Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անգլերենը՝ ընդդեմ ընդհանուր պատմության

Հուլիս 25,2007 00:00

Անգամ պատմության ֆակուլտետի դիմորդներն են նախընտրում պատմության փոխարեն անգլերենից քննություն հանձնել:

Մինչ ընդունելության քննությունների 5-րդ օրը՝ հուլիսի 24-ը, քննության է մասնակցել շուրջ 5000 դիմորդ: Երեկ անցկացվեց 12 քննություն՝ 10 գրավոր եւ 2 բանավոր: Անգլերենի գրավոր քննությունից դիմորդներն ավանդաբար բարձր գնահատականներ են ստանում: Այս տարվա դիմորդներն էլ հետ չեն մնում նախորդ տարվաններից: Հաշվիչ կենտրոնի հրապարակած վերջին տվյալների (20/07-22/07) համաձայն՝ անգլերեն գրավորից 726 դիմորդից 18-20 միավոր է ստացել 366-ը, իսկ «անբավարար»՝ 30-ը: Գրանցվել է 31 «քսան», գերակշռում են 15-17 միավորները: Այսպիսի բարձր արդյունքների ստացումը սովորաբար պայմանավորում են դիմորդների կողմից շտեմարանն անգիր անելով: Անգլերենի գրավոր քննության առարկայական հանձնաժողովի նախագահ Նվարդ Երնջակյանը դեմ չէ, որ դիմորդները սերտեն շտեմարանը. «Բարձր գնահատականների գրանցումը միայն դիմորդների՝ շտեմարանը անգիր անելով չէ պայմանավորված: Երեխաները պարզապես սիրում են օտար մշակույթը, նաեւ անգլերենի իմացության հետ են կապում իրենց հաջողակ ապագան, աշխատանքի հարցը»: Այս քննության ժամանակ դիմորդներն ամենաշատը բալեր կորցնում են թարգմանության առաջադրանքում թերանալիս:

Չնայած Ն. Երնջակյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ անգլերենի նկատմամբ հետաքրքրությունը նպաստում է քննությանն ավելի լավ պատրաստվելուն, հետաքրքրվեցինք, թե այդ գործոնն ինչո՞ւ չի ազդում անգլերենի բանավոր քննության վրա, որտեղ բավականին ցածր են արդյունքները: «Մենք չունենք անգլախոս միջավայր, որպեսզի լեզուն զարգանա այնպես, ինչպես ռուսախոսության տարիներին էր: Այն ժամանակ հեռուստատեսությունը, ռադիոն, դպրոցը, երկրի քաղաքական կառուցվածքը նպաստում էին այդ լեզվի զարգացմանը»,- նշեց հանձնաժողովի նախագահը:

Իսկ ԵՊՀ բակում դիմորդների ծնողները բավականին մտահոգված էին: Ծնող Իրինա Սեդրակյանն այս կարծիքին էր. «Հայոց լեզվի միասնական քննությունից դժգոհ ենք եւ չենք ուզում, որ մյուս տարի էլ անգլերենն այդ ձեւով անցկացվի: Որ ասում են օբյեկտիվ էր, լիովին համամիտ չեմ, քանի որ անարդարություն, միեւնույն է, եղել է»: Նելլի Այվազյանն էլ միայն այն պատճառով է համաձայն միասնական համակարգի անցնելուն, որ ծնողներն ու դիմորդները պարտադրաբար ամբողջ ամառ արեւի տակ չճռռան:

ԵՊՀ եւ Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետներ ընդունվելու համար դիմորդներն ընտրությամբ կարող են հանձնել կամ անգլերեն գրավոր, կամ ընդհանուր պատմություն առարկաները: Պարզ է, որ նրանց մեծամասնությունն ընտրում է ավելի հեշտ ճանապարհը՝ անգլերենը: «Դա ինձ համար անընդունելի է: Ցավոք, ստացվում է այնպես, որ անգլերենից բարձր միավորներ ստացած դիմորդները լրացնում են պատմություն հանձնողների տեղը: Եվ իսկական մասնագիտական կողմնորոշում ունեցողները տուժում են»,- նկատեց Ընդհանուր պատմության առարկայական հանձնաժողովի նախագահ Արտավազդ Դարբինյանը: Նկատենք, որ ընդհանուր պատմություն առարկան հիմնականում ընտրում են շրջաններից եկած դիմորդները: Պատճառը բացատրեցին նրանց ծնողները: «Փող չունենք, որ երեխային անգլերեն պարապելու տանք»,- կես կատակ-կես լուրջ ասաց շիրակցի Ալվարդ Հովհաննիսյանը: Նույն մարզից Ռուզաննա Հովհաննիսյանն էլ հայտնեց. «Անցյալ տարի դուստրս դպրոցից ստացած գիտելիքներով անգլերեն հանձնեց, բայց կտրվեց: Այդ պատճառով էլ այս տարի որոշեց պատմություն հանձնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել