Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը Ղարաբաղ էր գնացել որպես դիտորդ

Հուլիս 25,2007 00:00

Ըստ ԱԺԿ նախագահի՝ Ղարաբաղը մի քանի գլուխ բարձր է Կոսովոյից

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, որը դիտորդի կարգավիճակով մասնակցել էր հուլիսի 19-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց, որ նախանձում է Ղարաբաղի քաղաքական դաշտին: Շավարշ Քոչարյանը նշեց, որ Ղարաբաղն այսօր կայացած պետություն է՝ քաղաքացիական վերահսկողության տակ գտնվող բանակով, լուրջ իրավական համակարգով, պարբերաբար անցկացվող ընտրություններով: Ի տարբերություն, ասենք, Չեչնիայի, որը ստացավ անկախություն, բայց չկարողացավ այն պահել եւ վերածվեց դաշտային հրամանատարների երկրի, որտեղ չկա իշխանություն հասկացություն, որտեղ հրապարակներում մարդկանց մահապատժի են ենթարկում: Ղարաբաղն այս ամենի հակառակ բեւեռն է, որը, ըստ Շավարշ Քոչարյանի, եզակի է նաեւ այն առումով, որ համապատասխանում է միջազգային կառույցների եւ տարբեր պետությունների անկախությունը ճանաչելու համար սահմանված բոլոր չափանիշներին: Միջազգային կառույցները, որոնք հայտարարում են, որ չեն ճանաչում Ղարաբաղի ընտրությունը, իրականում, ըստ Շավարշ Քոչարյանի, լուրջ հետաքրքրություններ ունեն Ղարաբաղի նկատմամբ, եւ դեռ ավելին՝ «չենք ճանաչում» ասելու իներցիայի արդյունքում հայտնվել են զավեշտալի վիճակում. չեն ճանաչում, բայց հաշվի են առնում, հասկանում են եւ գնահատում: Կոսովոյի անկախությունը ճանաչելու պատրաստ միջազգային հանրությանը Շավարշ Քոչարյանն առաջարկում է զուգահեռներ անցկացնել Կոսովոյի եւ Ղարաբաղի միջեւ: Կոսովոյում խաղաղությունը պահպանվում է միջազգային ուժերի միջոցով, Ղարաբաղում նույն տեսակի խաղաղություն է, բայց չկան միջազգային ուժեր: Կոսովոյում ներքին կարգուկանոնն անգամ ապահովվում է միջազգային ուժերի մասնակցությամբ: Իսկ Ղարաբաղը ներքին կարգուկանոն ունի բացառապես սեփական ուժերով. «Ղարաբաղը մի քանի գլուխ բարձր է Կոսովոյից»,- եզրակացնում է ԱԺԿ նախագահը:

Շավարշ Քոչարյանը վստահ է, որ Ղարաբաղի նախագահի ընտրությունը երկրի անկախությունը ճանաչելու քաղաքական որոշման վրա անպայման ազդեցություն կունենա: Ղարաբաղի ընտրությունները դրական ազդեցություն կունենան նաեւ երկրի ներքին կյանքի վրա: Իբրեւ դրական օրինակ, ԱԺԿ նախագահը նշեց այն, որ Արկադի Ղուկասյանը չօգտվեց սահմանադրական փոփոխություններից եւ երրորդ անգամ չառաջադրվեց. «Սրա էությունը մենք դեռ երկար կհասկանանք, թե ինչ խորը ազդեցություն է թողնելու հայկական պետությունների վրա: Փաստորեն, եթե նույնիսկ իրավական տեսակետից հնարավորություն կար նորից առաջադրվելու, բարոյական տեսակետից այդ քայլին չդիմեց: ԱՊՀ քաղաքական դաշտում ի հայտ եկավ մի այնպիսի հասկացություն, որը մենք վաղուց մոռացել ենք՝ բարոյականություն»:

ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը, ի տարբերություն Հայաստանի նախագահի թեկնածուների, շնորհավորել է նորընտիր նախագահին եւ «աբիժնիկի» կեցվածք չի ընդունել: Շավարշ Քոչարյանը սա նույնպես նորմալ բարոյական մթնոլորտի դրսեւորում է համարում եւ հույս ունի, որ այս մթնոլորտը կտեղափոխվի նաեւ Հայաստան: Նաեւ հույս է հայտնել, որ Ղարաբաղը կկարողանա հարցի կարգավորման բանակցություններին մասնակցել որպես հակամարտող կողմ, Հայաստանը՝ որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել