Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեղծագործական մրցույթ՝ վաղեմի թեմաներով

Հուլիս 26,2007 00:00

Դիմորդների մեծամասնությունը նախընտրում է ստեղծագործել «ստանդարտ» թեմաներով

Երեկ ԵՊՀ-ում անցկացվեց ստեղծագործական մրցույթ առարկայի քննությունը: Այն մրցութային է համարվում միայն ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվողների համար: Քննասենյակի վրա փակցված էր միայն «անգլերեն» ցուցանակը եւ ոչ մի տեղ գրված չէր, թե այդտեղ ստեղծագործական մրցույթ է անցկացվում: Ի դեպ, այս քննությունն առանձնանում է ոչ միայն բնույթով, այլեւ դիմորդներին տրվող համեմատաբար ցածր միավորներով: Երեկ քննության էր ներկայացել 40 դիմորդ, որից ընդամենը 3-ն էր տղա: Գրանցվել էր մեկ «բացակա»: Քննության գնահատման չափանիշները ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Աստղիկ Բեքմեզյանը: «Սա սուբյեկտիվ մոտեցում ենթադրող քննություն է, քանի որ գործ ունենք ստեղծագործական աշխատանքի հետ: Բարձր գնահատական ակնկալող դիմորդները պիտի հնարավորինս գեղեցիկ ու գեղարվեստորեն ներկայացնեն տվյալ թեմայի մասին իրենց կարծիքը: Սա ենթադրում է պատկերավոր մտածողություն, գրագիտություն, միտքը սկսելու, զարգացնելու, ընդհանրացնելու ունակություն: Ցավոք, երեխաները հիմնականում գեղարվեստական մտածողության պասիվություն են դրսեւորում, ինչը կապված է կրթական համակարգի ներկայիս վիճակի հետ»,- փաստեց նախագահը: Քննական հացաթերթիկները սովորաբար կազմված են 1 լրագրողական եւ 2 ազատ թեմաներից: Դիմորդների մեծամասնությունը նախընտրել էր գեղարվեստական շարադրանք պահանջող վերնագրեր՝ «Կանգ առ, ակնթարթ», «Գարունը այնքա՜ն ծաղիկ է վառել»: Նկատենք, որ նույն թեմաներով ժամանակին շարադրություն են գրել դիմորդների ծնողները՝ բուհ ընդունվելիս:

«Ազատ թեմայով շարադրելն ավելի հեշտ է ստացվում: Ժուռնալիստականն էլ կընդունվենք, կսովորենք»,- ասաց դիմորդներից Նարինե Մինասյանը: Աննա Փորսուղյանն էլ ընդհանրապես ծանոթ չէր ժուռնալիստական ժանրերին. «Պարապելիս չենք անդրադարձել դրանց, ուղղակի շարադրություններ եմ գրել՝ դասախոսս ստուգել է: Ուշադրություն ենք դարձրել գեղարվեստական ձեւով շարադրանքին»: Մինչդեռ տարիներ առաջ, երբ նոր-նոր էին սկսում դիմորդներին առաջարկել ստեղծագործել նաեւ ժուռնալիստական ժանրերում, կարծիքներ հնչեցին, թե ստուգման ժամանակ առաջնահերթությունը տրվում է այդ ժանրերով ստեղծագործածներին:

«Որեւէ կապ չունի, թե դիմորդը ինչ ժանրով է ստեղծագործել, կարեւորը՝ իր ընտրած տաբերակում ճիշտ դրսեւորվի»,- շեշտեց Ա. Բեքմեզյանը: Երեկ դիմորդներին առաջարկված էին նաեւ «Պետություն, քաղաքացի, անհատ», «Խիղճը չի մեռնում», «Իմ առաջին հարցազրույցը», «Արկած» թեմաները: Դիմորդ Դավիթ Սարգսյանը, ով արդեն լրագրողական փորձ ուներ, նկատեց. «Որքանով տեղյակ եմ, ստուգող հանձնաժողովում ընդգրկված են ոչ թե ժուռնալիստներ, այլ բանասերներ: Լավ կլիներ, որ ժուռնալիստներին ժուռնալիստները ընտրեին»: «Առավոտի» հարցին, թե ինչ է պետք լավ լրագրող դառնալու համար, ապագա լրագրողները միայն վերջում էին նշում ստեղծագործելու կարողությունը: Նրանք հիմնականում կարեւորում էին համարձակությունը, աչքի սրությունը, մարդկանց հոգեկան աշխարհ ներթափանցելու հմտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել