Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՈՒՐԻԶՄԸ ՈՍԿԵԲԵՐ ԱՆՁՐԵՎ Է

Հուլիս 25,2007 00:00

\"\"Տուրիզմի հայկական ինստիտուտը, որը Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղն է Հայաստանում, այս տարի տվեց իր 32 առաջին շրջանավարտները:

Հայաստանում կա՞, արդյոք, շատ թե քիչ ձեւավորված դաշտ, որտեղ հնարավոր լինի կիրառել նրանց գիտելիքները: Հարցի պատասխանն ստացանք ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Մինասյանի հետ հարցազրույցում:

– Տուրիստիկան լուրջ գիտություն է եւ առանց այն հիմնավորապես տիրապետելու ոչ մի երկրում, այդ թվում նաեւ՝ Հայաստանում, ոլորտը չի զարգանա, որքան էլ մեր երկիրը թանգարան բաց երկնքի տակ կոչեն:

– Աստված Հայաստանն ստեղծել է տուրիզմի համար, բայց մեզ մոտ շատերը տուրիզմ ասածը ճիշտ չեն հասկանում: Այսօր Հայաստանում գործում են բազմաթիվ, այսպես կոչված, կազմակերպություններ, որոնց մեծ մասն իրեն տուրիստական ֆիրմա կամ օպերատոր է անվանում: Բայց դրանք ֆիրմա, օպերատոր անունը կրելու իրավունք չունեն, եթե տուրիստական նոր ապրանք չեն ստեղծում, այլ ուրիշի ստեղծածն են օգտագործում եւ վաճառում: Այդ կազմակերպություններն իրականում տուրիստական միջնորդի (ագենտի) գործունեություն են ծավալում: Սրանք միանգամայն տարբեր բաներ են: Տուրապրանքն այն փաթեթն է, որի համար տուրիստը նախապես վճարում է. հյուրանոցի, տրանսպորտի արժեքը, տրանսֆերը՝ օդանավակայանից հյուրանոց եւ հակառակ ուղղությամբ տանելը, էքսկուրսիոն ծրագիրը եւ այլն: Սրանք պարտադիր այն սպասարկումներն են, որ տուրիստը պետք է ստանա: Կան նաեւ լրացուցիչ սպասարկումներ, որոնք առաջարկվում են տեղում:

– Այսպես, թե այնպես՝ յուրաքանչյուր տուրիստ սպասարկվում է: Բայց արդյոք որակը համապատասխանո՞ւմ է միջազգային չափանիշներին:

– Հիմնականում՝ ոչ: Հայաստանում որակյալ մասնագետների սով է: Տուրիստական գործակալություններում, հյուրանոցներում աշխատում է ով ասես: Սկսած ավտոբուսի վարորդից, հանդերձապահից, մատուցողից ու վերջացրած էքսկուրսավարով, պարտադիր պետք է կրթված լինեն, տիրապետեն լեզուների, իմանան իրենց երկրի պատմությունը, մշակույթը, քանի որ տուրիստը նրանց հետ շփվելով է պատկերացում կազմում երկրի մասին: Ես, օրինակ, դեմ եմ, որ իմ երկիրը ներկայացնեն պատահական մարդիկ:

Այսօր փոխվել են տուրիստի պահա նջները, հետաքրքրության շրջանակները: Պետությունը պետք է հատուկ քաղաքականություն ու ծրագրեր մշակի: Սկսնակները պարտադիր պետք է դասընթացներ անցնեն, իսկ նրանք, ովքեր արդեն աշխատում են, վերաորակավորվեն՝ դա լինի տեղում, թե արտասահմանում, ու լիցենզիա ստանալուց հետո էլ ամեն տարի քննություն հանձնելով՝ հաստատեն աշխատելու իրենց իրավունքը:

– Տարեցտարի տուրիստների հոսքը Հայաստան ավելանում է: Բայց հյուրանոցային ցանցը կուտակված է հիմնականում մայրաքաղաքում:

– Դա նույնպես լուրջ խնդիր է, որը խոչընդոտում է ոլորտի զարգացմանը: Տուրիստը միայն Երեւանի տեսարժան վայրերով չի բավարարվում: Մեր պատմամշակութային արժեքների առյուծի բաժինը սփռված է հանրապետության ողջ տարածքով մեկ: Օրինակ, շատերը երազում են տեսնել Տաթեւը, Հաղպատը, Դիլիջանը: Բայց քանի որ մարզերում հարմարավետ հյուրանոցներ չկան, հավատացեք, քչերը կհամաձայնեն 6-7 ժամ ճանապարհ գնալ՝ այդ հրաշալիքները մեկ-երկու ժամ վայելելու ու նույն օրը վերադառնալու պայմանով: Ոլորտը հիմնականում մասնավորի ձեռքին է: Լավ կլիներ, որ գործարարները մարզերում 3 աստղանի հյուրանոցներ կառուցեին, իսկ պետությունն էլ օժանդակեր այնտեղ տուրիզմի զարգացմանը:

– Գոյություն ունի նաեւ սպորտային տուրիզմ հասկացությունը:

– Դա ընդհանուր հասկացության կարեւոր բաղադրիչներից է, որտեղ, սակայն, առանց պետության գործնական միջամտության դրական տեղաշարժ ակնկալելն անիմաստ է: Մի քանի տարի առաջ ընդունվեց «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքը, բայց, որքան էլ զարմանալի է, այնտեղ սպորտային տուրիզմի մասին ոչ մի տող չկա գրված: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը տարեկան մի քանի հարյուր շրջանավարտ է տալիս, բայց նրանցից հատ ու կենտ մարդիկ են աշխատում մասնագիտությամբ: Մինչդեռ, հինգ տարի սովորած այդ երիտասարդների, որոնք ֆիզկուլտուրայի եւ սպորտի հիմունքներին զուգահեռ ուսումնասիրել են նաեւ մարդու ֆիզիոլոգիա, անատոմիա, ներուժը հնարավոր է ծառայեցնել սպորտային տուրիզմին: Սպորտային տուրիզմն ունի իր առանձնահատկությունները: Կարելի է ստեղծել ճամբարներ, որոնք նախ կծառայեն երիտասարդության առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, իսկ հետագայում՝ նաեւ դրսից այդ տուրիստական խմբեր Հայաստան բերելուն: Բայց լուրջ ներդրումներ են պետք՝ կապված անհրաժեշտ գույքի ձեռքբերման հետ: Հայաստանը լեռների, ձորերի պակաս չունի: Օրինակ, արդյոք վա՞տ կլիներ, եթե Արագածի լանջերին ալպինիստական ճամբար, Ծաղկաձորում՝ ձմեռային, Սեւանում ջրային մարզաձեւերի համար հանգրվաններ լինեին: Առավել եւս, որ հանրապետության նախագահը օրերս այնտեղ վինդսերֆինգի ակումբ բացեց: Պատկերացնո՞ւմ եք, թե մեր երիտասարդների քանի խմբեր կօգտվեին դրանից ու դրսի քանի խմբեր կարող էին գալ Հայաստան: Սրան ավելացնենք հեծանվային, հետիոտն, ձիերով արշավների, հազար ու մի տուրիստական ճամբարները:

Թվարկել կարելի է՝ որքան ուզես: Գործին մասնագիտական մոտեցում է պետք: Մնացածն, ինչպես ասում են, ինքն իրեն կլինի: Հայաստանը տուրիզմի առումով ոսկե անձրեւի երկիր է:

– Օգոստոսին Երեւանում մեկնարկելու են Համահայկական մարզական հերթական խաղերը, որոնց մասնակցելու համար Երեւան են ժամանելու հազարավոր մեր երիտասարդ հայրենակիցներ:

– Նման բան ամեն երկիր չէ, որ հնարավորություն ունի կազմակերպել: Աշխարհասփյուռ հայ երիտասարդները նախնիների երկիր գալու հազվագյուտ հնարավորություն են ունենում: Պարզ է, որ նրանց մեծ մասը մրցումներին մինչեւ վերջ չեն մասնակցելու՝ պարտվողները վերածվելու են հանդիսականի: Մնացած օրերին նրանք իրենց ազատ ժամանակն ինչպե՞ս են անցկացնելու: Կարելի էր, չէ՞, նախապես կազմել նրանց զբաղեցնելու, նախնիների երկրին ավելի լավ ծանոթացնելու ծրագրեր, որպեսզի հաջորդ անգամ ոչ միայն իրենք կրկին Հայաստան գալու ցանկություն ունենային, այլեւ հաջորդ անգամ ուրիշներին էլ բերեին Հայաստան: Համահայկական խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլեւ Սփյուռք-Հայաստան կապերն ամրապնդելու հիանալի հնարավորություն, որտեղ տուրիզմն անգնահատելի դեր ունի խաղալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել