծակվում է, դա նշանակում է, որ թթուների պարունակությունն այդ տարածքում մի քանի անգամ նորման գերազանցում է ու մարդիկ թթվածնի փոխարեն ծծմբաթթու են շնչում»: Ն. Վարդանյանի տվյալներով, Ալավերդիում 2 անգամ ավելացել է արատավոր երեխաների ծնունդը, 3 անգամ էլ՝ վիժումների թիվը. «Հանրապետությունում 150 անգամ ավելացել են տուբերկուլյոզի դեպքերը, բայց սա ո՞ր դարն է, որ մարդիկ թոքախտով հիվանդանան ու մահանան»: Հիշեցնենք, որ օրերս ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչությունը 200 հազար դրամով տուգանել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը շահագործող «Մեթալ Փրինս» ընկերությանը: Ըստ այս տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանի՝ ստուգումների արդյունքում հաստատվել է, որ կոմբինատը պահեստարանի թունավոր նյութերը արտանետել է Դեբեդ գետ:

Հ/կ-ների անդամները մտահոգիչ են համարում նաեւ այն, որ Թեղուտում հանքերը բաց են գործարկվելու, որը, ըստ նրանց, մի քանի անգամ ավելի վնասակար է լինելու մարդու եւ շրջակա միջավայրի համար. «Հանքերը բաց են շահագործում, որպեսզի քիչ ներդրումներ անեն, բայց մեծ շահույթներ ստանան»: Հ/կ ներկայացուցիչներն ահազանգում են, որ Թեղուտի հանքերի բնապահպանական փորձաքննությունը կատարվել է մի շարք իրավական ակտերի խախտումներով:

Այս առնչությամբ բնապահպանական կոալիցիայի անդամները դիմումներ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ԱԺ նախագահին, սակայն նրանցից ոչ մի պատասխան չեն ստացել: Օրերս էլ այս նույն կոալիցիան Թեղուտի հանքարդյունահանման վերաբերյալ հասարակական քննարկում էր կազմակերպել, որին ներկա էր նաեւ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանը, որը հավաստիացրեց. «Մենք վերանայել ենք Թեղուտի հանքը շահագործող «ԷՅ ՍԻ ՓԻ» ընկերության հետ կնքած պայմանագիրը եւ մի շարք դիտողություններ արել: Համոզված եմ, որ համաձայնության կգանք ընկերության հետ եւ հանքը կշահագործվի էկոլոգիան քիչ վնասելով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել