Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեաս Արծրունու վերադարձը

Հուլիս 24,2007 00:00

Մեծանուն գիտնականը՝ Գերմանիայում որպես հայ ինքնության խորհրդանիշ

Հայ ակադեմիականների միության (ՀԱՄ) հրավերով վերջերս տարբեր ազգությունների ավելի քան 200 հանդիսականներ էին հավաքվել Գերմանիայի Բոխում քաղաքի Պետրի եկեղեցու հանդիսությունների դահլիճում՝ մասնակցելու հայ մեծանուն գիտնական Անդրեաս Արծրունու ծննդյան 160-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:

Արծրունյաց թագավորական տոհմի վերջին ժառանգներից Անդրեաս Արծրունին իր կյանքի մի քանի տասնամյակ անցկացրեց Գերմանիայում եւ իր անձով ու գործով բարեկամության յուրօրինակ խորհրդանիշ դարձավ հայ-գերմանական հարաբերությունների բազմադարյան պատմության մեջ։ Մեծ հայորդին դոկտորի, ապա պրոֆեսորի իր գիտական աստիճանները ստացավ Գերմանիայում, աշխատեց Ստրասբուրգի, Բրեսլաուի, Բեռլինի եւ Ախենի համալսարաններում, վարեց գիտական հեղինակավոր պաշտոններ, անդամակցեց գերմանական, ռուսական եւ իտալական գիտությունների ակադեմիաներին ու գիտական տարբեր հաստատությունների, գերմաներեն հրատարակեց մի քանի տասնյակի հասնող գիտական լուրջ ուսումնասիրություններ, բայց սերտորեն մնաց կապված իր հայրենիքին ու գիտական մեծ ներդրում ունեցավ հայրենի աշխարհագրության, հրաբխագիտության ու հանքաբանության զարգացման բնագավառներում, անգնահատելի ծառայություն մատուցեց եղբոր՝ Գրիգոր Արծրունու (նույնպես գիտական աստիճան ստացած Գերմանիայում) հիմնած «Մշակ» թերթի կայացման ու հետագա հրատարակման գործին:

Բոխում քաղաքում ՀԱՄ-ի կազմակերպած «Անդրեաս Արծրունի. Հայ- գերմանական բարեկամության խորհրդանիշ» մշակութային երեկոն հետապնդում էր երկու նպատակ: Նախ՝ վերականգնել համարյա լրիվ մոռացության մատնված գիտական հսկայի կերպարը: Արծրունու նման մարդիկ դաստիարակիչ ու ուղղություն տվող ազդեցիկ ուժ են ներառում իրենց մեջ, ու Գերմանիայում այսօր մեծացող ու ինքնության ձեւավորման բարդ ճանապարհ անցնող հայ երիտասարդ սերունդը նրանցից կարող է ազգային հպարտության զգացական մղումներ ստանալ, իսկ հայ երիտասարդ գիտնականներին նրանք այստեղ հայկական արժեքների վերաարժեւորման ու գիտական ուսումնասիրությունների հարուստ նյութ են մատակարարում: Նրանք կարեւոր գործոն են նաեւ ամրապնդելու հայ-գերմանական ակադեմիական եւ առհասարակ բարեկամական կապերը:

Գերմանիայի քաղաքային ու շրջանային թերթերում հետաքրքիր անդրադարձներ եղան երեկոյի ու Արծրունու անձի մասին, ծրագրին անդրադարձան նաեւ Գերմանիայում 100-ից ավելի ռուսալեզու թերթերի առաջամարտիկ «Ռեյնսկայա գազետա» օրաթերթն ու Թուրքիայից այստեղ լայնորեն առաքվող «Ակոս» շաբաթաթերթը: Ծրագրի համերգային մասի նպատակն էր, որը հաջորդեց տողերիս հեղինակի՝ Անդրեաս Արծրունու կյանքի ու գիտական ժառանգության մասին բանախոսությանն ու Գերմանա-հայկական ընկերության նախագահուհի Էլվիրա Ռայթի ողջույնի խոսքին, հնարավորինս լայն ներկայացնել հայ երաժշտական արվեստը:

Կատարվեցին վերջին 1000-ամյակի հայ երաժշտական արվեստի բազմաթիվ գործեր, այդ թվում՝ Նարեկացու, Սայաթ-Նովայի, Տիգրան Չուխաջյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Արտեմի Այվազյանի, Աշոտ Սաթյանի, Վլադիլեն Բալյանի, Ալեքսանդր Չաուշյանի, Յուրի Ղազարյանի եւ այլոց ստեղծագործությունները, ընդհանուր թվով՝ 15 հայ կոմպոզիտորի 32 գործ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել