Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՒԳԱՐԱՆՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Հուլիս 27,2007 00:00

\"\"Քիմիայի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Չալտիկյանը հայտնեց, որ մի դիմորդի էլ այդտեղ «բռնացրել» են բջջայինով թեստի մասին խոսելիս:

Ընդունելության քննությունների առաջին 5 օրվա ընթացքում կենսաբանություն առարկայի քննությանը մասնակցել է 599 դիմորդ: Երեկ նրանց թիվը 110 էր: Նույն օրը գրանցվել է մինչ այժմ ամենամեծ թվով բացակայությունը՝ 12 հոգի: Առաջին 5 օրվա արդյունքները գրեթե նույնն են, ինչ անցյալ տարի՝ հինգ 19 միավոր, 69-ը՝ «անբավարար»: «Այս տարի «անբավարար» ստացողների թիվը աճելու միտում ունի: Եթե անցյալ տարի առաջին 5 օրվա դրությամբ դրանք 8-10 տոկոս էին կազմում, ապա այս տարի՝ 15 տոկոսից ավելի: Փոխարենը նվազել է 18-20 միավորներ ստացողների թիվը: Անցյալ տարի բարձր միավորներ հավաքել էր դիմորդների 11 տոկոսը, իսկ այս տարի՝ դեռ 6,7-ը»,- տեղեկացրեց կենսաբանության առարկայական հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդեւանյանը: Նա վստահեցրեց, որ տարբերակում տեղ գտած առաջադրանքները բացառապես «Դիմորդում» նշվածներն են, դրանք կարող են կրկնվել այլ տարբերակներում եւս: Փորձը ցույց է տվել, որ դիմորդները հիմնականում դժվարանում են տեսական հարցերից: Բողոքարկումներն էլ կապված են հենց այդ վիճահարույց հարցերի հետ: «Մինչեւ այժմ 3 անգամ ենք բողոքարկում կազմակերպել, օրական 8-10 բողոք է գրանցվել: 4-5 աշխատանք փոփոխություն է կրել: Մեկ աշխատանք 1 միավորով բարձրացվել է, քանի որ հանձնաժողովը բավականին խիստ էր գտնվել ստուգելիս»,- հայտնեց Պ. Վարդեւանյանը:

Եթե կենսաբանության հանձնաժողովը բողոքարկումից հետո միայն միավորներ է բարձրացրել, ապա քիմիայի հանձնաժողովը նաեւ մեկ աշխատանքի գնահատական իջեցրել է՝ 0,5 միավորով: Քիմիայի հանձնաժողովում օրական 8-10 բողոքարկող է գրանցվել: Հանձնաժողովականների սրտները երբեմն չեն դիմանում դիմորդների աղերսներին: «Մի աղջիկ եկավ բողոքարկման, աչքերը լցրեց ու սիրտս չդիմացավ, ստիպված 0.5 միավորով գնահատականը բարձրացրի: Մի ուրիշն էլ, բավականին պայծառ դեմքով մի աղջիկ, եկավ ու անկեղծորեն խնդրեց՝ «ձյաձյա ջան, մի կես միավորով գնահատականս բարձրացրու», նորից ընդառաջեցի: Հետո պարզվեց, որ ծնողազուրկ էր ու ինքնուրույն պարապելով էր այդ միջին գնահատականը վաստակել»,- պատմեց քիմիայի առարկայական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Չալտիկյանը:

«Առավոտի» հարցին՝ եղե՞լ են դեպքեր, երբ դիմորդը փորձել է ծածկագրից օգտվել, Ռ. Չալտիկյանը պատասխանեց. «Զուգարանից մի ծրար հայտնաբերեցինք, որի մեջ խնամքով ծածկագրեր էին դասավորված: Հետո անընդհատ հետեւում էի, որ բռնացնեմ օգտվողներին, բայց ապարդյուն: Մի անգամ էլ նախարարության աշխատակիցներից մեկը մի տղայի սկսեց կասկածել, որը կես ժամից ավելի զուգարանում էր փակվել: Պարզվեց, որ բջջայինով կապվել էր ծանոթների հետ, որ թեստի պատասխանն իմանա: Նրա հեռախոսը ձեռքից վերցրինք, բայց քանի որ ոչինչ չէր հասցրել գրել, խղճալով թողեցինք, որ շարունակի քննությունը»:

Հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, այս տարի գերիշխում են 16-17,5 միավորները, «անբավարար» ստացել է քննությանը մասնակցած դիմորդների 17-20%-ը, գրանցվել է երեք 19 միավոր: «Եթե դիմորդը տարբերակի միայն տեսական մասը գրի՝ գոնե 10-11 միավոր կստանա: Հիմնականում դժվարանում են խնդիրների լուծման մեջ, քանի որ այն վարժեցման հետ ավելի քիչ կապ ունի: Վարժեցումը փչացնում է երեխային, նրանք չեն տրամաբանում: Դիմորդներ կան՝ որոշ խնդիրների լուծումներ նույնիսկ անգիր են անում»,- հայտնեց Ռ. Չալտիկյանը:

Ի դեպ, ծնողներից շատերը համամիտ չեն հանձնաժողովի նախագահի հետ: «Երեխան պիտի առնվազն տաղանդավոր լինի, որ առանց կրկնուսույցի մոտ պարապելու կարողանա լուծել տարբերակի առաջադրանքները»,- ասաց ծնող Արմեն Սաշիկյանը: Սամվել Հակոբյանն էլ դժգոհեց, թե իրեն թույլ չեն տալիս մտնել քննասենյակ. «Ասում են՝ 50 րոպեից կտանենք, բայց այժմ ժամը 12.45 է, իսկ քննությունն ավարտվում է մեկ ժամից: Էլ ինչի՞ս է պետք ներս գնալը, եթե քննությունը համարյա ավարտված կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել