Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսիստները նախազգուշացնում են

Հուլիս 27,2007 00:00

\"\"Եթե կառավարությունը տաքսիների մասին իր որոշումը չփոխի, ապա վարորդները շրջափակման մեջ կառնեն Հանրապետության հրապարակը:

Երեկ կառավարության շենքի առջեւ դարձյալ տաքսիների վարորդների մեծ բազմություն էր հավաքվել: Նրանք պահանջում էին, որ կառավարությունը վերանայի տաքսիների լիցենզավորման մասին որոշումը, ըստ որի՝ մինչեւ օգոստոսի 1-ը հանրապետության բոլոր տաքսի մեքենաները պետք է ունենան դեղին պետհամարանիշներ, հաշվիչ սարքեր՝ վճարովի հիմունքով ուղեւոր փոխադրելու համար, ընդ որում, 1997-ից շուտ արտադրված մեքենաները որպես տաքսի արգելվում է շահագործել: Նախօրեին մի քանի ժամ տեւած ցույցի ընթացքում որեւէ պաշտոնյա չէր ընդունել ու նրանց բողոքին ուշադրություն չէր դարձրել: Երեկ վարորդները նստացույց ու հացադուլ կազմակերպելու սպառնալիքով պահանջում էին, որ որոշման հեղինակները հանդիպեն իրենց հետ ու որոշումը փոխեն:

«Առավոտի» հետ զրույցում Սաշա Վարդանյանը պատմեց, որ ինքն արդեն 20 տարի տաքսի է վարում. «Ճիշտ ա, մեքենաս 15 տարվա ա, բայց ոչ մի անսարք մաս չունի: Ամեն տարի մեքենաս տեխզննում է անցնում, որի համար ես գումար եմ մուծում: Եթե այն անսարք է ու ուղեւորների կյանքի համար վտանգավոր, ինչի՞ են քշելու իրավունք տալիս, թող վարորդական իրավունքն էլ վերցնեն, մեքենան էլ: Եթե անգամ մի կերպ 200 հազար դրամ ճարենք ու դրանց բերանները փակենք, բա հետո ի՞նչ անենք, գնանք նոր մեքենա առնե՞նք: Գոնե թողնեն 200 հազարը մուծելուց հետո հին մեքենաները քշենք»: Վաչագան Պետրոսյանի ներկայացմամբ էլ. «Ո՞վ ա առանց մտածելու որոշման մեջ էդ 200 հազար թիվը գրել: Մտքով չի՞ անցել, որ մենք ամբողջ տարվա մեջ էդքան փող չենք աշխատում: Ճիշտ ա, մինչեւ հիմա առանց հարկ տալու ենք աշխատել, բայց տեխզննմանն ու միլիցեքին էնքան փող ենք տալիս, որ ամսա վերջում մեզ մենակ հացի փող ա մնում: Հարկայինն ուզում է՝ մենք աշխատենք, իրա՞նք ուտեն: Եթե չհամաձայնվեն իրենց որոշումը փոխել, հրապարակ մտնող ճանապարհները կփակենք, տեսնենք ի՞նչ են անելու»: Վարորդներից մեկն էլ պատմում էր, որ որպես վարորդ-առաքող իրեն ոչ մի տեղ չեն ընդունել աշխատանքի՝ պատճառաբանելով, որ մինչեւ 40 տարեկան աշխատակից են ուզում. «Օֆիսներում գործի չեն ընդունում, սենց գոնե իմ սեփական ավտոն տաքսու տակ քշում եմ, էլի գոհ ենք, իրանցից գործ չենք ուզում, մեզ համար հանգիստ մեր օրվա հացի փողն ենք աշխատում, ո՞ւմ ենք խանգարում, մի 2 օլիգարխի տաքսի-սերվիսներին»:

Ցուցարարները բարձրաձայն բղավում ու սպառնում էին, որ տեղից չեն շարժվի մինչեւ կառավարության անդամները բողոքողների հետ չխոսեն: Ի վերջո կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Մանուկ Թոփուզյանը 5 վարորդի ընդունեց: Վարորդների ներկայացմամբ, Մ. Թոփուզյանը խոստացել է նրանց պահանջը ուշադրության արժանացնել եւ քննարկել, նաեւ խոստացել է վերանայել կիրառման ժամկետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել