Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՆԴԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԱՇՏՈՒՄ Է

Հուլիս 26,2007 00:00

\"\"Ըստ «ՀԺ» խմբագիր Նիկոլ Փաշինյանի, հե՛նց ՀՀ քաղաքացիներն են որոշելու «Ազատություն» ռ/կ-ի հետագա ճակատագիրը:

Երեկ «Առավոտն» արդեն հրապարակել էր «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եւ այն վերահսկող գործակալության՝ Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի՝ Վաշինգթոնում տարածած համատեղ հաղորդագրությունը, որտեղ դրա հեղինակները մտահոգությամբ արձանագրել են, որ ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդին չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել Հայաստանի Հանրային ռադիոյի հետ՝ «Ազատություն» ռ/կ-ի հաղորդումների հետագա վերահեռարձակման եւ դա ապահովելու համար անհրաժեշտ նոր պայմանագիր կնքելու շուրջ: Հիշեցնենք, որ հաղորդագրության հեղինակների պնդմամբ՝ «ակնհայտ է, որ այն, ինչը խոչընդոտում է պայմանագրի ստորագրմանը, կապ չունի իրավական, պայմանագրային կամ տեխնիկական հարցերի հետ»:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ-ի նախագահ Ջեֆրի Գեդմինը նաեւ ակնարկել է, որ «Ազատության» դուրս մղումը «հանրայինի» եթերից, քաղաքական նպատակներ ունի. «Հայաստանցիները 8 ամիս հետո ընտրելու են երկրի հաջորդ նախագահին, ուստի հատկապես կարեւոր է, որ «Ազատություն» ռ/կ-ի հեռարձակումները, որոնք աչքի են ընկնում ճշգրտությամբ եւ օբյեկտիվությամբ, հասանելի լինեն հնարավորինս մեծ լսարանի»:

Այն, որ ռ/կ-ի փակումը զուտ քաղաքական նպատակ է հետապնդում, ե՛ւ լրագրողական կազմակերպությունների, ե՛ւ հայաստանյան ընդդիմության, ե՛ւ շարքային քաղաքացիների կողմից ասվել էր ավելի վաղ՝ դեռ ՀՀ խորհրդարանում հայտնի օրինագծերի՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» եւ «Պետական տուրքի» մասին օրենքներում փոփոխությունների քննարկման փուլում: Եվ քանի որ «Ազատությունը» փակելու քաղաքական որոշումը ՀՀ իշխանություններն արդեն ընդունել էին, բնական էր, որ հիշյալ օրինագծերի տապալումն այդ ճանապարհին արգելք լինել չէր կարող:

Երեկ դեռ օրվա կեսերին հայտնի էր, որ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհուրդը պատրաստվում է հայտարարություն անել «Ազատության» շուրջ ծավալված զարգացումների վերաբերյալ: Ուշ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ ասված է, թե ամերիկյան կողմի հայտարարությունը «պարունակում է մի շարք էական անճշտություններ եւ չի արտացոլում անցյալ շաբաթ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հանրային ռադիոընկերության եւ Ամերիկյան հեռարձակողների տնօրենների խորհրդի միջեւ տեղի ունեցած քննարկումների էությունն ու ոգին»: Ըստ ՀՀՌԸ խորհրդի հայտարարության, Հանրային ռադիոն ոչ թե մերժել է «Ազատություն» ռ/կ-ի՝ վճարումներ կատարելու մասին առաջարկությունները, այլ մի շարք գրություններ է ներկայացրել նրան՝ պահանջելով ժամկետանց գումարների անհապաղ վճարումները, իսկ նկատի առնելով Հանրային հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեության ընդհանուր միջազգային փորձը՝ խորհուրդը որոշել է դադարեցնել Հանրային ռադիոյով եւ հեռուստատեսությամբ արտասահմանյան եւ տեղական հեռարձակողների ծրագրերի վերահեռարձակումը եւ այդ մասին հուլիսի 6-ի որոշմամբ հանձնարարել է Հանրային ռադիոյին եւ Հանրային հեռուստաընկերությանը ծանուցել բոլոր տեղական եւ օտարերկրյա հեռարձակողներին, որ օգոստոսի 9-ից հետո իրենց ծրագրերն այլեւս չեն վերահեռարձակվելու Հանրային ռադիոյով եւ Հանրային հեռուստատեսությամբ»: «Ազատություն» ռ/կ-ն ի պատասխան այդ ծանուցման՝ խնդրել է երկարացնել այդ ժամկետը, ինչը Հանրային ռադիոընկերությունը ընդունել է: Հայտարարության համաձայն, թե՛ Խորհուրդը, թե՛ Հանրային ռադիոն պատրաստակամություն են հայտնել աջակցելու «Ազատություն» ռ/կ-ի եւ հայկական մասնավոր ռ/կ-ների միջեւ բանակցություններին, որպեսզի ապահովվի ռ/կ-ի շարունակական վերահեռարձակումը Հայաստանում, որի նպատակով էլ ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի պատվիրակության հետ անցյալ շաբաթ տեղի են ունեցել քննարկումներ: ՀՀՌԸ խորհուրդը քննարկել է «Ազատության» ծրագրերի վերահեռարձակման հնարավորությունը «Ար ռադիո» միջմայրցամաքային ռ/կ-ի միջոցով: «Պարոն Թետչերին ուղղված գրությունից անմիջապես հետո՝ հուլիսի 25-ին, Ամերիկյան հեռարձակողների տնօրենների խորհուրդը ներկայացրեց իր կողմից առաջարկվող ծառայությունների պայմանագրի նախագիծը «Ար ռադիո» միջմայրցամաքային ռադիոընկերության միջոցով «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների վերահեռարձակման վերաբերյալ, եւ կողմերն այդ նախագծի շուրջ վերջնական բանակցությունների փուլում էին, երբ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը տարածեց իր հայտարարությունը»,- ասված է ՀՀՌԸ-ի խորհրդի հայտարարության մեջ:

«Երեւանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը, մեկնաբանելով «Ազատության» շուրջ ստեղծված իրավիճակը, ասաց, թե ենթադրում է, որ ռ/կ-ն փակելու քաղաքական որոշումն ընդունվել էր տխրահռչակ օրինագծերի քննարկումներից դեռ 1-1,5 տարի առաջ, երբ ռ/կ-ն սկսեց նյարդայնացնել իշխանություններին: Եվ քանի որ, ԵՄԱ նախագահի ասելով, դա իշխանություններին օրենսդրական ճանապարհով անել այն ժամանակ չէր հաջողվել, նրանք ընտրել են դա անելու վարչարարական ձեւը: Բ. Նավասարդյանի կարծիքով, այն, որ ռ/կ-ի՝ օգոստոսի 9-ից Հանրային ռադիոյով չվերահեռարձակելու մասին որոշումը հրապարակվում է միայն այսօր, երբ թերթերի մեծ մասն արձակուրդում է, պայմանավորված է ավելի շատ ամերիկյան եւ հայկական կողմերի միջեւ ընթացող բանակցություններով, որոնք, ի վերջո, տապալվել են: Պարոն Նավասարդյանը ռ/կ-ի հեռարձակման դադարեցումը հակված չէր կապելու առաջիկա նախագահական ընտրությունների հետ. «Ես դա կապում եմ այլ՝ ընդհանուր միտումի հետ, որը մի քանի տարի է՝ արդեն զգացվում է՝ լռեցնել, արգելել ցանկացած անվերահսկելի, իշխանության հասցեին քննադատություն հնչեցնող լրատվամիջոց՝ որեւէ եղանակով»:

Խոսելով «Ազատության» վերջնական փակումը կանխարգելող հնարավոր քայլերի մասին՝ ԵՄԱ նախագահն ասաց, թե որեւէ արդյունավետ քայլերի պատրաստ չէ ո՛չ լրագրողական համքարությունը, ո՛չ հասարակությունը. «Հիմնական ԶԼՄ-ները, որոնք կարող էին բարձր հնչեցնել ռ/կ-ի փակման հարցը, որոնք մեծ լսարան ունեն՝ հեռուստաընկերություններն են, եւ մենք տեսանք, թե ինչպիսի արհամարհանքով նրանք վերաբերեցին ԱԺ-ում ռ/կ-ին առնչվող օրինագծերի քննադատությանը: Նույնը տեղի կունենա նաեւ հիմա, բայց դա չի նշանակում, որ պետք է լռել, չբարձրաձայնել»:

«ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ասաց, թե մեր հասարակության, քաղաքական ուժերի, ԶԼՄ-ների խնդիրն է համախմբվել «Ազատություն» ռ/կ-ի փակման հեռանկարը կանխելու նպատակի շուրջ: Ըստ նրա, բոլորի համար պետք է հասկանալի լինի՝ «Ազատությանը» պաշտպանելով՝ պաշտպանում են իրենց տեղեկատվություն ստանալու իրավունքը: «ՀԺ» խմբագրի ասելով, եթե ռ/կ-ն ուզում է շարունակել հեռարձակվել ՀՀ-ում, նշանակում է՝ գնդակը հայտնվել է ՀՀ քաղաքացիների դաշտում, եւ հե՛նց նրանք են լինելու «Ազատություն» ռ/կ-ի ճակատագրի որոշողը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել