Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանյան ԶԼՄ-ներում անձերի խնդիր կա»

Հուլիս 27,2007 00:00

Երեկ նման կարծիք հայտնեց Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ներկայացուցիչ Միխաել Վինցերը:

Երեկ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության օժանդակությամբ տեղի ունեցավ «ԶԼՄ-ները եւ դեմոկրատիան Հայաստանում» թեմայով կոնֆերանսը: Զեկույցներով հանդես եկան եւ հայաստանյան լրատվամիջոցների առկա վիճակը ներկայացրին Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի (ԼԿԻ) ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը, «Հետք» ինտերնետային պարբերականի լրագրող Լաուրա Բաղդասարյանը եւ Մամուլի ազգային ակումբի (ՄԱԱ) նախագահ, «Ամբիոն» թերթի գլխավոր խմբագիր Նարինե Մկրտչյանը:

Ա. Իսկանդարյանը նման կարծիք հայտնեց. «Իշխանություններն իրենք էլ մասնատված են եւ հաճախ հակամարտում են հենց ԶԼՄ-ների միջոցով»: Պրն Իսկանդարյանը նաեւ փաստեց, որ ամեն դեպքում իշխանության բոլոր թեւերին էլ անհրաժեշտ է բազմազան, բազմագույն լրատվական դաշտի առկայությունը:

«Հետքի» լրագրող Լ. Բաղդասարյանն անդրադարձավ ոչ միայն ԶԼՄ-ների գործունեության վրա իշխանությունների ազդեցությանը, այլեւ էթիկայի կանոնների ոտնահարմանը: Լ. Բաղդասարյանը կարեւորեց էլեկտրոնային լրատվամիջոցների դերակատարությունը հայաստանյան լրատվական դաշտում եւ շեշտեց, որ մեզ մոտ չկա «դեղին» մամուլ. «Եթե կա էլ՝ ապա կենտրոնացված է մի քանի քաղաքական գործիչների շուրջ»: Ներկայացնելով իրենց կողմից կատարված սոցիոլոգիական ուսումնասիրությունները, նա ասաց, որ հայաստանյան ԶԼՄ-ներում կրիտիկական պահերը լինում են ընտրությունների, իշխանափոխությունների ժամանակ, երբ մամուլն իրեն տարբեր կերպ է դրսեւորում: Անդրադառնալով այն թեմաների լուսաբանմանը, որոնց վրա «տաբու» է դրված, տիկ. Բաղդասարյանն ասաց, որ մեր իրականության մեջ այդպիսիք են բանակը, եկեղեցին եւ Արցախի հիմնախնդիրը: Ըստ նրա, ՀՀ լրագրողները հասարակական կարծիք ձեւավորելու խնդրում ավելին են անում, քան քաղաքական գործիչները: Հետո էլ հավելեց. «Ցավում եմ, որ մեր մամուլը դադարել է արձագանքել ադրբեջանական ԶԼՄ-ներում Հայաստանին առնչվող հրապարակումներին»:

Նարինե Մկրտչյանն էլ ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում ԶԼՄ-ները չեն կարողանում իրականացնել իրենց գործառույթները: Արդյունքում, ըստ նրա, չունենք տեղեկացված հասարակություն, իսկ էլեկտրոնային լրատվամիջոցներն իրենց ապատեղեկատվությամբ խաթարում են տեղեկատվական դաշտը: Տիկ. Մկրտչյանը կարեւորեց տպագիր մամուլի դերը, իսկ այսօրվա հեռուստատեսությունը անվանեց ժամանց: Նա անդրադարձավ նաեւ ընտրությունների լուսաբանմանը. «Լրագրողներս ընտրություններից, որոնք մեզ համար փորձաքար են, դուրս ենք գալիս թուլացած: Ստացվում է՝ մենք քարոզիչներ ենք, քանի որ քարոզում ենք իշխանության գաղափարները եւ ընդդիմության նեղ աշխարհայացքը: Մայիսի 12-ի ընտրություններից հետո հաստատվել է միակուսակցական համակարգ, որն էլ թելադրում է մամուլի գործունեությունը»:

Կոնֆերանսը վարում էր Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ներկայացուցիչ, ազգությամբ գերմանացի Միխաել Վինցերը: Լսելով բոլոր զեկույցները, նա իր տպավորությունները հայտնեց ՀՀ ԶԼՄ-ների մասին. «Հայաստանում ԶԼՄ-ների վիճակը, ըստ ձեր զեկույցների, դեռեւս կախված է իշխող տնտեսական կացութաձեւից: Գերմանիայում էլ է եղել դեպք, երբ հայտնի լրատվամիջոցներից մեկը փակվել է՝ կառավարությանը ձեռնտու չլինելու պատճառով: Պետք է կարեւորվի լրագրողական համերաշխությունը, արդյունքում՝ հասարակությանը կփոխանցվի համաձայնեցված ինֆորմացիա: ՀՀ ԶԼՄ-ների մեջ կա անձերի խնդիր, որը դրական համարվել չի կարող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել