Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկական զինված ջոկատներ՝ Վրաստանո՞ւմ

Հուլիս 26,2007 00:00

Երեկ Ուկրաինայի վրացիների «Սաքարթվելո» միությունը հանդես է եկել իր տեսակի մեջ աննախադեպ հակահայկական մի հայտարարությամբ, որի տեքստը «Առավոտին» է փոխանցել «Ջավախք-ինֆո» գործակալությունը: Ստորեւ՝ մասնակի կրճատումներով ներկայացնում ենք այդ փաստաթուղթը:

«Վերջին ժամանակներս Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում ապրող հայերը ակտիվացել են ընդդեմ Վրաստանի եւ սկսել են կեղծել մեր պատմությունը: Հայերի քաղաքական ակտիվացումը ուղղված է ընդդեմ վրացական պետության ազգային շահերի: Հայկական ազգայնական կազմակերպությունները՝ Վիրք կուսակցությունը, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը, «Դաշնակցություն» կուսակցության ստորաբաժանումը, «Արշալույս», «Փարվանա» եւ «Ջավախք» կազմակերպությունները ամեն կերպ փորձում են միջազգային կազմակերպություններին ներկայացնել Սամցխե-Ջավախեթին որպես պատմական հայկական հող: Այդ կազմակերպությունների համար առաջնային է դարձել Սամցխե-Ջավախեթիի վերամիավորումը Հայաստանին, իսկ հետագայում՝ Մեծ Հայաստանի ստեղծումը: Վերջին ժամանակներս ակտիվացել է «Ջավախքի Ազգային ազատագրական շարժումը» եւ նկատվում է տարածաշրջանի հայկական բնակչության շրջանում անջատողական տրամադրությունների աճ: Միաժամանակ հայկական դաշնակները սկսել են Լիբանանից, Սիրիայից, Թուրքիայից, Լեռնային Ղարաբաղից եւ բուն Հայաստանից հայկական ընտանիքների վերաբնակեցումը Վրաստանի Նինոծմինդայի եւ Ախալցխայի շրջաններում: Հայկական անջատողականների հակավրացական գործունեությունը Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում ուղղակի սպառնալիք է դարձել Վրաստանի եւ վրացական ժողովրդի համար: Սամցխե-Ջավախեթիի հայերը միաժամանակ տարբեր միջոցներով տարածաշրջանից դուրս են մղում վրացիներին, դուխոբորներին (ռուսներին) եւ հույներին: Գորելովկա գյուղում բնակվող դուխոբորները հայկական շովինիստների ճնշման պատճառով աստիճանաբար լքում են իրենց հայրենի հողը:

Հայկական անջատողականները Գանձա գյուղում ստեղծել են զինված ջոկատներ, որոնք ներկայացնում են սպառնալիք այս տարածաշրջանի կայունությանը: Վրաստանի պաշտոնական իշխանությունները երբեմն աչք են փակում Սամցխե-Ջավախեթիի հայերի հակավրացական գործունեության վրա, եւ այդպիսի միտումը ստեղծում է պայմաններ հայկական անջատողականության զարգացման համար՝ ընդդեմ մեր հայրենիքի: Կոչ ենք անում բոլոր վրացիներին միավորվել եւ պայքար մղել ընդդեմ հայկական անջատողականության:

Կեցցե վրացական ազգը, կեցցե միասնական Վրաստանը: Հայկական անջատողականները կորչեն Վրաստանից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել