«Այս պահին հնարավոր չէ հստակ ասել, թե ինչպիսին կլինի արտոնագրման գործընթացը, քանի որ, բնականաբար, ենթադրվում է, թե կլինեն նաեւ օրենսդրական փոփոխություններ:
Բայց կարծում եմ, որ ամեն դեպքում՝ Հայաստանը պիտի վերանայի արտոնագրման իր սկզբունքները: Ըստ իս, միանշանակ է, որ լիցենզավորման ներկա մեխանիզմը հնարավորություններ չի ընձեռում թվայնացման գործընթացի անցման համար»,- «Առավոտին» հուլիսի 13-ին ասել էր ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը: Նրա այս հայտարարությանը հետեւեցին բազմաթիվ արձագանքներ: Ասենք, «Ինտերնյուս»-ի իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանն «Ա1+»-ին ասել էր, թե ՀՌԱՀ-ն ընդամենը կարգավորող մարմին է, որը «գլուխը կախ պետք է կատարի իր գործը», իսկ «արտոնագրման գործընթացի դադարեցումը քաղաքական որոշում է, որը պետք է ընդունի ԱԺ-ն»: Նման մեկնաբանություններին ի պատասխան՝ Գրիգոր Ամալյանը երեկ ասաց. «Ցավոք, նախորդ հրապարակմանը հետեւած արձագանքների մեջ տարօրինակ էր այն, որ մեկնաբանությունները հենված էին ոչ թե իմ ասածի, այլ այն ենթադրությունների վրա, որոնք կարելի էր այդտեղից անել, կամ վերագրել՝ որպես իմ կողմից արված ակնարկներ: Հստակ ասել եմ, թե իմ անձնական կարծիքն է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» գործող օրենքը հնարավորություն չի տալու իրականացնել գործընթացը: Եվ ոչինչ ավելի: Դրանով հանդերձ՝ այսօր Հայաստանում գործում է հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրությունը, եւ դրա պահանջները հստակ են: Եվ հանձնաժողովը՝ որպես գործադիր մարմին, այդ պահանջները պահպանելու է ամբողջ ընթացքում: Չգիտես ինչու, իմ կարծիքը՝ օրենսդրության եւ հետագա զարգացումների մասին, ընդհանրացվել է եւ ընդունվել իբրեւ արդեն իսկ կայացված որոշում ու փաստ եւ դարձել մեկնաբանությունների առիթ: Ոմանք ՀՌԱՀ-ին մեղադրեցին քաղաքական որոշումներ ընդունելու մեջ՝ իրենց համար որպես վերջնական արդյունք հաստատագրելով իբր մեր կողմից հայտարարված՝ մրցույթներ չլինելու հանգամանքը: Մրցույթներ կլինեն՝ այսօր գործող օրենսդրությանը համապատասխան: Եթե լինեն օրենսդրական փոփոխություններ՝ դրանցով կորոշվի մնացածը»: