Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒԺԵՂ ԿԼԻՆԻ

Հուլիս 27,2007 00:00

\"\"ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը վստահ է, որ սահմանադրական փոփոխություններով մեր կյանքում շատ բան է փոխվել:

– Ակնհայտ չէ՞, որ սկզբից ուզում էին «Ազատությունը» փակել օրենքի ուժով, այսինքն՝ կրակից շագանակները հանել ԱԺ-ի միջոցով, չստացվեց, եւ հիմա Հանրային ռադիոն կրակն է ընկել: Սա չի՞ նշանակում, որ փակելու որոշումը քաղաքական է եւ ամեն գնով պետք է փակել:

– Ես խոսում էի իրավական կողմի մասին եւ շարունակում եմ պնդել, որ այդ նախագիծը որեւէ առնչություն չուներ «Ազատություն» ռադիոկայանի հետ, որը Հայաստանում արտոնագիր չունի: Ձեր թերթում տպագրված «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչների հայտարարություններից եւ Հանրային հեռուստառադիոընկերության այսօրվա հայտարարությունից առնվազն տեսական մի հետեւություն կարելի է անել, որ դեռեւս ամեն ինչ վերջացած չէ, եւ հնարավորություններ մնում են: Այնպես որ, կարծում եմ, որ ոչ թե պետք է հարցը քաղաքական հարթությունում քննարկել, այլ ամեն ինչ անել, որ եղած հնարավորությունները օգտագործվեն: Ի դեպ, ոմանք հայտարարում էին, թե ինչ-ինչ խոստումներ եմ տվել ոմանց, այս կապակցությամբ ուզում եմ շեշտել, որ ԱԺ-ին կամ իմ լիազորություններին չառնչվող որեւէ խնդրի հետ կապված՝ ես երբեք որեւէ հավաստիացում կամ խոստում չեմ տալիս:

– Դուք չեք տալիս կուսակցության նախագահական թեկնածուի անունը, իսկ ձեր կուսակցական այլ ընկերներ չեն խուսափում հնչեցնել այդ անունը:

– Թե ում կառաջադրի Հանրապետական կուսակցությունը, բոլորն էլ կարող են ենթադրել, այստեղ որեւէ գաղտնիք չկա, ընդհանրապես մի քիչ անհասկանալի կլինի, եթե կուսակցությունը նախագահական ընտրությունների գնալիս կուսակցության նախագահին չառաջադրի:

– Ընդդիմադիր ուժերը կարծես արդեն հասկացել են, որ առանձին-առանձին իրենք հաջողության չեն կարող հասնել, եւ արդեն քննարկումներ են ընթանում միասնական թեկնածուով նախագահականին մասնակցելու շուրջ: Սա արդյունավե՞տ կլինի:

– Խնդիրը մի քանի կողմ ունի: Առաջինը, կարծում եմ, ինչ-որ անհիմն նպատակներով տարված՝ մեր գործընկերները անգամ սահմանադրական փոփոխություններից մեկ տարի հետո չհասկացան, թե ինչ է փոխվել երկրի Սահմանադրության մեջ: Իսկ դա հետեւյալն է, որ երկրի առաջիկա նախագահը, եթե ունենալու է խորհրդարանում մեծամասնություն, ուրեմն ունենալու է շատ ամուր դիրքեր, եթե չի ունենալու մեծամասնություն, ունենալու է շատ սահմանափակ լիազորություններ, եւ բոլոր հարցերը տնօրինելու են կառավարությունը եւ խորհրդարանը: Եվ հետագա հինգ տարիների ազդեցության տեսակետից շատ ավելի կարեւոր էին խորհրդարանական ընտրությունները, քան նախագահականը: Առաջիկա նախագահական ընտրությունները կարեւոր են լինելու երկրի կայունության տեսակետից, այսինքն՝ նախագահ-խորհրդարան-կառավարություն հարաբերություններում լարվածություններ չստեղծելու տեսակետից: Եվ այս առումով լավագույն տարբերակն այն է, որ խորհրդարանի քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը դառնա երկրի նախագահ: Համոզված եմ, որ հասարակությունը, ի տարբերություն մեր որոշ գործընկերների, դա հիանալի ընկալել է: Եվ եթե իսկապես ընդդիմությունը լուրջ էր վերաբերվում իր դերակատարությանը, պիտի կարողանար սահմանադրական փոփոխություններից բխող հետեւանքները ճիշտ գնահատել եւ ըստ այդմ նախապատրաստվել խորհրդարանական ընտրություններին: Եվ եթե իսկապես համախմբման նպատակ ունեին, ճիշտ էր, որ դա արվեր խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եթե այն ժամանակ դա իրենց չի հաջողվել, հիմա մեծ կասկածներ ունեմ, որ կկարողանան իրենց միջից ընդամենը մեկին ընտրել եւ պաշտպանել նրան, առավել եւս, որ այդ մեկի հետագա ազդեցությունը քաղաքական կյանքի վրա լինելու է խիստ սահմանափակ:

– Եթե ձեզ ճիշտ հասկացա, առաջարկում եք, որ ընդդիմությունն ընդհանրապես ոչ մի թեկնածու չառաջադրի նախագահական ընտրություններին, որովհետեւ ով էլ լինի այդ թեկնածուն, ինչպես դուք եք ասում, խորհրդարանում մեծամասնություն չի ունենալու, քանի որ այդ մեծամասնությունն այսօր մեկ մարդ ունի՝ Սերժ Սարգսյանը:

– Այո, իհարկե, շատ ճիշտ հետեւություն է, քանի որ խորհրդարանում մեծամասնություն ունի Հանրապետականը, բնականաբար՝ ՀՀԿ թեկնածուն էլ նախագահ ընտրվելուց հետո կունենա մեծամասնություն, եւ որեւէ լարվածություն չի առաջանա:

– Ի դեպ, արդարադատության նախկին նախարար, այժմ՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը օրերս հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ընդդիմության լիազորությունները սահմանափակվել են, եւ ընդդիմությունը, խոսելուց բացի, այլ բաներ անելու հնարավորություններից զրկված է:

– Նախ, տարօրինակ է, երբ սահմանադրական փոփոխությունների, այսպես կոչված, թերություններից խոսում են մարդիկ, ովքեր ամենագործուն մասնակցությունն են ունեցել այդ գործընթացներին, մասնավորապես, եթե խոսքը կոնկրետ ընդդիմության երաշխիքներին է վերաբերում, ապա որեւէ մեկը ամբողջ գործընթացի ընթացքում որեւէ առաջարկություն չի մտցրել՝ ընդդիմության գործունեության հետ կապված ինչ-որ երաշխիքներ մտցնելու մասին: Ավելին ասեմ, թող որեւէ մեկը ցույց տա՝ ԵԽ-ի 46 անդամ-երկրի սահմանադրություններում ինչ երաշխիքներ կան ընդդիմության գործունեության համար: Լիազորությունների որեւէ տարանջատում չկա, ընդամենը մեկ տարբերություն կարող եք գտնել եվրոպական որոշ երկրների հետ համեմատած՝ կան երկրներ, որտեղ ընդդիմության ներկայացուցիչները ընտրվում են հանձնաժողովների նախագահներ կամ խորհրդարանի նախագահի տեղակալներ: Սրա համար, այնուամենայնիվ, որոշ մշակույթ ստեղծելու կարիք կա, որպեսզի մարդիկ հստակորեն իմանան, որ պետական պաշտոնում ընտրվելով՝ իրենք պետք է աշխատեն որպես պետական պաշտոնյա: Այնպես որ, չարժե լինել Պապից ավելի կաթոլիկ եւ այնպիսի պահանջներ ներկայացնել մեր Սահմանադրությանը, որոնք ընդհանրապես ընդունված էլ չեն այն երկրներում, որոնց շրջանակներում պետք է քննարկվեն Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խնդիրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել