Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Հուլիս 24,2007 00:00

\"\"Առարկայական հանձնաժողովների նախագահներն այս տարի նման տպավորություն են ստացել դիմորդներից

Երեկ ընդունելության քննությունների 4-րդ օրն էր: Մինչ այժմ ինչպես բոլոր առարկաների գծով քննություններից, այնպես էլ հայ ժողովրդի պատմություն եւ հայ գրականություն առարկաներից գրանցվել են միջին գնահատականներ: Հայ ժողովրդի պատմության առարկայական հանձնաժողովի նախագահ Էդիկ Գեւորգյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ նախորդ 4 օրերի ընթացքում պատմության քննություն է հանձնել 280 դիմորդ, բացակայել է 44-ը: «Անբավարար» է ստացել ներկայացածների 22-23%-ը, իսկ ամենաբարձր գնահատականը՝ դեռեւս 18.5 միավորն է: «Առաջին օրը թվում էր, որ դիմորդների մակարդակը նույնն է, ինչ անցյալ տարի: Բայց մի քանի օր անց նկատելի է, որ այս տարվա դիմորդներն ավելի լավ են պատրաստված, քանի որ համեմատաբար ավելացել է 15-16 միավոր ստացողների թիվը»,- նկատեց Է. Գեւորգյանը: Հայ ժողովրդի պատմության հարցաշարերում փոփոխություններ չկան: Է. Գեւորգյանի տեղեկացմամբ՝ նորամուծությունները գնահատման չափանիշների մեջ են: «Եթե 2004-2006 թվականներին յուրաքանչյուր ենթահարց գնահատվում էր առանձին, ապա այս տարի հարցը գնահատվում է ընդհանուր: Եթե նախկինում երեխան մի ենթահարցի մեջ թեթեւ անճշտություն էր թույլ տալիս, անպայման 0.5 միավոր հանում էինք, իսկ այժմ՝ նա կարող է մեկ բացթողում եւ 2 անճշտություն ունենալ, բայց կորցնել ընդամենը 0.5 միավոր: Անթերի պատասխանած 2 ենթահարցերի համար դիմորդը ստանում է 3.5 միավոր՝ նախկին 3-ի փոխարեն»: Այս քննության գնահատման չափանիշների հետ կապված ծնողներն ունեին որոշ դժգոհություններ: «Չնայած աղջիկս անցյալ տարի պատմության քննությունից 17.5 միավոր էր ստացել, այնուամենայնիվ, վերցրինք գրավորը: Ու նկատեցինք, որ ուղղվել էին այն նախադասությունները, որոնք դասագրքից վերցված չէին: Նույնիսկ բացթողնված շաղկապներն էին ավելացրել՝ համապատասխանեցնելով գրքին: Այնպես որ, տող առ տող գրքով էին ստուգել»,- պատմեց ծնող Սուսաննա Բաղդասարյանը: Մեկ ուրիշն էլ ավելացրեց. «Ստուգման ժամանակ ճիշտ կանեն դիմորդի մտքին ուշադրություն դարձնեն, ոչ թե նրան, թե ինչպես է գիրքն անգիր արել»: Այս կապակցությամբ Է. Գեւորգյանն ասաց. «Գուցե առաջներում գրքով ստուգել են, ես ինքս չեմ ուզում հավատալ: Մարդիկ զավեշտի վերածեցին՝ ասելով, որ, օրինակ, դիմորդը զորք է գրել, մինչդեռ դասագրքում բանակ է եղել ու իբր այդ պատճառով է միավոր կորցրել: Վերջին երկու տարիներին արել ենք ամեն ինչ, որ դիմորդի գիտելիքը ստուգվի բովանդակային՝ պատմության իմացության առումով»: Հանձնաժողովի նախագահը հավաստիացրեց, որ ինքը որեւէ դիմորդից միավոր չի կորզի, եթե նա նշած չլինի տվյալ գրողի ծննդյան ու մահվան տարեթվերը. «Օրինակ՝ եթե դիմորդը ծանոթ է Հովհաննես Թումանյանի ստեղծագործությանը, գիտի, թե ով է նա ու եթե այս պահին այդ տարեթվերը չի հիշում, որեւէ մեկը բարոյական իրավունք չունի դիմորդից միավոր կորզել»: Պարզեցինք, որ դիմորդները «հեղափոխական» չեն. լավ չեն յուրացնում հեղափոխությունների մասին նյութերը, սոցիալ-տնտեսական հարցերը: Փոխարենը՝ սիրում են պարծենալ Տիգրան Մեծով, Արտաշես արքայով եւ համեմատաբար լավ են տիրապետում հայոց պատմության հին եւ միջին դարերի նյութին: Ինչ-ինչ հարցերից դիմորդների դժվարանալը ծնողներից Նորա Ասատրյանն այսպես բացատրեց. «4 գրքի նյութը երեխան 4 ժամվա մեջ չի կարող վերլուծել եւ հստակ պատասխանել հարցերին: Լավ կլիներ, որ այս քննությունն էլ թեստերի միջոցով հանձնեին»:

Մինչ այժմ հայ ժողովրդի պատմությունից միայն հուլիսի 22-ին է բողոքարկում անցկացվել: 7 դիմողներից ոչ մեկի գնահատականը չի փոփոխվել:

Երեկվա դրությամբ՝ հայոց լեզու եւ գրականություն առարկայից գրանցվել է ընդամենը երկու «18» միավոր, մեծ է «անբավարարների» թիվը, գերիշխում են միջին գնահատականները: Այս տարվանից ծնողները հնարավորություն ունեն մոնիտորով հետեւել բանավոր քննությանը ոչ միայն պատկերով, այլեւ ձայնով: Սակայն կրկին կան դժգոհություններ. «Միկրոֆոնը հեռու է դրված, հազիվ ենք լսում ձայները, մանավանդ սպասասրահի այս աղմուկի մեջ»,- դժգոհեց ծնող Աշոտ Յայլոյանը: Տնտեսագիտական համալսարանի պատասխանատու քարտուղարի տեղակալ Մերի Բադալյանը պարզաբանեց. «Նախարարությունը միկրոֆոնները տեղադրել է, նա էլ պատասխանատու է: Շուտով նրանց մասնագետները կգան եւ կվերացնեն անսարքությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել