Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱԿԱՆ «ՍՅՈՒՐՊՐԻԶՆԵՐ»

Հուլիս 27,2007 00:00

\"\"Օտարախոս դիմորդները շատ են, հայոց լեզուն ու պատմությունը գերազանց իմացողները՝ հատուկենտ

Հուլիսի 20-ից մեկնարկել են բուհական ընդունելության քննությունները: ԿԳ նախարարության պաշտոնական կայքում՝ edu.am-ում, ուշացումներով տեղադրվում են քննական արդյունքները: Երեկ, ժամը 17.30-ի դրությամբ, կայքում դեռ հուլիսի 20-25-ի արդյունքներն էին, երբ բանավոր քննություններինը գոնե ավելի վաղ կարելի էր տեղադրել:

Հուլիսի 20-25-ը տարբեր քննություններ է հանձնել 7882 դիմորդ, բացակայել է 402-ը: Բացակայությունների պատճառներից մեկն էլ, հավանաբար, այն է, որ դիմորդներից ոմանք, որոնք հայտագրված էին առաջին օրը քննություն հանձնելու համար, նախընտրել են բժշկական տեղեկանք ներկայացնելով հետաձգել այն: Շատերը մտածում են, որ վերջին օրերին պարզ կլինի մրցույթի պատկերը եւ ավելի հեշտ կլինի «հարցեր լուծել» կամ էլ կարծում են, թե առաջադրանքների բարդ տարբերակները միայն առաջին օրերին են լինում: Մինչեւ հուլիսի 25-ը բոլոր առարկաներից գրանցվել է 1608 18-20 միավոր, ընդ որում՝ ամենաշատը անգլերեն (832), ռուսաց լեզու (116) եւ գերմաներեն (149) գրավոր առարկաներից: Ֆիզիկա, քիմիա, հայոց լեզու, ընդհանուր պատմություն, կենսաբանություն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն բանավոր առարկաներից, ինչպես նաեւ հայ ժողովրդի պատմությունից ոչ ոք դեռ 20 միավոր չի հավաքել: Քննական հանձնաժողովները, որոնցից 11-ի նախագահները («Հայոց պատմություն»՝ Էդիկ Գեւորգյան, «Ընդհանուր պատմություն»՝ Արտավազդ Դարբինյան, «Կենսաբանություն»՝ Պողոս Վարդեւանյան, «Աշխարհագրություն»՝ Աշոտ Խոյեցյան, «Հայոց լեզու եւ գրականություն»՝ Սեյրան Գրիգորյան, «Իտալերեն»՝ Լալա Վարդազարյան, «Անգլերեն» գրավոր՝ Նվարդ Երնջակյան, «Անգլերեն» բանավոր՝ Գայանե Գասպարյան, «Գերմաներեն»՝ Յուրի Գաբրիելյան, «Իսպաներեն»՝ Մերի Սուքիասյան եւ «Պարսկերեն»՝ Գառնիկ Ասատրյան) մշտամնա են, գերադասել են որոշ դիմորդների 19,9 գնահատել: Օրինակ, այդպիսի գնահատական է ստացել մեկ դիմորդ անգլերեն գրավորից, մեկը՝ գերմաներենից, 2-ը՝ ֆրանսերենից, մեկն էլ իսպաներենից: «Ծույլիկները»՝ 8-ից ցածր ստացողները, շատ են հատկապես մաթեմատիկա առարկայից՝ 493, հայ ժողովրդի պատմությունից՝ 117, երրորդ տեղում ռուսաց լեզու գրավոր առարկայից ձախողվածներն են՝ 111: Նվազագույնի շեմը՝ 8 միավորը, բոլոր առարկաների գծով հաղթահարել է 821 դիմորդ: Նրանցից 389-ը մաթեմատիկա հանձնածներն են: Մինչեւ հիմա պարսկերեն, իսպաներեն (բանավոր) եւ իտալերեն (բանավոր) քննություն ոչ ոք չի հանձնել:

Եթե անցյալ տարի ստեղծագործական մրցույթի ամենաբարձր միավորը 16-ն էր, որին արժանացել էր ընդամենը 1 հոգի, ապա այս տարի 2 հոգի այդ առարկայից վաստակել է 19, մեկը՝ 17,5 միավոր, իսկ անցյալ տարվա «ռեկորդը» գրավել է 9 հոգի:

Երեկ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը «Առավոտին» հայտնեց, որ շարունակում է գործել 53-09-06 «թեժ գիծը», որով կարող են քննական ու բողոքարկման գործընթացներից դժգոհ դիմորդներն ու ծնողները կապվել իրենց հետ: Երիտասարդ հնչակը հայտնեց, որ արդեն ստացվել է մի քանի տասնյակ բողոք, որոնք այսօր ոչ միայն կուղարկվեն ԶԼՄ-ներին, այլեւ ԿԳ նախարարին: «Օրինակ, Արտակ Բարսեղյանի մաթեմատիկայի գրավորից 0,5 միավոր են իջեցրել ընդամենը գրչի թանաքի փոքրիկ հետքի համար: Տղայի մայրը հաշմանդամ է, հայրը՝ զինվորական, եւ իրենք, բնականաբար, անվճար ընդունվելու հույս ունեին: Կամ Յայլոյան Ժենյային գնահատել են 13 միավոր հայոց լեզվի բանավոր քննությունից, այն դեպքում, երբ նրա կողքի նստածին դասախոսը հուշել է: Բողոքարկման ժամանակ էլ վրան գոռգոռացել են, որովհետեւ ոչ թե օլիգարխի երեխա է, այլ ինժեներների»,- փաստեց Ն. Գալստյանը: «Նախարարի գոհունակ ժպիտը եւ խոսքերը, թե ամեն ինչ կանի արդար քննություններ անցկացնելու համար, վկայում են այն մասին, որ այդ մարդը կամ ոլորտին չի տիրապետում, կամ ամենակոռումպացվածն է: Վերջինը վերաբերում է նաեւ հանձնաժողովների անփոփոխ նախագահներին: Եթե նրանց մեջ անգամ կան այնպիսի մարդիկ, որոնք իրենց կոռումպացված չեն համարում, ապա առնվազն զբաղվել են հովանավորչությամբ կամ աչք են փակել շատ բաների վրա»,- ասաց Նարեկ Գալստյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել