Լրահոս
Օրվա լրահոսը

Հույսը վերջինն է մեռնում

Հուլիս 27,2007 00:00

«Ազատության» շուրջ դեռ բանակցում են

Հանրային ռադիոյի եթերից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հնարավոր դուրս մղումը շարունակում է քննարկման նյութ մնալ հայաստանյան լրատվամիջոցներում, քաղաքական եւ իշխանական շրջանակներում: Խնդրո առարկայի շուրջ չեն դադարում նաեւ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ-ի եւ այն վերահսկող գործակալության՝ Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի համատեղ հայտարարության արձագանքները: Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին ի պատասխան այդ հայտարարության՝ սեփական հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը: Չկրկնելով արդեն հրապարակված այդ հայտարարության բովանդակությունն ու հակափաստարկները՝ նշենք, որ դրանց, իբրեւ հավելում, երեկ ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն ի պատասխան «Ա1+»-ի հարցադրմանն ասել է, թե՝ «առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում պայմանագիր կստորագրվի Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի եւ «Ար ռադիո» միջմայրցամաքային ռադիոընկերության միջոցով «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ-ի հաղորդումների վերահեռարձակման վերաբերյալ»: Սակայն «Ազատություն» ռ/կ-ին եւ նրա ղեկավարությանն այդ տարբերակը, ըստ ամենայնի, այնքան էլ չի ոգեւորել: Ռ/կ-ի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը նույն աղբյուրի հետ զրույցում, այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ «Ազատությունը» կհեռարձակվի Հանրային ռադիոյով:

Երեկ «Ազատության» շուրջ ստեղծված նոր իրողությունների վերաբերյալ մենք ստացանք նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մեկնաբանությունը: «Մենք հուսով ենք, որ միջազգային հեռարձակողների տնօրինությունը եւ հեռարձակման հարցերով Հայաստանի պատկան մարմինները շուտով համաձայնության կգան: Երկխոսությունը ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ տարբեր մակարդակներում շարունակվում է: Մենք շատ ենք ցանկանում, որ «Ազատություն» ռ/կ-ի հեռարձակումը Հայաստանում շարունակվի»,- «Առավոտին» փոխանցեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Թոմաս Միթնախտը:

Իսկ մինչ քննարկումներ եւ բանակցություններ են ընթանում ռ/կ-ի՝ Հանրայինով վերահեռարձակման հեռանկարի շուրջ, զբաղեցրած տարածքից առաջիկա երկու ամսվա ընթացքում դուրս գալու պահանջ է ներկայացվել «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության «Մաքսլիբերտի» ծրագիրն իր հաճախությամբ վերահեռարձակող «Արձագանք» ռ/կ-ին: Նման պահանջ վերջինիս երեկ ներկայացրել են Կ. Դեմիրճյանի անվան մարզամշակութային պալատի նոր սեփականատերերը՝ ի դեմս տնօրեն Վ. Մանուկյանի: Հիշեցնենք, որ «Արձագանքը» «Ազատություն» ռ/կ-ի հետ այդ ծրագիրը վերահեռարձակելու մասին համապատասխան պայմանագիր ունի մինչեւ գալիք տարվա հունվարը, իսկ Կենտրոնի տնօրինության հետ վարձակալության 6-ամսյա պայմանագիրը, ըստ կողմերի միջեւ եղած համաձայնության, մինչ այս պարբերաբար երկարաձգվել է: Մեր այն հարցին, թե որքանո՞վ է իրենց ներկայացված պահանջը կապված «Մաքսլիբերտիի» վերահեռարձակման հետ՝ «Արձագանքի» տնօրեն Եղիշե Պետրոսյանն ասաց. «Չեմ ուզում կապել, բայց հրաշքների երկիր է՝ ամեն ինչ հնարավոր է»: Ե. Պետրոսյանը հակված էր այդ պահանջը կապել Կենտրոնի սեփականատերերի եւ իրենց միջեւ առկա մի վիճելի տարածքի հետ: Ի դեպ, մարզամշակութային համալիրը, ըստ մեր աղբյուրների, անցած տարիների ընթացքում գոյատեւել է հիմնականում «Արձագանքի» աշխատանքի հաշվին, եւ այն, որ այդ համագործակցությունը ռ/կ-ի եւ Կենտրոնի սեփականատերերի միջեւ անակնկալ կերպով խզվում է, թերեւս, հուշում է առկա միտումի մասին, որը պայմանավորված է «Ազատություն» ռ/կ-ով, մանավանդ որ՝ «Արձագանքին» ուղղված գրավոր ծանուցման մեջ տարածքն ազատելու համար որեւէ պատճառաբանություն նշված չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել