Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՍՏԵՂԾՎԻ՞ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Հուլիս 27,2007 00:00

\"\"ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած հավաքում ընդդիմադիր առաջնորդները երեկ անդրադարձել են նման բեւեռի անհրաժեշտությանը:

«Մետելիցա» սրճարանի աշխատակիցները երեկ երեկոյան ակնհայտորեն պիտի տագնապած լինեին՝ տեսնելով միաժամանակ այստեղ այցելած «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանին, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին, «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանին, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանին, «Ժառանգության» քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանին, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին եւ… քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարած Աշոտ Մանուչարյանին:

Հանդիպման մասնակիցներից ոմանք մեզ խոստովանեցին, որ մեր հրապարակումից հետո, թե «Ազգային միաբանության» առաջնորդն այս հանդիպման ընթացքում հակված է անդրադառնալ ոչ թե միասնական թեկնածուի շուրջ «անպտուղ բանավեճերին», այլ Հայաստանի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերներին՝ իրենք պատրաստվել էին դասախոսություն լսել այդ լուրջ մարտահրավերների մասին: Սակայն նման բան չի եղել, եւ հանդիպումն անցել է, մասնակիցների վկայությամբ՝ ջերմ, անմիջական եւ «բացառիկ փոխըմբռնման մթնոլորտում»:

Հանդիպման նախաձեռնող Պարույր Հայրիկյանն «Առավոտի» հարցերին, թե ի՞նչ արդյունքներ ունեցավ հավաքը, ի՞նչ որոշեցին՝ պատասխանեց. «Այս հանդիպումն առանձնակի արդյունքների հասնելու նպատակով չէր իրականացվում: Ընդհանուր՝ ինչ է ակնկալում ժողովուրդը, բոլորս գիտենք: Եվ Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ մեր մտահոգություններն իրար ներկայացրինք, մասամբ էլ՝ մեր պատկերացումներն իրավիճակը շտկելու վերաբերյալ»: Ընդհանուր եզրահանգումն է եղել, որ երկրին սպառնում է ապաքաղաքականացումը: Եվ ընդդիմադիր առաջնորդներից ոմանք առաջարկել են ստեղծել միասնական բեւեռ: Հարցին, թե արդյոք հանդիպման ընթացքում ձեւավորվե՞լ է նախագահական ընտրություններին միասնական ճակատով հանդես գալու կողմնակիցների խորհրդակցական մարմին՝ ԱԻՄ նախագահը պատասխանեց. «Դե, դա ժողովրդի ընդհանուր ակնկալիքն է, մանավանդ՝ ժողովրդի գիտակից հատվածի ու լրագրողական շրջանակների, քանի որ այդ հանդիպումներն ինքնանպատակ չեն: Բեւեռ ստեղծելու անհրաժեշտության մասին բոլորն էին խոսում: Իսկ բեւեռն ավելին է, քան ինչ-որ խորհրդակցական մարմին ստեղծելը: Բայց այսօր օրակարգում այդպիսի հարց չկար: Մանավանդ որ՝ որոշ կուսակցություններ դեռ չեն հստակեցրել իրենց դիրքորոշումները առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ»:

Պարույր Հայրիկյանը հավելեց. «Մեծագույն ձեռքբերումն այն է, որ պայմանավորվեցինք՝ այս հանդիպումները պիտի շարունակական լինեն, քանի որ միշտ չէ, որ այդպես միասնական՝ մի սեղանի շուրջ հավաքվելու առիթ էին ունեցել այս գործիչները: Եվ դա այս պահի համար շատ կարեւոր համարվեց բոլորիս կողմից»: Նշենք, որ օգոստոսի վերջին է կայանալու հաջորդ հանդիպումը: «Այսպիսի հանդիպումների մասնակցելու ցանկություն են արտահայտել նաեւ այլ կուսակցություններից»,- հայտնեց պրն Հայրիկյանը: Եվ հարցին՝ արդյոք այդ ցանկում կա՞ Վազգեն Մանուկյանը՝ պատասխանեց. «Նա հավանաբար կլինի մյուս հանդիպմանը, եթե ինքն իսկապես հնարավոր է համարում բանակցություններ վարել ապագա ընտրությունների վերաբերյալ»: «Առավոտի» դիտարկմանը, թե վերապահությամբ է արտահայտվում ԱԺՄ առաջնորդի մասնակցության մասին՝ պրն Հայրիկյանն այսպես արձագանքեց. «Ոչ, ես՝ չէ: Ինքն էր ժամանակին ասել, թե բացառում է, որ իր թեկնածությունը հանի: Դա մեզ դնում էր շրջանակների, փակուղու մեջ: Բայց Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ Վազգեն Մանուկյանն այս պահին այդ դիրքորոշման մեջ հաստատակամ չէ, այսինքն՝ հնարավոր է համարում այլ մոտեցումներ: Քանի որ մենք տեսակետների ենք ծանոթանում, պատկերացումների՝ բնականաբար, նաեւ Վազգեն Մանուկյանը կհրավիրվի»: Նա հույս հայտնեց, որ նոր հրավիրյալներից կլինի «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը:

Նշենք, որ հանդիպման այլ մասնակիցներ շատ ավելի պակաս ոգեւորությամբ էին խոսում նման հավաքների ՕԳԳ-ի մասին: Ասենք, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ասաց. «Որեւէ մարմին ստեղծելու մասին ոչ մի խոսք չկա: Զուտ հանդիպում էր, որտեղ արտահայտվեցին մտահոգություններ: Իսկ որեւէ որոշակի բան չկա»:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ հարցին, թե հեռանկար տեսնո՞ւմ է, որ այս հանդիպումների շնորհիվ կստեղծվի ինչ-որ ձեւաչափ՝ պատասխանեց. «Հանդիպումներ եւ խորհրդատվություններ միշտ էլ լինում են քաղաքական տարբեր ուժերի միջեւ: Սա եւս մի հանդիպում էր՝ այդ շարքում: Իսկ ինչ-որ ձեւաչափի մասին խոսք չկա, եւ անիմաստ է այդ մասին խոսելը»:

Հ. Գ. Ի դեպ, Աշոտ Մանուչարյանին Պարույր Հայրիկյանը բնորոշեց իբրեւ «գործի կատալիզատոր»: Սակայն «Առավոտի» դիտարկումներով՝ միշտ ձախողվում են այն գործերը, որտեղ ներգրավված է լինում այդ «կատալիզատորը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել