Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ՝ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏՈՒՄ

Հուլիս 26,2007 00:00

\"\"Երեկ ՀՀ դատախազությունում քննադատվեց դատական համակարգը եւ անդրադարձ եղավ աղմկալի սպանություններին

Երեկ ՀՀ դատախազությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որը վարում էր Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Քննարկվեցին դատախազության 2007 թ. առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները: Զեկույցներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Մնացական Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Թամազյանը, ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանը, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը: Խոսվեց համակարգի աշխատանքների, հասարակական հնչեղություն ստացած մի շարք դեպքերի առթիվ հարուցված գործերի մասին: Զեկուցողները փաստեցին, որ 2007 թ. առաջին կիսամյակում հանրապետության առաջին ատյանի դատարաններում քննվել է 1087 քրեական գործ, ազատազրկման ենթարկվել 709 անձ:

Երեւանի գլխավոր դատախազ Հրաչյա Բադալյանը, Կոտայքի մարզի դատախազը եւ այլք քննադատեցին հանրապետության դատական համակարգը: Գ. Ջհանգիրյանն էլ անդրադարձավ վճռաբեկ դատարանի գործողություններին՝ նույնիսկ օրինակներ բերեց, երբ վերջինս մերժել է դատախազության դիմումները՝ գործերը քննելու կապակցությամբ: Երեւանի գլխավոր դատախազ Հ. Բադալյանի քննադատական ելույթի ժամանակ Ա. Հովսեփյանը՝ ընդհատելով վերջինիս, հիշեցրեց. «Դատարանի որոշումները քննադատելուց առաջ պետք է ասել՝ հարգում ենք դատական համակարգը»: Երեւանի գլխավոր դատախազը, համաձայնելով նկատողությանը, շարունակեց իր քննադատությունը:

Բանախոսները նշեցին, որ 2007 թ. առաջին կիսամյակում 262-ով նվազել են ՀՀ զինված ուժերում արձանագրված դեպքերը, պատահարները՝ 178-ով, հանցագործությունները՝ 84-ով: Զինվորական դատախազ Արմեն Խաչատուրյանը փաստեց. «2007թ. առաջին կիսամյակում արձանագրված 329 հանցագործությունից 24-ը եղել է ծանր, իսկ 19-ը՝ առանձնապես ծանր: Ծանր հանցագործությունները աճել են 6-ով, առանձնապես ծանրերը՝ նվազել 2-ով: Հանցագործությունների հետեւանքով պետությանը, զինվորական կազմակերպություններին եւ քաղաքացիներին պատճառվել է 22 մլն դրամի վնաս, իսկ նախաքննության ընթացքում վերականգնվել է 9 մլն դրամը»: Կոլեգիայի նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում Ա. Հովսեփյանը անդրադարձավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Վ. Զատիկյանի որդու՝ Ստեփան Զատիկյանի սպանությանը: Նա հայտարարեց, որ սպանությունը բացահայտված է, հայտնի են մասնակիցները, իրենք ունեն կատարողների եւ պատվիրատուների մասին տվյալներ: Ըստ գլխավոր դատախազի. «Ոչ բարյացակամ հարաբերություններն էլ հետագայում նպաստել են, որ հանցագործություն կատարող անձինք իրականացնեն այդ սպանությունը: Քննությամբ ձեռք բերված ապացույցները ցույց են տվել, որ այդ նպատակով վճարվել է շուրջ $30 000»: Պրն Հովսեփյանը խոսեց նաեւ մեկ այլ աղմկոտ պատմության՝ քրեական հեղինակություն Կիրովականցի Գոգայի սպանության մասին, որը տեղի էր ունեցել տարիներ առաջ, Երեւանում, «Հայէկոնոմբանկի» Արաբկիրի մասնաճյուղի դիմաց: Մինչ այդ, գլխավոր դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում հայտարարվեց, որ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործով կա ձերբակալված՝ Հայկ Իսրայելյան անուն-ազգանունով: Պարզվում է, որ վերջինս նաեւ Կիրովականցի Գոգայի սպանության իրականացնողն է: «Դուք գիտեք, որ Շահեն Հովասափյանի սպանության գծով մենք ունեինք կալանավորված անձ, որին մեղադրանք էր առաջադրվել: Տարիներ առաջ Երեւան քաղաքում կատարված սպանության դեպքով մենք դատի էինք տվել եւ դատապարտվել էր մի անձ, որն այժմ կրում է պատիժ: Նախաքննության ընթացքում մենք նոր երեւան եկած հանգամանքներով վարույթ հարուցեցինք եւ վարույթը իրականացվեց կարեւորագույն գործերով քննիչների կողմից, հիմնավորվեց, որ այդ սպանության անմիջական կատարողը հենց Հայկ Իսրայելյանն է»,- ասաց գլխավոր դատախազը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել