Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ՓԱԿՈՒՄ ԵՆ

Հուլիս 25,2007 00:00

Բուժանձնակազմը համոզված է, որ հիվանդանոցի շենքին որոշ մեծահարուստներ աչք ունեն

Արդեն քանի օր է՝ Գյումրիի ամենահին՝ մարզային հիվանդանոցի բուժանձնակազմը, հիվանդներին թողած, Շիրակի մարզպետարանի առաջ բողոքի ակցիաներ է կազմակերպում: Այս մարզում սկսվել է բուժհիմնարկների օպտիմալացման 2-րդ փուլը, որով նախատեսված է այս հիվանդանոցը լուծարել՝ թերապեւտիկ, սրտաբանական բաժանմունքները միավորելով «Սամարիթեր» հիվանդանոցին, իսկ վիրաբուժական բաժանմունքը՝ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցին: Ու չնայած բուժաշխատողները օպտիմալացում կոչվող «սեւ թղթին» վաղուց էին ծանոթ, սակայն վերջիններս անչափ հուզվել էին, երբ շաբաթ օրը մարզպետարանի առողջապահության վարչությունից նրանց տեղեկացրել էին, որ երկուշաբթի օրվանից բուժհիմնարկի վարչական մասի աշխատակիցներն ու սանիտարները կրճատվելու են, իսկ մնացած բուժանձնակազմը ժամանակավորապես տեղավորվելու է «Սամարիթեր» եւ Գյուլբենկյանի հիվանդանոցներում:

«Պատկերացնո՞ւմ եք, ինչ են անում, քայքայում են քաղաքի տրադիցիոն, միակ տիպային, բազմապրոֆիլ հիվանդանոցը, որը միշտ գերծանրաբեռնված է աշխատել ու սպասարկում է ինչպես մարզի, այնպես էլ հարեւան երկրների՝ Վրաստանի, անգամ Սիրիայի ու Թուրքիայի բնակիչներին: Վստահեցնում ենք, որ մարզում այսպիսի հարմարություններով ոչ մի հիվանդանոց չեք գտնի: Այստեղ կարող են տեղավորվել 3-4 հիվանդանոց՝ իրենց բոլոր բաժանմունքներով: Ստացվում է, որ Նիկոլայ ցարը այս հիվանդանոցը հիմնելով՝ ավելի շատ էր մտածում հայ ժողովրդի մասին, քան մեր ազգադավ չինովնիկները: Ու գիտե՞ք ուր են տանում բաժանմունքները, այնպիսի հիվանդանոցներ, որոնց շենքերը ոչնչով չեն համապատասխանում պահանջվող նորմերին, երկուսն էլ ռայկոմի նախկին շենքեր են եղել: Ի՞նչ է, Գյումրին էդքան ավանի նմա՞ն է, որ էս հսկա քաղաքում ու մարզում ընդամենը մեկ վիրաբուժական հիվանդանոց են թողնում: Ենթադրենք, Աստված մի արասցե, ավտոբուս է շուռ եկել քաղաքում, էդքան տուժածներին մի հիվանդանոցում սպասարկել հնարավո՞ր է: Կամ, ասենք, ինֆեկցիա է տարածվել հիվանդանոցում, բա 2-րդ փոխարինող հիվանդանոցը չլինի՞: Հիշու՞մ եք, մի ժամանակ էլ Գյումրիի օդանավակայանն էին ուզում փակել, մինչեւ մառախուղների պատճառով օդանավերը Գյումրիում վայէջք չկատարեցին՝ չհասկացան, որ այդպես վարվել չի կարելի: Սա նույն պատմությունն է»,- «Առավոտի» հետ զրույցում վրդովված բողոքեցին բուժաշխատողները:

Բուժհիմնարկի գործադիր տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Նահապետյանն էլ կառավարության՝ օպտիմալացման վերաբերյալ որոշման առնչությամբ ասաց. «Ես չգիտեմ էս գաղափարը հիվանդանոցի այժմյա՞ն, թե՞ նախկին բաժնի վարիչին է պատկանում, բայց մի բան ակնհայտ է, որ վերեւներում սխալ է ներկայացվել, եւ որոշում կայացնողները չեն իմացել այստեղ ինչ է կատարվում: Պատճառաբանում են, թե հիվանդասենյակների առաստաղները բարձր են, դրա համար են օպտիմալացնում: Բժշկական սանիտարահիգիենիկ նորմերով պետք է հիվանդասենյակների առաստաղները ավելի բարձր լինեն, քան բնակելի տներինը: Պատճառաբանում են, թե շենքը վթարային է, այս շենքը երբեք վթարային չի եղել իր կառուցման օրվանից մինչեւ օրս: Այն երկրաշարժի ժամանակ միակն է եղել, որը ոչ մի ժամ չի դադարեցրել իր աշխատանքները»:

Ցուցարարների խոսքերով, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ «Սամարիթեր» հիվանդանոցը օրերով հոսանքազրկվել է, սակայն գյումրեցի հիվանդները դրանից չեն տուժել, նրանց անմիջապես տեղափոխել են մարզային հիվանդանոց: Մեզ հետ զրույցում բուժհիմնարկի աշխատակիցները նաեւ պատմեցին, որ վերջերս իրենց հիվանդանոց է այցելել առողջապահության նորանշանակ նախարարը, սակայն նա չի մտել վերանորոգված սենյակները, միայն շրջել է դեռեւս կարգի չբերված թերապեւտիկ բաժանմունքում: Աշխատակիցների համոզմամբ, նախարարը նման վերաբերմունքով բուժանձնակազմին հասկացրել է, որ ինքը միանգամայն կողմ է այս հիվանդանոցի օպտիմալացմանը: Թե՛ ցուցարարները, թե՛ մի շարք գյումրեցիներ հավաստիացրին, որ հարցին հրատապ լուծում չտալու դեպքում նախագահի նստավայրի առաջ հացադուլ կանեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել