Եվ այդ դրոշի ներքո, ըստ «Կովկաս» վերլուծական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի՝ քողարկվում են հանցագործությունները:
Մանվել Սարգսյանը 1992-1995-ը Հայաստանում ԼՂՀ ներկայացուցիչն էր, 2000-2005-ը՝ ԼՂՀ նախագահի խորհրդականը: Բայց ի՞նչ «սեւ կատու» էր անցել նրա եւ Արկադի Ղուկասյանի միջեւ, որ վերջերս նա իր նախկին խորհրդականի անվան հիշատակությանն արձագանքում էր բավական բորբոքված, եւ ինչո՞ւ են ԼՂՀ իշխանական հրատարակությունները Մանվել Սարգսյանին մեղադրում անգամ կառավարության դեմ դավադրության մեջ՝ հնարավոր չեղավ պարզել: Մեր զրուցակիցը չցանկացավ անդրադառնալ պատճառներին. «Նախընտրական շրջանի դրսեւորումներ են: Բացարձա՛կ ցանկություն չունեմ այդ հարցերի մասին խոսելու՝ անիմաստ է»:
Փոխարենը Մանվել Սարգսյանը մեր խնդրանքով անդրադարձավ Արկադի Ղուկասյանի այս պնդմանը. «Սեւ PR-ը, շատ կեղտոտ տեխնոլոգիաները փոխանցվել են Հայաստանից ԼՂՀ»: Ըստ «Կովկաս» կենտրոնի փորձագետի, անհրաժեշտ է փորձել հասկանալ, թե ինչ գործընթացների հետեւանք են նման հայտարարությունները. «Հետեւելով վերջին տարվա գործընթացներին՝ եկել եմ եզրակացության, որ թե՛ Հայաստանում, թե՛ ԼՂ-ում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ: Ընդհանրապես, հայկական քաղաքականության մեջ չի ծագել նման խնդիր, երբ նախագահը պաշտոնից պիտի հեռանա ըստ օրենքի: Կարծում եմ, որ այսօր ամեն ինչ պայմանավորված է այս հանգամանքով՝ խնդիրների խնդրով: Բայց պարզ է, որ ԼՂ ո՛չ իշխանությունը, ո՛չ քաղաքական ուժերը, ո՛չ էլ, առավել եւս՝ հասարակությունը պատրաստ չէին լուծելու նման բարդ քաղաքական խնդիր: Մնացածն արդեն դրա հետեւանքներն են: Եթե երկիրը պատրաստ չէ՝ բնական է, որ ստեղծվում է անորոշության ինչ-որ նյարդային վիճակ: Իսկ ԼՂ իշխանական վերնախավում, նկատել եմ, ստեղծվեց ընդհանրապես ներիշխանական սարսափի մթնոլորտ: Մարդիկ գործում էին ուղղակի ներքին վախի դրդմամբ: Ապագայի անորոշությունը դուր չի գալիս մարդկանց: Եվ այս հոգեբանական իրավիճակն էր պատճառը նկատված բոլոր բացասական երեւույթների»:
Անդրադառնալով ընտրություններին իշխանության եւ ընդդիմության միասնական թեկնածուով մասնակցելու նախաձեռնությանը՝ Մանվել Սարգսյանը նշեց. «Մինչ այսօր այդ գաղափարի հեղինակներից եւ մասնակիցներից ոչ ոք չի կարողացել որեւէ համոզիչ բացատրություն տալ, թե ընդհանրապես որտեղի՞ց էր այդ նախաձեռնությունը, եւ ի՞նչ էր դա: Խոսվում է ղարաբաղյան ֆենոմենի՜, տվյալ անձի հզոր հատկությունների՜ կամ նրա մասին, թե ազգային միասնությունը շատ ավելի կարեւոր է, քան ժողովրդավարությունը: Անհամոզիչ պատասխաններ են: Եվ, իմ կարծիքով, նման բնութագրումները որեւէ կապ չունեն այս ֆենոմենի բուն էության հետ»: Առարկեցինք՝ նկատելով, թե մեկ թեկնածուի շուրջ միավորվելու անպտուղ ջանքեր են անում նաեւ Հայաստանում, իսկ Ղարաբաղում հաջողվեց դեռ մի քայլ էլ առաջ անել: Բայց հենց այս գաղափարն իրագործվեց՝ սկսեցին վարկածներ դնել շրջանառության մեջ, թե ինչպես հնարավոր եղավ հասնել նման միասնության՝ Ստեփանակերտի ընդդիմադիր քաղաքապետին էին տարել դատախազություն, ԼՂՀ դաշնակցականների վրա էլ ճնշում էր գործադրել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը եւ այլն: Սակայն վա՞տ է արդյոք, որ դեռեւս հրադադարի պայմաններում գտնվող երկրի քաղաքական ուժերը փորձում են խուսափել ընտրությունների անխուսափելի հետեւանք պառակտումներից եւ հանդես գալ հնարավորինս համախմբված՝ մի մարդու թեկնածության շուրջ, որը ներկայացնելու է ԼՂ-ն: «Վատի ու լավի խնդիր չկա,- պատասխանեց պրն Սարգսյանը:- Ուղղակի չեմ կարծում, թե բուն ձգտումներն ու արված հայտարարությունները որեւէ կապ ունեին իրար հետ: Վերոհիշյալ բարդ խնդրի առջեւ կանգնած իշխանական վերնախավն ընդամենը փորձում էր գնալ մի ճանապարհով, որը կվերարտադրեր նույն վիճակը: Մի պաշտոնյա, որի անունը չեմ ուզում տալ, ուղղակիորեն ասաց, թե ի՞նչ է եղել. մի մարդ է փոխվում, բայց ամեն ինչ մնալու է իր տեղում: Այսինքն՝ կար այդ ձգտումը: Իսկ սա ընդհանրապես ընտրությունների բացառում էր: Եվ եթե դա էր պետք՝ ուղղակի չարժեր ընտրություն անել: Բայց եղան մարդիկ, որոնք համաձայն չէին նման ուղուն, քանի որ այդտեղ ոչ մի լավ բան ու ապագա չէին տեսնում: Մանավանդ որ՝ ոչ մի հիմք էլ չկար. բոլոր այդ ամպագոռգոռ հայտարարություններն արտաքին վտանգի, ազգային պառակտման եւ այլնի մասին՝ հորինված բաներ են: Ընտրություններն ապացուցեցին դա: Եվ կարծում եմ, որ թե՛ իշխանության, թե՛ հասարակության մեջ շատերն այս ամենն ուղղակի ընկալեցին իբրեւ ԼՂՀ-ում առկա ստագնացիայի շարունակության մի ինչ-որ մոդել, որը դժվար թե համապատասխանում է մեր պետության այսօրվա շահերին»:
Հիշեցրինք Արկադի Ղուկասյանի նաեւ այն հայտարարությունը, թե մինչ այսօր ԼՂՀ ընտրությունների վրա ստվեր նետողներն Ադրբեջանը, Թուրքիան եւ նրանց բարեկամներն էին, իսկ «այսօր մեր սեփական սեւ PR-շչիկներն են փորձում ստվեր գցել ԼՂ ընտրությունների վրա»: ԼՂՀ նախագահի նախկին խորհրդականն այս կշտամբանքին ի պատասխան՝ նշեց. «Տարիների ընթացքում ձեւավորվել է այս մթնոլորտը, եւ 2000 թվականին նույնպես ես լսել եմ կարծիքներ՝ առավելապես հայաստանյան քաղաքական գործիչներից, որ եթե Ղարաբաղում ընտրությունները կեղծվեն անգամ 100 տոկոսով ու տապալվեն՝ ոչ ոք իրավունք չունի այդ մասին խոսելու, բոլորը պիտի ասեն, որ ամեն ինչ փայլուն է, քանի որ առանց այդ էլ կան թշնամինե՜ր, մեր իրավիճակո՜ւմ… Մարդիկ գուցե ճիշտ են կամ ոչ: Սակայն կա նաեւ մեկ այլ իրողություն, որ մի ստվար զանգված սկսել է հասկանալ, թե ինչքան ձեռնտու եւ գեղեցիկ թեզ է դա՝ կարելի է անել բացահայտ հանցագործություններ ժողովրդի եւ պետության դեմ եւ ազգային միասնության, միջազգային ասպարեզում ներկայանալու եւ այլնի դրոշի տակ թույլ չտալ, որ որեւէ մեկը մատնանշի այդ հանցագործությունները: Ի՞նչն է ավելի վտանգավոր: Ես գտնում եմ, որ միանշանա՛կ շատ ավելի վտանգավոր երեւույթ է հանցագործություն կատարելը նման դրոշների ներքո: Քանի որ մատնացույց անելով չի՝ բոլորն էլ ամեն ինչ տեսնում են ու գիտեն: Խնդիրն այս է՝ իրականում մենք կարո՞ղ ենք կառուցել ժողովրդավարական պետություն, թե՞ ոչ: Վերջապես, Թուրքմենիայում, Ղազախստանում կամ նախկին Խորհրդային Միությունում էլ էին փայլուն քվեարկություններ իրականացվում՝ մի քվեաթերթիկ ավելի կամ պակաս չէր լինում, ամեն ինչ իդեալական էր: Բայց նման երկրներն այնուամենայնիվ ամբողջատիրական էին: Եվ եթե ոմանց թվում է, թե երկրում բոլորը պիտի գոռան՝ միասի՜ն, մեր նմանը չկա՜, բոլորին պիտի սովորեցնե՜նք՝ նման մարդկանց վրա ընդամենը ծիծաղում են աշխարհում»: