Լրահոս
Օրվա լրահոսը

ՑԱԾՐ ԽԱՎԻ ԿՅԱՆՔԸ՝ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԱՐՏԻՍՏՆԵՐՈՎ

Հուլիս 24,2007 00:00

\"\"Լեոնկավալոյի «Պայացները»՝ մասնագետի մեկնաբանությամբ

Օրերս «Ա. Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ), «Հովեր», «Սպեղանի» երգչախմբերի, «ՄԻՄ ստուդիոյի» եւ մենակատարների մեկնաբանմամբ ներկայացվեց Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի համերգային կատարումը (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան, բեմադրիչ՝ Սուքիաս Թորոսյան):

«Պայացները» թվով 7-րդ օպերան է, որի մտահղացումն ու իրականացումը պատկանում է ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանին: Հիշեցնենք, որ նրա նախաձեռնությամբ վերջին տարիներին իրականացվել են Վերդիի «Օթելլո», «Աիդա», Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ», «Թիկնոցը» եւ այլ օպերաների համերգային կատարումները:

«Առավոտը» «Պայացների» առիթով մասնագետի խոսք լսելու ակնկալիքով հանդիպեց երաժշտագետ, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանի հետ: Ներկայացնում ենք նրա խոսքն առանց միջամտության:

«19-րդ դարի վերջերին Ֆրանսիայում հանդես եկած նատուրալիզմը, որի փայլուն ներկայացուցիչն էր Էմիլ Զոլան, դրսեւորվեց գրականության եւ արվեստի մյուս ոլորտներում, հետագայում իր շարունակությունն ունենալով եվրոպական այլ երկրներում: Իտալիայում այդ ուղղությունը ստացավ վերիզմ անունը: Այս ուղղության ստեղծագործողների երկերում ներկայացվում են ցածր խավի մարդկանց կյանքը, նրանց զգացմունքները, կրքերը, վերջիններիս դաժան դրսեւորումները եւ այլն: Այդպիսին է նաեւ Լեոնկավալոյի «Պայացները» (1892թ.): Կարծում եմ, լայն ընթերցողին կհետաքրքրի լիբրետտոն, որի հեղինակը հենց ինքը՝ Լեոնկավալոն է, որը ժամանակին ավարտել է Բոլոնիայի համալսարանի գրականության բաժինը՝ ստանալով գրականության դոկտորի աստիճան: Այսպես. փոքրիկ բեմահարթակի վրա պայացները (դիմակավոր մարդիկ) կատակերգություն են խաղում գյուղի բնակիչների համար: Ներկայացվող պիեսը զարմանալիորեն հիշեցնում է կյանքում քիչ առաջ կատարված դեպքերը: Կանիոն (պայացի կերպարանքով), որին մարմնավորեց Հովհաննես Այվազյանը, խանդոտ ամուսնու դերում է: Նեդդան (Անահիտ Մխիթարյան) կատարում է անհավատարիմ կնոջ դեր, Տոնիոն (Գեւորգ Հակոբյան) ծառայի դերում է, որը սիրում է իր տանտիրուհուն, բայց մերժվում է վերջինիս կողմից: Սիրեկանի դերում խմբի դերասան Բեպպեն է (Պերճ Քարազյան): Սիլվիոն (Դավիթ Բաբայանց) դիտում է այս կատակերգությունն իր համագյուղացիների շրջապատում: Ներկայացման ժամանակ մոռանալով, որ դա ընդամենը խաղ է, Կանիոն խանդի նոպայի պահին սպանում է Նեդդային եւ նրան օգնության հասած Սիլվիոյին: Իսկ ցնցված Տոնիոն հայտարարում է, որ «կատակերգությունն ավարտվել է»: Ի պատիվ բեմադրիչ Սուքիաս Թորոսյանի, ասեմ, որ բեմադրությունը այնքան էլ հեռու չէր օպերայինից, լավ էր գտնված նվագախմբին եւ երգչախմբին մեջքով կանգնած մեներգիչների պահը: Վերջիններս չընդհատելով իրենց դերասանական խաղը, հետեւում էին պարտերի մեջտեղում տեղակայված էկրանի վրա դիրիժոր Թոփչյանի «ցուցումներին»: Այսպիսով, կարծես համերգասրահն էլ էր վերածվել թատրոնի: Ըստ լիբրետտոյի, «Պայացները» թատրոն է՝ թատրոնում: Եկավ մի պահ, որ հանդիսատեսն էլ իրեն զգաց դերասանի կարգավիճակում, մասնավորապես այն ժամանակ, երբ «Սպեղանի» մանկական երգչախմբի փոքրիկ արտիստները, ըստ ռեժիսուրայի, դեպի հանդիսատեսը «խլապուշկաներ» պայթեցրին: Մեներգիչների անուններն իսկ խոսում են նրանց վարպետության մասին: Օրինակ, Անահիտ Մխիթարյան՝ փայլուն սոպրանո, ում արվեստը հայտնի է շատ երկրներում: Նա իր յուրահատուկ, միգուցե իրեն բնորոշ փափկությամբ ներկայացրեց Նեդդային: Տենոր Հովհաննես Այվազյանը (Կանիո) հուզեց իր ձայնի ճկունությամբ, տեմբրով: Նրա մենախոսությունը՝ «ծիծաղիր, պայաց…», որ ներկայացնում է սիրող ու տառապող անձի ողբերգությունը, երգչի լավագույն ինքնադրսեւորման պահերից էր: Գեւորգ Հակոբյան-Տոնիոն ստեղծեց բազմազան տրամադրություններով լի զգացմունքային աշխարհ, կերտելով ու մարմնավորելով դաժան կերպար: Դավիթ Բաբայանց-Սիլվիոն էլ գերեց ձայնի տեմբրով ու վարպետությամբ:

Ցանկալի կլիներ, որ որոշ միզանսցեններ ավելի հղկվեին, դերասանական խաղը ավելի արտահայտիչ թվար, Նեդդայի զգեստը լիներ ավելի գունեղ, թեեւ սա էլ վիճելի հարց է, որովհետեւ տարբեր երկրներում, տարբեր բեմադրիչների մեկնաբանություններով, «Պայացները» ներկայացվում է մեկ ճոխ, մեկ՝ պարզ դեկորներով ու հագուստներով, անգամ ջինսերով»,- մինի-օպերան մեկնաբանեց Նելլի Ավետիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել