Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԵՌ ՉՍԿՍՎԱԾ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ՌԵԿՈՐԴ Է ԳՐԱՆՑԵԼ

Հուլիս 26,2007 00:00

\"\"Օգոստոսի 18-26-ը Երեւանի, Աբովյանի, Աշտարակի, Արարատի եւ Արտաշատի մարզաբազաներում անցկացվելու են Համահայկական չորրորդ խաղերը:

\"\"Երեկ այդ առիթով հրավիրված մամուլի ասո ւլիսում Խաղերի կազմկոմիտեի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն ասաց. «Այսօրվա դրությամբ հայտ ստացվել է 25 երկրների 68 քաղաքների (25-ից՝ առաջին անգամ) 2100 մասնակիցներից: Արդեն հիմա կարելի է ասել, որ սա ռեկորդային ցուցանիշ է: Երբեք Համահայկական խաղերին մասնակցելու ցանկություն այդքան քաղաքներ չեն հայտնել: Սակայն սա դեռ վերջնական թիվը չէ: Գործընթացը շարունակվելու է մինչեւ օգոստոսի 15-ը: Կարծում եմ, որ հայտերի քանակը դեռ կավելանա եւ ընդհանուր առմամբ Խաղերի օրերին Հայաստան կժամանեն 5-6 հազար մեր հայրենակիցներ: Հարկ է նշել նաեւ, որ նախորդ երեք խաղերում սպասվող ակտիվությունը չէին ցուցաբերում Հայաստանի քաղաքները: Իսկ այս անգամ հայտեր ունենք բոլոր մարզերից: Ուրախացնում է, որ աշխուժացել են նաեւ Ռուսաստանի Դաշնության հայկական համայնքները:

Խաղերի բացման արարողությունները, որոնք կայանալու են օգոստոսի 18-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ օգոստոսի 26-ին՝ Օպերայի դահլիճում, որակական առումով էապես տարբերվելու են նախորդներից: Խաղերի կրակը Գառնիի տաճարում վառելու եւ այն մինչեւ «Հանրապետական» ստադիոն հասցնելու արարողությունը հեռարձակվելու է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով:

Խաղերի ծրագրում ընդգրկված է 10 մարզաձեւ՝ ֆուտբոլ, բադմինթոն, բասկետբոլ, թենիս, շախմատ, լող, աթլետիկա, սեղանի թենիս, վոլեյբոլ, ֆուտզալ: Արդեն կազմված են բոլոր մարզաձեւերը սպասարկող մրցավարական խմբերը:

Վարչապետի կողմից ստեղծվել է կառավարական կազմկոմիտե: Դրա մեջ են բոլոր շահագրգիռ նախարարություններն ու գերատեսչությունները, որոնք աջակցելու են Խաղերի պատշաճ անցկացմանը: Իսկ կազմկոմիտեում ստեղծվել են աշխատանքային խմբեր: Դրանք հուլիսի 10-ից զբաղված են մարզաբազաները կարգի բերելով: Բոլոր հյուրերի համար լուծված է նաեւ հյուրանոցների հարցը: Մշակված են մշակութային եւ մասնակիցների հանգիստը կազմակերպելու ծրագրեր»:

Արմեն Գրիգորյանը ներկայացրեց նաեւ Համահայկական խաղերի խորհրդանիշը՝ Արջուկը: Ճիշտ է, նա դեռ անուն չուներ, սակայն ասուլիսի ժամանակ առաջարկ եղավ կենդանուն անվանել հենց «Արջուկ»: Անունը, կարծես, դուր եկավ բոլորին:

Նախարարը խոսեց նաեւ Խաղերն օպերատիվ լուսաբանելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: Սակայն, հաշվի առնելով նախորդ անգամների փորձը, լրագրողներն արեցին լրացուցիչ առաջարկներ, որոնք Արմեն Գրիգորյանը խոստացավ անպայման կարգավորել: «Խոստանում եմ, որ ձեր աշխատանքը կատարելուն խանգարող ոչ մի խնդիր չի լինի»,- ասաց նա ասուլիսի մասնակից լրագրողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել