Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոզերի ժանտախտը Հայաստանո՞ւմ

Հուլիս 25,2007 00:00

\"\"Շիրակի մարզի Հոռոմ գյուղում խոզերին «կոտորող» հիվանդությունը գյուղացիներին անծանոթ է:

Մեկ ամսից ավելի է՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում ընտանի կենդանիները մեկը մյուսի հետեւից հիվանդանում են ու սատկում: Եթե կովերի սատկելու պատճառը, ըստ գյուղացիների, դաբաղն է, ապա խոզերի հիվանդության պատճառներն անհայտ են: Հոռոմի ամենաշատ խոզ ունեցող՝ Հարոյանների խոսքերով, քսան օրվա ընթացքում իրենց ութսուն խոզից մնացել է ընդամենը հինգ-վեցը: Ամենաթարմ դեպքը գրանցվել է անցած հինգշաբթի, երբ խոզը բոլորի աչքի առաջ սատկել է, գյուղի անասնաբույժն էլ վերցրել ու այն լաբորատոր փորձաքննության համար մայրաքաղաք է հասցրել: Նրանց պատմելով, վարակը սկսվել է կենդանիների աչքերի կուրանալով ու ականջների մեծանալով: «5 օր հետո այդ բոլոր խոզերը գետնին տապալվեցին: Միջին չափով 6 հազար դոլար տուժել ենք, մենք վստահ ենք, որ սա դաբաղ չէ, այլ ժանտախտ է, բայց մարզի անասնաբուժական ծառայությունից մեզ ասում են, թե անտեղի ենք անհանգստանում: Մեր այն մտահոգությանն էլ, թե հնարավոր է, որ խոզերի ժանտախտը հարեւան հանրապետությունից փոխանցված լինի, մարզի անասնաբուժները պնդում են, որ նման բան գոյություն չունի: Ավելին, մեզ հավատացնում են, որ այդ քանակությամբ խոզ չենք ունեցել, այլ գործ ենք սարքել, որ փող կորզենք: Բայց հո խաբելով չէ, ամբողջ գյուղն էլ գիտի մեր խոզերի քանակը»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկ Հարոյանը: Նրա ներկայացմամբ, որոշ մարդիկ եկել ու իրենց առաջարկել են էժան գներով հիվանդ կենդանիների միսը գնել, բայց «մենք կտրականապես հրաժարվել ենք»:

Գյուղի մեկ այլ բնակչի՝ Վաչագան Մարգարյանի խոսքերով էլ, վերջերս 2 գոճի էր գնել եւ 2-ն էլ որոշ ժամանակ անց սատկել էին: Նա համոզված է, որ դա ոչ թե կերի թունավորումից է, ինչպես փորձում են համոզել անասնաբույժները, այլ «հենց էլ ժանտախտ է»: Վ. Մարգարյանի ներկայացնելով, որոշ «պաշտոնավորներ» սպառնացել են «շուխուռ» գցելու դեպքում սաղ գյուղի խոզերին հավաքել ու վառել: Գյուղացիների հաշվարկներով՝ 150 խոզ արդեն կոտորվել է, որոնց թաղել են դաշտերում: Գյուղացիները դժգոհեցին, որ գյուղի անասունները տառապում են նաեւ դաբաղով, որին պատվաստանյութերը չեն օգնում: Չնայած դրան, գյուղացիներից ոչ մեկը գյուղի անասնաբույժ Բագրատից չէր դժգոհում՝ ասելով, որ վերջինս հնարավորին չափ չարչարվել է, բոլորի տները շրջել է, սակայն որեւէ դրական արդյունքի չի հասել: Նրանց հավաստմամբ, դաբաղով հիվանդ կովերից վարակն անգամ մարդկանց է անցել. «Գյուղի նախրապաններից մեկն այժմ ծանր վիճակում է գտնվում»:

Ինչո՞ւ համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվում եւ, ի վերջո, կենդանիները, հատկապես խոզերն ի՞նչ հիվանդությամբ են տառապում, այս հարցերի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Շիրակի մարզային սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության անասնաբուժության բաժնի պետ Գագիկ Սարգսյանից: Նա հավաստիացրեց, որ այս հարցում մեղավոր են Հարոյանները, որոնք գյուղի անասնաբույժին ժամանակին դիմելու փոխարեն զբաղվել են ինքնաբուժությամբ: «Անգամ անասնաբույժին արգելել են ժամանակին սրսկում կատարել: Մենք եղել ենք անասնագերեզմանոցում, ուսումնասիրել ենք, ցանկացել ենք հայտնաբերել սատկած կենդանիների դիակները, քանի որ եթե թաղված են, պիտի տեղը երեւա, չէ՞: Սակայն ոչինչ չենք հայտնաբերել: Իրենք էլ ասում են, թե շներն են հոշոտել եւ այլն, եւ այլն: Տեսե՞լ եք էդ մարդկանց գոմը, էդտեղ ութսուն հատ խոզ կտեղավորվե՞ր: Այստեղ կարող է խոսք գնալ եւ կերային, եւ ճիճվային հիվանդության մասին»,- ասաց անասնաբույժը՝ բացառելով Վրաստանից ներթափանցող աֆրիկյան ժանտախտի տարածումը: Մինչդեռ գյուղացիներից շատերը մեզ իրենց գոմ էին հրավիրում՝ ցույց տալու հիվանդ խոզերին:

Ինչպես տեղեկացանք գյուղի անասնաբույժից, խոզերի սատկելու պատճառների մասին Երեւանի կենտրոնական լաբորատորիայից դեռ պատասխան չեն ստացել, կպատասխանեն 3 օրից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել