Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՆԱԿԻՉՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ԴՊՐՈՑԻ

Հուլիս 25,2007 00:00

\"\"Աերացիա թաղամասի թիվ 4 շենքի բնակիչներն ու Հովհ. Շիրազի անվան դպրոցի տնօրենը տարածքային խնդիր ունեն:

«Առավոտը» նամակ է ստացել Երեւանի Աերացիա թաղամասի բնակիչներից: Արդեն բավական ժամանակ է, որ նրանց ու նույն թաղամասում գտնվող Հովհ. Շիրազի անվան թիվ 169 դպրոց-վարժարանի տնօրեն Սուսաննա Կիրակոսյանի «ջուրը մի առվով չի գնում»: «Սուսաննա Կիրակոսյանը մեր՝ 4-րդ շենքի տարածքում ինքնակամ պարսպապատման աշխատանք է կատարում, այն դեպքում, երբ այդ տարածքը, ըստ հատակագծի, պատկանում է շենքին…Բացի այդ, մեր շենքի տարածքում կա բնակիչների համատեղ ջանքերով կառուցված մի փոքրիկ տաղավար, որին տիկին Կիրակոսյանը ցանկանում է տիրանալ՝ այն վճարովի խաղասրահ դարձնելու նպատակով»,- գրել են նամակագիրները:

Բնակիչները տեղեկություն ունեն, որ տնօրենը մտադիր է դպրոցի հետեւի մասում շինություն կառուցել եւ այդ նպատակով է նախ քողարկող պարիսպ կառուցում: Նրանց պնդմամբ, պարիսպը ոչ միայն փակում է դպրոցի կենտրոնական մուտքը, ինչի պատճառով երեխաները դպրոց են գնալու շրջանցիկ ճանապարհով, այլեւ խլում է դպրոցի հարեւանությամբ գտնվող շենքերի առաջին հարկերի լույսը: Բնակիչները տնօրենին առաջարկել են միասին քննարկել ստեղծված իրավիճակը եւ ընդհանուր հայտարարի գալ, բայց նրանց խոսքով՝ Ս. Կիրակոսյանը հրաժարվել է: Իրենք էլ ոչ միայն 120 ստորագրությամբ նամակ են հղել ՀՀ նախագահին ու վարչապետին, այլեւ մեծումանուկով փորձել են քանդել կիսակառույց պարիսպը:

«Մեծն Շիրազի անունը կրող դպրոցն այսօր նման է առեւտրի կենտրոնի, քանի որ գրեթե ամեն օր գումար է հավաքվում. համակարգիչների համար՝ 2000-ական դրամ, ամփոփաթերթիկների համար՝ 300, իսկ քննությունների գումարը սկսվում է 4000 դրամից»,- իրենց նամակում դժգոհում են Աերացիայի բնակիչ-ծնողները:

Կապվեցինք դպրոցի փոխտնօրեն Ռաիսա Նասիբյանի հետ, քանի որ, նրա փոխանցմամբ, տնօրենը արձակուրդում է եւ խնամում է հիվանդ ամուսնուն: Տիկին Նասիբյանը հերքեց բնակիչների կողմից դպրոցի տնօրենին ուղղված բոլոր մեղադրանքները: Իսկ կառուցվող պարսպի մասին էլ ասաց. «Մենք ոչ մի պարիսպ էլ չենք կառուցում: Այն ընդամենը 2 քար է, վրան՝ ճաղեր: Վերջիններս գոյություն ունեն շուրջ 25 տարի, քարերով ուղղակի ամրացրել ենք այդ ճաղերը: Ու չեմ կարծում, թե դրանք կարող են փակել ինչ-որ մեկի լույսի ճանապարհը: Հարեւանությամբ գտնվող շենքի բնակիչները շատ են ցանկանում, որ դպրոցի տարածքից մի հատված տրվի իրենց, ինչն անհնար է: Կադաստրի պետական կոմիտեից թուղթ ունենք, որ այդ տարածքը մերն է, ուրեմն ինչո՞ւ հանձնենք նրանց: Կարծում եմ, դպրոցի եւ բնակիչների միջեւ եղած տարաձայնությունները կհարթվեն, երբ նրանք իմանան, որ ամեն ինչ օրինական է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել