Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բուսաբանական այգին ոչնչանում է

Հուլիս 26,2007 00:00

Այս մասին ահազանգում են բուսաբաններն ու այգու տնօրենը

Մայրաքաղաքի Ավան համայնքում գտնվող եւ գիտական հաստատություն համարվող Երեւանի Բուսաբանական այգին արդեն քանի տարի մատնված է անուշադրության եւ այնտեղ եղած բացառիկ բույսերի մի մասն արդեն վերացել է: Այգին գտնվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի ենթակայության տակ: 70-ամյա Բուսաբանական այգին զբաղեցնում է շուրջ 100 հա տարածք եւ պահակային ծառայություն չունենալու պատճառով չի հսկվում, ինչի հետեւանքով բույսերը շատ հաճախ գողանում են: Ճիշտ է, այգին պարսպապատված է, սակայն պարիսպը տեղ-տեղ փլուզված է:

«Բուսաբանական այգին արտաքինից անխնդիր է երեւում, սակայն այգում իրականում լուրջ խնդիրներ կան, դրանք լուծելու համար բավականին ծախսեր կպահանջվեն, իսկ այգուն տրամադրվող գումարների մեջ չենք տեղավորվում: Այդպես որ շարունակվի, մի քանի տարուց այգին իսպառ կոչնչանա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը: Ըստ նրա, այգու բուսականությունը ոչնչանում է նաեւ այն պատճառով, որովհետեւ չկա կանոնավոր ոռոգում:

Ժ. Վարդանյանի խոսքերով, արդեն ոչնչացել են արեւադարձային ու մերձարեւադարձային բույսերը, քանի որ դրանց համար ձմռանը անհրաժեշտ ջերմություն ապահովող ջերմոցները անմխիթար վիճակում են եւ չեն ջեռուցվում: Տնօրենի պատմելով՝ իրենք բազմիցս բարձրացրել են այգու խնդիրը վերադաս ատյաններում. «Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսիչին թվարկում եմ մեր բոլոր խնդիրները: Նա էլ գալիս-ասում է, որ վարչապետն ասել է, թե փող չուզեք, չկա: Արտասահմանում նման բացառիկ այգիների համար մի քանի տասնյակ միլիոն դոլարների հատկացումներ են կատարում, իսկ ինչո՞ւ այստեղ գոնե դրա կեսի կեսը չեն անում»:

Այգու բուսաբանների ներկայացմամբ էլ, վտանգված է նաեւ ինստիտուտին պատկանող Հերբարիումը, որտեղ պահպանվում են Հայաստանում աճող բույսերի նմուշների հավաքածուները: Բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության եւ աշխարհագրության բաժնի վարիչ Էլեոնորա Գաբրիելյանի խոսքերով. «Ամռանը լինում է շուրջ 40 աստիճան տաքություն, ձմռանը՝ 10 աստիճան ցուրտ եւ ջերմաստիճանի նման տատանումներից ողջ հավաքածուն փչանում է: Պետք է լինի միապաղաղ ջերմաստիճան: Արդյունքում՝ ոչնչացել են բազմաթիվ նմուշներ, դրանց մի մասն էլ ցեցը կերել է: Հոգեբանորեն այս ամենն անհանդուրժելի եւ զարհուրելի է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել