Լրահոս
Օրվա լրահոսը

Կոշկակարին չեն գրանցի

Հուլիս 28,2007 00:00

Չնայած անկուսակցական Խաչիկ Մանուկյանը շարունակում է պնդել, թե ինքնաբացարկով հանդես չի եկել եւ իր հայտարարությունը կեղծել են:

Արագածոտնի մարզի Թալինի առաջին ատյանի դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանը երեկ հրապարակեց իր վճիռը՝ թիվ 15 ընտրատարածքից ԱԺ պատգամավորության թեկնածու, կոշկակար Խաչիկ Մանուկյանի՝ ընդդեմ նույն ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի հայցի կապակցությամբ: Հիշեցնենք, որ ԸԸՀ-ն հրաժարվել էր գրանցել պատգամավորության թեկնածուին: Դատարանը մերժեց Խ. Մանուկյանի հայցը եւ տեղեկացրեց, որ վճիռը բողոքարկման ենթակա չէ:

Թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հրաժարվել է որպես պատգամավորության թեկնածու գրանցել Խ. Մանուկյանին այն պատճառաբանությամբ, որ մինչ թեկնածուների գրանցումը՝ Խ. Մանուկյանը պատվիրված նամակով ինքնաբացարկ էր հայտնել: Մինչ դատարանի կողմից վճիռ կայացնելը, արդեն նախկին թեկնածուն օրերս «Առավոտին» տված հարցազրույցում պնդել էր, թե հիշյալ նամակը ինքը չի ուղարկել, եւ որ հանձնաժողովը պարտավոր էր իրեն կանչել թեկնածուների գրանցման հարցով հրավիրված նիստին: Դեռ ավելին, այն ժամանակ, երբ իր անունից առանց ետադարձ հասցեի ու իր կեղծ ստորագրությամբ նամակ են ուղարկել, ինքը Սոչիում է եղել: Այս առնչությամբ ընտրական հանձնաժողովի քարտուղար Մարինե Շահազիզյանը երեկ «Առավոտին» պարզաբանեց. «Ճիշտ է, նամակի վրա ետադարձ հասցե չի եղել, բայց մենք իրավունք ունենք ստացվող նամակների թերությունները լրացնելու, մանավանդ որ՝ գիտեինք, թե նամակն ով է ուղարկել ու հասցեն էլ իր գործերում կար: Մենք նման թերի դիմումներ էնքան շատ ենք ստանում, որ եթե սկսենք դրանց հետեւել, ուրեմն պիտի ընդհանրապես դիմում չընդունենք: Բայց համեմատել ենք ստորագրությունը մեզ մոտ եղածի հետ եւ այն համընկել է: Հետո էլ զանգահարել ենք նրան: Հեռախոսազանգին ոչ ոք չի պատասխանել: Ուրիշ ի՞նչ անեինք»:

Խ. Մանուկյանը դատարան չէր ներկայացել, ու ինչպես նշեց նրա լիազոր ներկայացուցիչ Արամ Ավագյանը, թեկնածուն Վերին Թալին գյուղում ընտրարշավի է: Այնուամենայնիվ՝ դատարանի վճռից հետո «Առավոտին» հաջողվեց հանդիպել Խ. Մանուկյանի հետ, որն էլ մեզ հետ զրույցում հաստատեց, որ ընտրական հանձնաժողովին ուղարկված նամակը կեղծ է եղել եւ այն ուղարկվել է պատգամավորության մյուս թեկնածու՝ հանրապետական Խաչիկ Մանուկյանի կողմից: Նրա խոսքերով. «Նա ամենից շատն էր շահագրգռված, որ թեկնածությունս հանեմ: Երբ իմացել էր, որ ես էլ եմ ուզում առաջադրվեմ, հաջորդ օրը վարորդին ուղարկել էր մեր տուն: Նա էլ ինձ մեծ կաշառք էր առաջարկում, ասեց՝ թեկնածությունդ հանի, քեզ ինչ պետք ա կունենաս՝ կալվածք, մաշինա, ինչ հարստություն որ մտքովդ անցնում ա: Ես էլ ասեցի՝ ապեր, գնա էստեղից, ես քամիլյոն չեմ, արհեստավորի ընտանիքից հելած տղա եմ: Կարող ա հիմա ես իմ կյանքում ճիշտ ուղի եմ բռնել, թողեք հանգիստ առաջ գնամ»: «Առավոտի» այն հարցին, թե ինչու Խ. Մանուկյանն իր ստորագրությունը փորձաքննության ենթարկելու համար միջնորդությամբ դատարան չի դիմել, պատգամավորության նախկին թեկնածուն պատասխանեց. «Ինչի՞ դիմեինք: Նախ՝ գիտեի, որ դատարանի ողջ կազմը կաշառված է, ու հետո էլ ո՞ւմ համար պարզ չի, որ առանց հասցեն ծրարի վրա գրելու՝ թեկնածու մարդը նամակ չի ուղարկի: Ինձ գումար առաջարկողը նաեւ դատավորին է կաշառել: Ինչքան ինձ են առաջարկել, տռայնոյ էդքան կաշառք էլ դատավոր Մանուկ Մարգարյանին են տվել: Ես էդ գիտեի ու դրա համար էլ լրիվ ու լիաթոք սպասում էի էս վճռին»:

Երեկ Խաչիկ Մանուկյանի վստահված անձինք «Առավոտին» տեղեկացրին, որ հանրապետական Խաչիկ Մանուկյանի կողմնակիցները կոշկակարի ընտանիքի անդամներին սպառնում էին, որ եթե վերջինս չհրաժարվի մրցապայքարից, ապա նրանց հետ հաշվեհարդար կտեսնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել