Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԶՈՐ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ՝ ՄՈԴԵՌՆ ԲԱԼԵՏՈՎ

Հուլիս 26,2007 00:00

\"\"Հայաստանցի չորս եւ օտարերկրացի հինգ վիրտուոզ բալերոններ հանդես կգան բացառիկ ծրագրով

Ժամանակին «Առավոտը» ներկայացրել է (15.07. 2006թ.) բալետային արվեստի աստղեր, Արեւմուտքի տարբեր թատրոնների մենապարողներ, հայաստանցի 5 վիրտուոզ բալերոններ Արսեն Մեհրաբյանին (Համբուրգ), Տիգրան Միքայելյանին (Մյունխեն), Արմեն Գրիգորյանին, Վահե Մարտիրոսյանին (Ցյուրիխ), Դավիթ Կարապետյանին (Սան Ֆրանցիսկո): Երեւանի պարարվեստի ուսումնարանի երբեմնի սաները, համախմբվելով եւ 2006թ. ստեղծելով «Forceful Feelings» խումբը (թարգմանաբար՝ հզոր զգացողություններ), առաջինը անցյալ տարվա ամռանը բեմ բարձրացան հայրենիքում: Ավելին, հայ հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն ունեցավ դիտելու աբստրակտ-մոդեռն ոճի պարեր:

«Forceful Feelings»-ը կրկին հայրենիքում է (բացառությամբ Դ. Կարապետյանի, որը այս օրերին ստիպված է Սան Ֆրանցիսկոյում բեմ բարձրանալ վնասվածք ստացած իր գործընկերների փոխարեն), այս անգամ իր ընկերների՝ Համբուրգի օպերայի եւ բալետի թատրոնի 3 պրիմա պարուհիներ Պատրիցիա Տիչիի (Ավստրիա), Յուկա Օիշիի (Ճապոնիա), Շտեֆանի Մինլերի (Կանադա), բալերոն Օտտո Բուբենիչեկի (Չեխիա) եւ վերջինիս եղբոր՝ Դրեզդենի թատրոնի բալերոն եւ խորեոգրաֆ Ժիրիի հետ: Արտիստները Ազգային օպերային թատրոնում հուլիսի 29, 30-ին հանդես կգան «Հզոր զգացմունքներ» համատեղ մոդեռն բալետային ծրագրով:

«Առավոտը» հանդիպեց «Forceful Feelings»-ի գերմանաբնակ պրոդյուսեր Արթուր Հակոբյանի հետ: Նա տեղեկացրեց, որ այս նախագծի մտահղացումը ծնվել էր դեռեւս անցյալ տարի: Պրոդյուսերին խնդրեցինք համառոտ ներկայացնել ծրագիրը եւ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք տեղ են գտել հայկական երաժշտությամբ պարեր: «Առաջին բաժինը բաղկացած է 5-6 րոպեանոց 11 համարներից: Վիվալդիի, Շոստակովիչի եւ ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությամբ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու մոդեռն բալետ: Համոզված ենք, անակնկալ կլինեն հայկական ժողովրդական «Սիրեցի, յարս տարան» երգի երաժշտության ուղեկցությամբ Պատրիցիա Տիչիի մենապարը, Արսեն Մեհրաբյանի «Լարի ձայնը» խորեոգրաֆիան՝ ըստ Սայաթ-Նովայի երաժշտության, Կոմիտասի, Ալան Հովհաննեսի երաժշտությունների ներքո ստեղծված պարերը եւ այլն: Երկրորդ բաժինը բաղկացած է ընդամենը 2 համարից՝ Բուբենիչեկ եղբայրների «Անհասանելին», որն ընդգրկված է նաեւ Համբուրգի թատրոնի խաղացանկում, եւ Օրֆիի «Կարմինա Բուրանա» ստեղծագործությունների մոդեռն բալետային մինի ներկայացումից»,- հայտնեց նա: Հետաքրքրությանը՝ գիտակցելով, որ բալետի արտիստի բեմական կյանքն այնքան էլ երկար չէ եւ դժվար է հրաժարվել Արեւմուտքում մեկ ներկայացումից ստացվող հազարավոր եվրոներից, այդուհանդերձ, մոդեռն բալետի հայաստանյան դպրոց հիմնելու մտադրություններ ունե՞ն հայ բալերոնները, Ա. Հակոբյանն ասաց. «Երեւանյան երկու երեկոներին հայ եւ արտերկրացի արտիստները աշխատում են իրենց արձակուրդի հաշվին: Թող զարմանալի չթվա, բայց նրանք գալով Հայաստան՝ դիմել են ռիսկի: Այսինքն, եթե, Աստված մի արասցե, արտիստներից որեւէ մեկը վնասի, օրինակ, ոտքը, կզրկվի Արեւմուտքի թատրոններում բժշկական ապահովագրության իր իրավունքներից, հետեւաբար, որոշ ժամանակ բեմ դուրս չգալու պատճառով՝ նաեւ հոնորարներից: Մենք արդեն հանդիպել ենք Հայաստանի մշակույթի նախարարի հետ եւ առայժմ բանավոր պայմանավորվածություն ունենք առաջիկայում վարպետության դասերի նպատակով Եվրոպայից Հայաստան համապատասխան մասնագետներ հրավիրելու եւ Հայաստանից Եվրոպա մասնագետներ գործուղելու, մոդեռն բալետային արվեստ ուսումնասիրելու ու հմտանալու համար, մանավանդ որ, տարիներ շարունակ Եվրոպայի թատրոններում հանդես եկող հայ բալերոնների օրինակով դրսում գիտեն, որ հայերն ունեն հզոր պարարվեստի դպրոց»: «Forceful Feelings» խմբի պրոդյուսերը տեղեկացրեց նաեւ, որ արտերկրացի արտիստները Հայաստանում հանդես կգան սիմվոլիկ հոնորարներով. «Նրանք մտերմացել են հայ բալերոնների հետ, սիրել հայկական երաժշտությունը: Նրանք հիացած են նաեւ մեր օպերային թատրոնի ճարտարապետությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել