Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզական խճանկար

Հուլիս 24,2007 00:00

Երրորդից հետո երրորդն է

\"\"Այս օրերին Իսպանիայում ընթանում է վինդսերֆինգի աշխարհի առաջնությունը: Այն մեկնարկել է հուլիսի 20-ին եւ ավարտվելու է 27-ին: Հայաստանն այդ հեղինակավոր մրցումներում, որտեղ հանդես են գալիս աշխարհի ուժեղագույն վինդսերֆինգավարները, ներկայացնում է ֆրանսուհի Սառա Հեբերթը, որն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հանդես է գալիս մեր եռագույն դրոշի ներքո:

Երեկ վինդսերֆինգի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սմբատ Հակոբյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ Սառան, մասնակցելով սլալոմ մրցաձեւին, երեք մրցափուլից հետո ընթանում է 3-րդ տեղում:

Հայ բիլիարդիստը՝

Մոսկվայի գավաթակիր

Մոսկվայում ավարտվել է Եվրասիայի քաղաքների ռուսական բիլիարդի «Գրան պրի» շարքի մրցաշարը, որը կրում էր «Մոսկվայի գավաթ» անվանումը: Մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի բազմակի չեմպիոն Արման Բակլաչյանը: Նա եզրափակիչում 6:3 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Յարոսլավ Տարնովեցկու նկատմամբ եւ նվաճել է պատվավոր գավաթը:

Պարտություններ՝ խոշոր հաշիվներով

Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկան տղաների հավաքականն անհաջող է հանդես գալիս Սկոպյեում (Մակեդոնիա) մեկնարկած այդ տարիքային խմբի Եվրոպայի «B» խմբի առաջնության ենթախմբային մրցաշարում՝ կրելով խոշոր հաշվով պարտություններ:

Թեեւ երեկ մրցավայրից պաշտոնական արդյունքներ չկային, սակայն մեր տեղեկություններով՝ հայ բասկետբոլիստները մեկնարկային հանդիպումում 47:156 հաշվով պարտվել են Բոսնիային, այնուհետեւ 45:114 հաշվով զիջել Իռլանդիային, իսկ երրորդ խաղում տանուլ տվել Ավստրիային՝ 56:107:

Դուշան Միյիչը՝ «Արարատի» գլխավոր մարզիչ

\"\"Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում ընթացող Երեւանի «Արարատ» ակումբի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը 12-րդ տուրի հետաձգված «Բանանցի» հետ խաղից առաջ հրաժարական էր ներկայացրել: Ակումբի ղեկավարությունը բավարարել է նրա ցանկությունը՝ նրա փոխարեն թիմի ղեկը հանձնելով սերբ մասնագետ Դուշան Միյիչին: Նա աշխատել է այնպիսի թիմերում, ինչպիսիք են Բուլղարիայի «Լեւսկին», Չինաստանի «Շանհայը» եւ Սերբիայի «Վոյվոդինան»: Վերջինում Միյիչը զբաղեցրել է թիմի մարզական տնօրենի պաշտոնը:

Պորտերֆիլդը՝ «CHELSEA TV»-ի հյո՞ւր

Արտասահմանյան ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, շոտլանդացի Իան Պորտերֆիլդը հուլիսի 15-ին հյուրընկալվել է «Chelsea TV»-ին: «Կապույտների» նախկին մարզիչը հրավիրված է եղել մասնակցելու Ջեյսոն Քենդիի «Live from Stamford Bridge» հաղորդաշարին եւ ուղիղ եթերում պատասխանել է «Չելսիի» ֆուտբոլասերների հարցերին:

Ընկերոջ համար

Թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 50, 802 կգ) ճանաչված պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Հուսեյն Հուսեյնի եղբայր եւ մարզիչ Բիլլի Հուսեյնը վստահ է, որ իր սանն առանց խնդիրների կհաղթի IBF-ի վարկածով աշխարհի նորընծա չեմպիոն ֆիլիպինցի Նոնիտո Դոներին: «Հուսեյնն ունի անհրաժեշտ այն ամենը, որպեսզի հաղթի Դոներին,- ասել է Բիլլին:- Նա ցանկանում է վրեժ լուծել իր լավագույն ընկերոջ՝ Վախթանգ Դարչինյանի պարտության դիմաց: Ես ավելի քան համոզված եմ, որ Դոներն ամեն ինչով զիջում է Հուսեյն Հուսեյնին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել